HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շիկահող» արգելոցի տարածքում դեռ հրդեհի օջախներ կան

Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ առավոտյան 10:05-ին ահազանգ է ստացվել Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհի մասին:

Ըստ հաղորդագրության՝ խոտածածակ տարածքի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ոչ միայն հրշեջ-փրկարարներն (երկու մարտական հաշվարկ) ու օպերատիվ խումբը, այլեւ 55 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 25 եւ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 37 աշխատակից: Վերջիններիս ջանքերով կանխվել է հրդեհի տարածման վտանգը, այն մեկուսացվել է 20:40-ին, սահմանվել է հերթապահություն:

Այսօր ԱԻՆ-ը հաղորդեց, որ 06:30-ից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դրանց մասնակցում են 45 փրկարար, 5 լեռնափրկարար, 26 զինծառայող:

«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Հետքի» աղբյուրն այսօր մեզ հայտնեց, որ հրդեհը բռնկվել է երեկ առավոտյան՝ ժամը 09:10-ի հատվածում, Ծավ գյուղից 3 կմ հեռավորության վրա՝ դեպի Ներքին Հանդ տանող տարածքում, որն ընդգրկում է ոչ միայն այս ՊՈԱԿ-ին ենթակա «Շիկահող» արգելոցի, այլեւ «Հայանտառի» հողերը: Ըստ աղբյուրի՝ արգելոցի տարածքում դեռեւս կրակի օջախներ կան, հերթապահություն է նշանակվել, քանի որ հրդեհի վտանգն ամբողջությամբ չի անցել:

ՊՈԱԿ-ի աշխատակիցը նաեւ փոխանցեց, որ հրդեհի տարածքում հիմնականում կաղնի, հացենի, բոխի ծառատեսակներ են:

Հրդեհի առաջացման վերաբերյալ Ծավ գյուղում տարբեր կարծիքներ կան: Ըստ մի տեսակետի՝ այն բռնկվել է պատահական՝ չմարված ծխախոտի պատճառով, կարծիք էլ կա, որ դա դիտավորության հետեւանք է, քանի որ գյուղացիներին թույլ չեն տալիս վառելափայտ հանել անտառից: Նշենք, որ Ծավ գյուղը շրջապատված է «Շիկահող» արգելոցի ու «Հայանտառի» անտառներով:

Այս ամենին զուգահեռ՝ ԱԻՆ-ը քիչ առաջ հայտնեց, որ այսօր՝ ժամը 12:10-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Լուսանկարում՝ Ծավ գյուղը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter