
ՊԵԿ-ը Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով մի շարք փաստաթղթեր է տրամադրել ԱԱԾ-ին
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայությունը փաստաթղթեր է պահանջել Պետական եկամուտների կոմիտեից, որոնք տրամադրվել են: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Վերջինիս խոսքից պարզ դարձավ, որ ենթադրյալ չարաշահումներ եղել են ոչ միայն ՊԵԿ-ում, այլ նաև Ֆինանսների նախարարությունում:
Մասնավորապես՝ երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Անանյա՞նն է ԱԱԾ-ին տրամադրել Գագիկ Խաչատրյանի գործին առնչվող տեղեկությունները, ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ ո՞վ ասաց: Լրագրողները հիշեցրին, որ ենթադրյալ հանցագործությունը, որը քննվում է ԱԱԾ-ում, տեղի է ունեցել ՊԵԿ-ում:
«Էլ որտե՞ղ է եղել, Ֆինանսների նախարարությունում էլ է եղել»,- հավելեց Դավիթ Անանյանը: Հարցին, թե Ֆինանսների նախարարությունում ի՞նչ է եղել, Անանյանը չպատասխանեց:
Նշենք, որ ըստ նախնական տվյալների՝ Գագիկ Խաչատրյանին վերագրվող արարքներից մեկը վերաբերում է ՊԵԿ-ում աշխատակիցներ գրանցելուն, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն աշխատավարձ են ստացել:
Մեր հարցին՝ ԱԱԾ-ն ՊԵԿ-ից պահանջե՞լ է Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին ՊԵԿ-ում աշխատող անձանց անունները, Անանյանը չպատասխանեց՝ նշելով, որ չի կարող տրամադրել նման տվյալներ:
«Ես հիմա ձեզ հո չե՞մ ասելու, թե ինչ փաստաթղթեր են տրամադրվել: Նախաքննության գաղտնիության սկզբունք կա»,- ասաց Դավիթ Անանյանը:
«ԱԱԾ-ի քննչական գործողություններ իրականացնող մարմինը հավանաբար շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ձեռք են բերել որոշակի փաստաթղթեր, այդ թվում՝ ՊԵԿ-ից։ Եվ այդ փաստաթղթերի, վկաների և տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել է ինչ-որ եզրահանգման և մեղադրանք է առաջադրել»,- ասաց Անանյանը։
Հիշեցնենք, որ Ազգային Անվտանգության ծառայությունը օգոստոսի 27-ին ձերբակալել է Գագիկ Խաչատրյանին ու վերջինիս եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել. Գագիկ Խաչատրյանին պաշտոնեկան դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու, իսկ Կարեն Խաչատրյանին՝ միայն առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գագիկ և Կարեն Խաչատրյաններին կալանավորելու վերաբերյալ: Միջնորդությունները դեռևս չեն քննվել:
Դավիթ Անանյանի հետ լրագրողների զրույցը՝ տեսանյութում:
Մեկնաբանել