HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հապաղումը կարող է մարդկային կյանքեր խլել

Ճամբարակի վարչատարածքի 5 գյուղեր սողանքային գոտում են

Այգուտի համայնքապետ Հենրիկ Գաբրիելյանի տունը Ճամբարակի վարչատարածքում սողանքներից վթարային դարձած ամենահայտնի տունն է դարձել վերջին երկու տարում: Նրա ընտանիքն այս տանն ապրել է շուրջ տասը տարի: Իսկ 1 տարի առաջ բնակիչները հարկադրված լքել են այն: Հենրիկ Գաբրիելյանի ընտանիքը բռնագաղթել է Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից: «Չարդախլու գյուղում էլ մեծ, երկհարկանի տուն ենք ունեցել,-պատմում է կինը՝ տիկին Սեդան,-ավելի ընդարձակ ու գեղեցիկ: Դատարկ դուրս ենք եկել, եկել ենք Հայաստան ու անգամ մի բաժակ չենք ունեցել: Նորից տուն-տեղ ենք դրել, բայց... Ի՞նչ ասենք, տեսնում եք, էլի...»:

Ապաստանելով Այգուտ գյուղում՝ Հենրիկ Գաբրիելյանը նոր երկհարկանի տուն է կառուցել՝ քարաշեն, ամուր եւ ընդարձակ: Սակայն 2004թ. նոյեմբերից տունը սկսել է ճաքեր տալ, որոնք աստիճանաբար խորացել են՝ կյանքի համար այլեւս վտանգավոր դարձնելով այնտեղ ապրելը: Ամիսներ առաջ վերանորոգել էին տան առաջին հարկաբաժինը, սակայն աղետն ի չիք դարձրեց կատարված աշխատանքը: 2005թ. տան բակում, քանդվող տան դեմ-հանդիման, վագոն-տնակ են տեղադրել եւ տեղափոխվել են այնտեղ՝ աչքի առաջ ունենալով արդեն անտերունչ ու քայքայվող իրենց տունը՝ կառուցված հայրենի հողում: Իսկ մեր այցելության օրը՝ հունիսի 30-ին, Հենրիկ Գաբրիելյանն արդեն որոշել էր քանդել մի կողմի վրա թեքված, երերուն ու փլուզման դատապարտված իր տունը: Տանտիկնոջ յուրաքանչյուր խոսքը խեղդվում է կոկորդում. «Ամաչում ենք մեկին տուն հրավիրենք, բա սա տու՞ն է»,-ասում է նա՝ նկատի ունենալով իրենց ներկա կացարան վագոն-տնակը:

Այգուտը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի վարչատարածքի 5 գյուղերից մեկն է, որտեղ սողանքները վերջին երկու տարում հասցրել են տալ ամենամեծ վնասները: Համայնքապետի տունն այդ վնասների կիզակետն է. սողանքի «խառնարանն» ասես հենց այս տան տակով է անցնում: «Տնամերձը ջրելիս ջուրն ասես անհետանում է գետնի տակ: Թվում է, թե գետնի տակից ջուրը գողանում են,-իր դիտարկումներն է ներկայացնում տիկին Սեդան:-Երբ լոբու փայտաձողը մտցնում եմ այգում բացված ճեղքի մեջ, 2 մետր խորությամբ առաջ է գնում»:

Համայնքի 152 բնակելի շենքեր ու շինություններ տարբեր աստիճանի վթարայնություն ունեն, բնակության համար դարձել են խիստ վտանգավոր եւ ոչ պիտանի: Գյուղում 10-15 ընտանիքներ արդեն լքել են իրենց բնակարանները՝ ապաստանելով հարազատների կամ ծանոթների ազատ տներում: Սակայն նրանցից եւ ոչ մեկը ներկա պահին անօթեւանի կարգավիճակ չունի: Այլընտրանք չունեցող եւ իրենց տները դեռեւս չլքած ընտանիքներն ապրում են տագնապահար՝ քնելով եւ արթնանալով վախը սրտներում եւ ամեն րոպե սպասելով ակնհայտորեն զարգացող աղետին: Կան նաեւ այնպիսի ընտանիքներ, որ գիշերը «հերթապահող» են թողնում. մեկը հսկում է, մյուսները քնում են: Մի տեսակ զինծառայության մեջ են:

«Ամեն ինչ կառուցել ենք, նորոգել՝ մարագ, արհեստանոց, գոմ, բայց վախենում ենք, էլ ոչինչ չենք անում, վախենում ենք, որ հաջորդ օրը ստիպված լքելու ենք մեր տունուտեղը»,-տան բոլոր անկյունները մեկ-մեկ ցուցադրում ու պատմում է համայնքի մեկ այլ բնակիչ՝ Միշա Կարապետյանը: Նրա հարեւանը՝ Ասրյան Նորայրը, 2 տարի առաջ գնել է թաղի ամենալավ տունը' վճարելով տան արժեքի կեսը՝ 1000 ԱՄՆ դոլար նախավճարը: Սակայն' առանց նոտարական ձեւակերպման (գյուղերում տան առուվաճառքի այս տարբերակը շատ տարածված է): Այդքան էլ դեռ պետք է վճարեն, սակայն արդեն ոչ թե տան, այլ իրենից վտանգ ներկայացնող մի շինության համար, որն օրեցօր քանդվում ու քայքայվում է: Տան «իրավաբանական» տերը պահանջում է գումարի մյուս կեսը, իսկ «փաստացի» տերը հրաժարվում է վճարել: Ու վեճը երկարաձգվում է...

Անժամկետ ֆորս-մաժորի դատապարտված եւ արդեն փախստականի ճակատագիր ճաշակած մարդիկ չգիտեն՝ այս անգամ ու՞ր գնալ, ինչպե՞ս պատսպարվել: Իսկ վտանգը գնալով դառնում է տագնապալի իր անկանխատեսելիությամբ: Բնակելի տներին ամեն րոպե լուրջ վտանգ է սպառնում: Գյուղական բնակավայրերի տներն էլ հիմնականում հողաշեն են, հին, ուստի ավելի դյուրաբեկ են սողանքներին դիմակայելիս: «Բարձրաստիճան պաշտոնյայի պետական միջոցներով գնած մի ջիպը 70 հազար դոլար արժի: Քանի՞ ժամանակավոր կացարան կարելի է գնել այդ գումարով»,-զարմանում ու զայրանում է Այգուտի համայնքապետը: Մինչդեռ օրական մի տուն է քանդվում: Դիմել ու դիմում են շարունակաբար, դիմում են բոլոր ղեկավարներին եւ իրավասու կառույցներին, սակայն «ոչ մի տեղեկություն, ոչ մի լուր չենք ստանում»,-հավաստում է համայնքապետը: Համայնքի բնակիչներն էլ ամեն օր տեղական իշխանություններին են դիմում, սպասում են աջակցության եւ իրենց վիճակի կարգավորմանը:

Այգուտի վիճակը հայտնի է բոլոր իրավասու կառույցներին: «Տեսե՞լ եք Այգուտի վիճակը, գյուղապետի տունը»,-հարցնում է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանը: Սողանքների վերաբերյալ ահազանգերը վարչության աշխատանքի մշտական մասն են դարձել: Հաճախակի դիմում են վերադաս օղակներին, առաջարկություններ են ներկայացնում, սակայն այս տարածքում ապրող մարդիկ դեռեւս պետական որեւէ աջակցություն չեն ստացել: Իսկ 1999թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից ընդունված «Վտանգավոր տարածքից բնակչության տարհանման կարգը հաստատելու մասին» թիվ 746 որոշմամբ նախատեսվում է սողանքների հետեւանքով առաջացած տարածքներից բնակչության տարհանում:

Հետաքրքրիրն այն է, որ մի կողմից՝ Այգուտում սողանքներն իրենց ավերիչ գործն են տեսնում, իսկ մյուս կողմից՝ համայնքը զարգանում է: Գյուղը վերաբնակեցվել է 1988 թվականին, հիմնականում Ադրբեջանի Շամխորի շրջանից բռնագաղթած հայերով: Ներկայումս ունի 1052 բնակիչ, շուրջ 300 տնտեսություն: Համայնքի վարչական տարածքը կազմում է 3579 հեկտար: Վերջին տարիներին կտրուկ աճել է դպրոցի աշակերտների քանակը՝ 100 աշակերտից դառնալով 230: Դրանով պայմանավորված՝ հանրապետության նախագահի 2003թ. մայիսի 17-ի կարգադրությամբ 2004թ.-ից սկսվել է Այգուտի դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը, որտեղ աշակերտները հավանաբար կսկսեն ուսանել նոր ուսումնական տարում: Սկսվել է նաեւ համայնքի գազաֆիկացումը, եւ արդեն գազ սպառող տասը բաժանորդ ունի Այգուտը:

Մինչդեռ սողանքների պատճառով եւ հետեւանքով առաջացած խնդիրները վտանգում եւ կասեցնում են այն առաջընթացը, որն ուրվագծվում է Այգուտ համայնքի եւ Այգուտի բնակչի համար:

Մի կողմից՝ վերանորոգվում են համայնքի խմելու ջրամբարները, մյուս կողմից՝ սողանքների պատճառով ջրի խողովակներն անջատվում են միմյանցից՝ բազմաթիվ տնտեսությունների զրկելով խմելու ջրից: Հավանաբար հենց այդ պատճառով խմելու ջրի բաղադրությունը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Համայնքի բնակիչները հավաստում են, որ հատկապես կանանց շրջանում շատ տարածված են դարձել հոդացավային հիվանդությունները, իսկ բնակիչների գերակշիռ մասը տառապում է լնդային հիվանդություններից:

Ճամբարակի տարածքում սողանքային երեւույթներն ի հայտ են եկել վերջին 20 տարվա ընթացքում՝ ընդգրկելով շուրջ 400 հա ընդհանուր մակերես: Սողանքային քարտեզը ներկայումս ներառում է Այգուտ, Դպրաբակ, Կալավան, Ձորավանք եւ Մարտունի համայնքները: Ոչ վաղ անցյալում' նախորդ հարյուրամյակի 80-ական թվականներին, սողանքային երեւույթներն ակտիվացել են Մարտունի գյուղում, որի արդյունքում Գյոլ թաղամասի բնակիչներին տարհանել եւ տեղափոխել են նույն գյուղի մեկ այլ տարածք: Այս նոր թաղամասում պետության կողմից կառուցվել են տներ, սակայն ներկայումս այս թաղամասի շինությունները նույնպես վնասվել են սողանքներից:

Այգուտ, Դպրաբակ, Կալավան, Ձորավանք եւ Մարտունի համայնքների սողանքների առնչությամբ 1995թ.-ին կատարվել են ինժեներահետազննական, նախագծային եւ նախնական հետազոտություններ հետագա աշխատանքների ծրագրեր կազմելու նպատակով: Գնահատվել են սողանքային քարտեզները, չափագրվել եւ որոշվել են սողանքներից տուժած շենքերի եւ շինությունների եւ դրանց վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների քանակը: Գնահատվել են, չափագրվել, որոշվել ու մնացել են թղթի վրա՝ ապարդյուն դարձնելով նաեւ ուսումնասիրությունների համար կատարված ծախսերը եւ աշխատանքը:

1998թ. նոյեմբերի ՀՀ կառավարության թիվ 730 որոշմամբ վերը նշված գյուղերի բնակելի տների տեխնիկական վիճակն ուսումնասիրելու համար Գեղարքունիքի մարզպետարանին հատկացվել է 3 մլն դրամ: Կատարված ուսումնասիրության հաշվետվությամբ այս բնակավայրերում «ակտիվորեն գործող սողանքային երեւույթների հիմնական պատճառներն են համարվում՝

- մեծ հզորության փխրուն, թույլ գրունտների առկայությունը,

- սողանքային մարմինների սահմաններում լանջերի մեծ թեքությունները,

- մակերեսային եւ խորքային ջրերի ներգործությունը,

- բնակիչների ոչ ճիշտ միջամտությունը ռելիեֆի ժամանակակից ձեւավորման ուղղությամբ»:

Գրավիտացիոն գործընթացների մեծ ակտիվությունը կապված է նաեւ վերջին տարիներին կատարված ապօրինի զանգվածային անտառահատումների հետ, քանի որ, ոչ մասնագիտական բացատրությամբ, ծառերի արմատները ստորգետնյա ջրերի համար' պոմպի, իսկ հողաշերտերի համար կարկասի (հիմնակմախքի) դեր են կատարում: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դ. Հովհաննիսյանը, չվիճարկելով այս համատարած կարծիքը, նշում է, որ անտառահատումները կարող են ինչպես նպաստել, այնպես էլ կանխել սողանքները: Նրա կարծիքով՝ Ճամբարակի վարչատարածքում սողանքներն առաջացել են տնամերձերը ոռոգելու հետեւանքով, քանի որ նախկինում այս բնակավայրերում ապրել են ադրբեջանցիներ, զբաղվել են հիմնականում անասնապահությամբ, եւ տնամերձ հողամասեր չեն մշակել: Իսկ Մարտունու գյուղապետարանի քարտուղար Արմեն Համբարձումյանը մեկ այլ պատճառ է հավելում՝ կոյուղու բացակայությունը գյուղերում, որի պատճառով գյուղական մեծ հորեր ունեցող արտաքնոցների կեղտաջրերը կրկին միանում են ստորգետնյա ջրերին եւ ակտիվացնում են առանց այդ էլ առկա լարվածությունը:

Նախորդ տարում Մարտունի գյուղում ուսումնասիրություններ են կատարվել «ՀՀ սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում՝ Ճապոնիայի կառավարության միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ: Ներկա պահին վերստին մշտական ռեժիմային դիտարկումներ են կատարվում Մարտունի գյուղի տարածքում տեղադրված համապատասխան սարքավորումների միջոցով, որոնցից մեկն այս գարնանը խափանվել է տեղակայված տարածքում հողի սահքի պատճառով:

Այգուտ, Դպրաբակ, Կալավան, Ձորավանք եւ Մարտունի համայնքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել, իսկ սողանքների պատճառած վնասները, ըստ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության հաշվարկների, ավելացել են 10 անգամ: Նկատի ունենալով նոր սողանքային երեւույթները՝ վարչությունը վերջին ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ կառավարությանը առաջարկել է՝

ա) միջոցներ հատկացնել լրացուցիչ ուսումնասիրության համար,

բ) ուսումնասիրող կազմակերպության կողմից ներկայացնել առաջարկություններ առանձին բնակավայրերի, թաղամասերի հետագա ճակատագրի վերաբերյալ,

գ) բնակավայրերի սողանքաանվտանգ տարածքներում հատկացնել հողատարածքներ ժամանակավոր կացարաններ տեղադրելու համար,

դ) տուժած ընտանիքներին հատկացնել ժամանակավոր կացարաններ:

Հավանաբար, այս առաջարկին նույնպես սպասում է նախորդների ճակատագիրը... Իսկ եթե, բարեբախտաբար, առաջարկը գործ դառնա, ապա մի մասով՝ վերստին ուսումնասիրության իրականացում: Ինքնաբերաբար հարց է ծագում՝ որքանո՞վ են նպատակային այս ուսումնասիրությունները, եթե դրանց չեն հետեւում համարժեք վերականգնողական կամ այլ բնույթի աշխատանքներ: Թե՞ սպասում ենք դժբախտ պատահարի, որին կհետեւի ոչ թե համակարգված եւ գրագետ արձագանքը, այլ' անհատական աջակցության միանվագ եւ հապճեպ մոտեցումը:

Լուսինե Թոփլաղալցյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter