
Հարբեցողը, կաշառքն ու Հրազդանի ընտրությունները
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը պատմեց կաշառքի մի դեպք, որին ականատես է եղել փետրվարի 12-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ:
Նրա խոսքերով՝ Հրազադանի վերընտրված քաղաքապետի՝ Արամ Դանիելյանի երկու վստահված անձինք, ովքեր չէին կրում վկայական (բեյջ), անընդհատ ինչ-որ մարդկանց էին բերում տեղամաս, այնուհետև ճանապարհում նրանց: Հերթական անգամ Ա. Մանուկյանը դուրս է եկել նրանց հետևից և տեսել, որ նրանք սակարկում են մի հարբեցողի հետ՝ 3500 և 5000 դրամի շուրջ:
Ա. Մանուկյանը նրանց տեսել է փողը տալու պահին, վստահված անձինք փախել են, իսկ Մանուկյանը հարբեցողին բերել է տեղամաս: Վերջինս սկսել է գոռալ, որ իրենց փող չեն տվել, ինքը կաշառք չի վերցրել, իսկ իր ձեռքի դրամը իր վաստակած գումարն է:
Ա. Մանուկյանը հրահանգել է ձեռք չտալ այդ գումարին, քանի որ դրա վրա առկա են թե գումար տվողի, թե վերցնողի մատնահետքերը: Նրա խոսքերով՝ սկզբում հանձանաժողովի նախագահը չէր ցանկանում ոստիկան հրավիրել, իսկ երբ մեկ ժամ անց եկել է ոստիկանապետը, նա էլ չէր ցանակնում գործն արձանագրել: Այդ ընթացքում հայտնաբերվել է, որ գումարը չկա, այսինքն՝ Ա. Մանուկյանի խոսքերով՝ այդ մարդը կերել է թղթադրամը:
Ա. Մանուկյանը նշեց, որ իրենց մոտ կա այն ձայնագրությունը, որտեղ այդ մարդը ժխտում է, որ դա իր գումարն է, դա կցված է հարուցված գործին: Սակայն նրա խոսքերով՝ շատ դժվար է ապացուցել կաշառքի դեպքը: Անգամ եթե այդ դեպքն ապացուցվի, Ա. Մանուկյանի խոսքերով՝ իշխանությունները կնշեն, որ մի քանի հոգին չէին կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա:
Վերջինս հավելեց, որ այդ մարդը դրանից առաջ փողի մի մասը ստանալուց հետո գնացել էր և խմել, այդ պատճառով էլ երկրորդ անգամ գալով՝ «անզգույշ էր աշխատում»: Սակայն, իրականում, Ա. Մանուկյանի խոսքերով՝ նա զոհ էր, ոչ թե հանցագործ: Սովի պատճառով նա և նրա նմանները նվաստանում են, քաղաքացին նրանց մեջ մեռած է:
«Թիրախը նա չէ, ով վերցնում է, այլ նա, ով ստեղծում է այդ իրավիճակը»,- հավելեց Ա. Մանուկյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել