HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերադարձ դեպի ապագա

«1987 թվական: Ես հրավիրված եմ թատրոնի միջազգային փառատոնի Ստամբուլում, ընդամենը մի քանի օրով: Դա առաջին անգամն է: Ստամբուլ, այն նույն քաղաքը, որ պապս Պոլիս էր կոչում, այսինքն' քաղաքների քաղաք: Զինվորական կառավարությունը նոր միայն իշխանությունը զիջել է նորընտիր կառավարությանը, եւ Եվրոպայի խորհուրդը հենց նոր ճանաչել է Հայաստանի ցեղասպանությունը: Սոլոցը ծվարած է ինչ-որ տեղ' Բուրսա քաղաքի եւ Իզնիկ լճի միջեւ, Մարմարա ծովի մյուս ափին: Ես չեմ կարողանում այն տեղայնացնել քարտեզի վրա: Կամ հուզմունքից տեսողությունս եմ կորցրել, կամ էլ գյուղն իսկապես գոյություն չունի: Ես ուզում եմ տեսնել Ավետիսի Սոլոցը: Բայց ինչպե՞ս..».

Թուրքիայի Սոլոց գյուղի փոքրիկ հրապարակում շարված են հայկական տապանաքարերը, որոնց մասին նրան բազմիցս պատմել է պապը: Տապանաքարերի վրա փորագրված գրությունները պարզապես տապանագրեր չեն, այլ ամբողջ պոեմներ՝ կարճ, միամիտ, այստեղ երբեմնի բնակվող ժողովրդի մշակույթի լուռ մնացորդներ:

Չնայած տեսախցիկը նրա ուսին է՝ նա լրագրողական կամ ռեժիսորական հետաքննության համար չէ այստեղ, պարզապես եկել է այս գյուղ իր պապի հետքերով, ում տասնչորս տարեկանում օսմանյան կառավարությունը մնացած բնակչության հետ արտաքսել է գյուղից եւ քշել Դեր Զոր:

Բայց արի, բացատրիր դա բեղավոր, լուռ գյուղապետին, ով պնդում է, որ այս քարերի այստեղ գտնվելը պարզապես խայտառակություն է եւ խստիվ արգելում է նկարահանումները:

Նա, այնուամենայնիվ, հաջողացնում է պահպանել արդեն նկարած կադրերը: Վերադառնում է Ֆրանսիա:

Հաջորդ այցը Սոլոց տեղի է ունենում տասնվեց տարի անց, 2003 թվականին:

«Երկար տարիներ ես շատ հազվադեպ եմ նայել 1987-ի այդ պատկերներին եւ շատ հաճախ խոսել իմ անավարտ ճանապարհորդության մասին դեպի Սոլոց գյուղ: Ժոզեի (ինձ ուղեկցող լուսանկարիչը) լուսանկարները պիտի գիրք դառնային, բայց այդ ծրագիրը այդպես էլ չիրագործված մնաց:

2003 թվականի հոկտեմբերին ֆիլմերիցս մեկի' «Երկար գծի» շնորհիվ ինձ հրավիրում են Եվրոպական կինոյի փառատոնի Բուրսայում: Այս ճանապարհորդությունը կարծես մի իսկական ընծա է ինձ համար: Սոլոց վերադառնալու մի նոր առիթ. վերադարձ, որն ինձ ուղղակի անխուսափելի է թվում»:

Նա հանդիպում է նույն մարդկանց, նրան ճանաչում են, պատմում են իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Ոմանք արդեն չկան: Գյուղապետը փոխվել է:

Փոքրիկ հրապարակում տապանաքարերն այլեւս չկան: Մի երիտասարդ ասում է, որ դրանք տեղափոխել է ժամանակավոր թանգարան, մտադիր է մշտական թանգարան կառուցել դրանց համար եւ դրանով նպաստել զբոսաշրջության զարգացմանը գյուղում:

Երրորդ վերադարձը տեղի է ունենում 2005 թվականին:

«Այս անգամ մենք վերադառնում ենք այն ժամանակ, երբ Եվրոպայի խորհուրդը իր խոսքը պիտի ասի Թուրքիայի' Եվրամիություն մուտք գործելու շուրջ ընթացող բանակցությունների մասին: Անկարայի վերին ատյանները ձգձգում են գործը եւ չեն ուզում մեզ նկարահանելու թույլտվություն տալ: Ձգտել երկխոսության հայերի եւ թուրքերի միջեւ' դեռեւս շատ նուրբ եւ վտանգված դիրքորոշում է մնում այսօր: Իմ պապը երբեք չէր կարող պատկերացնել անգամ, որ իր թոռնիկը օրերից մի օր կվճռեր պատմել իր գյուղի պատմությունը»:

Նա կրկին հանդիպում է գյուղապետին, ով վերընտրվել է առավել քան տասնվեց տարվա ընդմիջումից հետո: Այս անգամ գյուղապետն ավելի բարյացակամ է: Բնակիչները նրան շատ լավ են ընդունում, սակայն որքա՞ն հեռու կարող է նա գնալ պատմությանը վերաբերող իր հարցերով:

Այս անգամ գյուղի բնակիչներն ավելի պատրաստակամ են շփվելու հարցում, նրանք էլ են պատմում իրենց պատմությունները՝ այնքան նման հայերի պատմություններին, եւ դա կարծես աներեւույթ կապ է ստեղծում նրանց միջեւ: Երկխոսությունը, վերջիվերջո, կայանում է: Երկխոսությունը հայի ու թուրքի միջեւ...

Ֆրանսահայ դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Վերադառնալ» ֆիլմը «Ոսկե ծիրանում» շահեց Հայաստանի կինոգետների եւ կինոքննադատների միության մրցանակը «Վավերագրական ֆիլմեր» անվանակարգում: Այնուամենայնիվ, ֆիլմն իր կառուցվածքով չի տեղավորվում ոչ վավերագրական, ոչ էլ այլ ժանրի շրջանակներում առաջին հերթին իր սուբյեկտիվ, խիստ անձնական լինելու առումով:

Ֆիլմն արդեն տեսած մարդիկ, երբ ինձ խորհուրդ էին տալիս դիտել, այն բնորոշում էին որպես «ֆիլմ ցեղասպանության մասին»: Սակայն դա այդպես չէ: Ցեղասպանության թեման ֆիլմում շոշափվում է անուղղակիորեն: Ֆիլմի կորիզը ոչ թե անդրադարձն է անցյալի ողբերգությանը, այլ հենց այդ երկխոսությունն է հայի եւ թուրքերի միջեւ, մեր ընդհանուր պատմության վերաիմաստավորումը եւ ելքի որոնման փորձը հայ-թուրքական հարաբերությունների փակուղուց: Չմոռանալով անցյալը՝ հայացքն ուղղենք դեպի ապագան. սա է ֆիլմի կարգախոսը:

Հարցազրույց Սերժ Ավետիքյանի հետ

Հ.Հ. - Ի տարբերություն ցեղասպանության թեմային անդրադարձող հայ այլ հեղինակների գործերի, ձեր ֆիլմը կարծես առաջինն է, որ չի կենտրոնանում «կոտորված ժողովուրդ» սինդրոմի վրա եւ անզիջում դիրքն առաջարկում է փոխարինել երկխոսությամբ:

Ս.Ա . - Բոլոր հայ ռեժիսորները ֆիլմեր նկարելիս անգիտակցաբար ճնշված են մեր պատմության կողմից, կարծես ողջ ժողովուրդը կանգնած է իրենց մեջքին: Քանի որ ցեղասպանությանն անդրադարձող ֆիլմերը սակավ են, նրանք սովորաբար ձգտում են ամեն ինչ ասել մի ֆիլմում: Պետք է խոստովանեմ' մոնտաժի ժամանակ ես էլ էի զգում այդ ճնշումը վրաս: Ահռելի քանակությամբ նյութեր կային, որոնք չօգտագործվեցին ֆիլմում: Օրինակ' սկզբում մտադիր էի հարեւան գյուղում պահպանված հայկական եկեղեցու մասին էլ պատմել, սակայն հետո հասկացա, որ ֆիլմի հավասարակշռությունը կխախտվի, դա կարծես փորձ կլինի ինչ-որ բան ապացուցելու ու ինչ-որ բանում մեղադրելու:

Իսկ ես չեմ մեղադրում: Դա ֆիլմի մյուս դժվարությունն էր: Ֆիլմը նախ սուբյեկտիվ է՝ հիմնված մարդկային հարաբերությունների, պապիս գյուղը վերադառնալու եւ թուրքերի հետ շփվելու հարցում իմ անձնական ապրումների վրա: Մյուս կողմից, ես աշխատել եմ առավելագույնս անաչառ լինել, չդատապարտել, այլ փորձել խոսել: Մենք տառապում ենք կոտորվածների պաթոլոգիայով՝ մենք տուժածներն ենք, թուրքը թշնամին է, ցանկացած շփում թշնամու հետ անհնարին է»: Ես ցույց եմ տալիս, որ երկխոսությունը հնարավոր է եւ անհրաժեշտ:

Հ.Հ. - Ֆիլմի գաղափարը ծնվեց գյուղ առաջի֊՞ն այցից հետո:

Ս.Ա. - Ֆիլմի մտահղացումն առաջացավ երկրորդ ճամփորդությունից հետո: Առաջինից հետո նյութերը շատ քիչ էին: Գյուղացիներից շատերը ոչինչ չգիտեին մեր ընդհանուր պատմության մասին, շահագրգռված չէին խոսելու: Երկրորդ անգամ էլ ժամանակը շատ կարճ էր: Բայց ես տեսա, որ իրենք ուզում են խոսել, ուզում են լսել եւ իրենք էլ պատմել:

Երկրորդ այցիս ընթացքում պարզեցի, որ իրենք էլ են գաղթականներ, հասկացա, որ իրենց հոգեբանության մեջ էլ կա՝ ինչ է նշանակում թողնել տունն ու հեռանալ: Նրանց նախնիները բնիկ թուրքեր չեն, այլ պոմատներ են, Տեսալոնիկի Դրամա շրջանի իսլամացված ազգեր, որոնք այստեղ բերվեցին 1923 թվականին բնակչության փոխանակման արդյունքում, երբ որոշվեց, որ քրիստոնյաները Թուրքիայից տեղափոխվեն Հունաստան, իսկ մուսուլմաններն այնտեղից բերվեն Թուրքիա: Մոտ մեկ միլիոն հունաստանցի դուրս եկավ Թուրքիայից եւ չորս հարյուր հազար մուսուլման եկան Թուրքիա: Այսպես հայկական գյուղերը թուրքերը լցրեցին մուսուլմաններով:

Հ.Հ. - Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլիներ երկխոսությունը, եթե նրանք բնիկ թուրքեր լինեին:

Ս.Ա. - Կարծում եմ' շատ ավելի դժվար: Բայց այս դեպքում էլ ինձ համար հեշտ չէր սկսել երկխոսությունը. չգիտեի՝ ի՞նչ արձագանք կստանայի, ինչքա՞ն հեռու կարող էի գնալ:

Բնակչության մեծ մասը չէր հավատում ջարդերին: «Մի օր պատմաբաններն ասում են 600.000, մյուս օրը' մեկ միլիոն, ու՞մ հավատանք հիմա»,-ասում է նրանցից մեկը: Նրանք բնակչության փոխանակման արդյունքում հեռացել են այստեղից: Տարհանվել են, բայց հետո ոմանք վերադարձել են:

«Դուք ասում եք' եղել է ցեղասպանություն, մենք ասում ենք' չի եղել: Անցյալի մասին մեր տեղեկություններն աղոտ են, մենք այն ժամանակ չենք եղել, ոչ ոք չգիտի' ի՞նչ է եղել իրականում»,-այսպիսին էին այլ կարծիքները:

Բայց ոմանք էլ ասում են, որ չնայած իրենք էլ են պնդում, որ չի եղել ցեղասպանություն, բայց պատրաստ են լսել դրա մասին, քննարկել դա:

Իմ կարծիքով, շատ կարեւոր է ֆիլմում այն, որ ես ներկայացնում եմ նաեւ այդ ժողովրդի պատմությունը. սկզբում պապս պատմում է այդտեղ բնակվող հայերի տարհանման մասին: Հետո գյուղի բնակիչները պատմում են իրենց պատմությունը, որը մեծ նմանություն ունի հ այերի ճակատագրի հետ: Նաեւ ցույց եմ տալիս, որ որոշ վերաբերմունք ծնվում է տգիտության պատճառով. նրանց մեծ մասը չգիտի' ի՞նչ է եղել իրականում, այսինքն՝ նրանց պետք է պատմել:

Երբ այն տղան ասաց, որ ուզում է թանգարան բացել տապանաքարերի համար, որպեսզի զբոսաշրջությունը Սոլոցում զարգանա, սկզբում վրդովվեցի: Ո՞վ պիտի գար այդ թանգարանն այցելելու: Իհարկե, մենք' հայերս: Քիչ է քանդել եք մեր գերեզմանները, հիմա էլ փող պիտի տանք դրանք այցելելու համար: Բայց հետո դրան նայեցի այլ տեսանկյունից. չէ՞ որ դա նաեւ միջոց է այդ քարերը պահպանելու: Բացի այդ, զբոսաշրջիկ հայերը, որ գնալու են այնտեղ, շփվելու են տեղի բնակչության հետ, պատմելու են նրանց իրենց պապերի մասին: Ու ասացի, որ համաձայն եմ օգնել իրենց թանգարան ստեղծելու հարցում:

Հ.Հ . - Հետաքրքիր է ֆիլմի կառուցվածքը' երեք անգամյա վերադարձ նույն վայրը, նույն մարդկանց հետ:

Ս.Ա. - Ֆիլմն անգիտակցաբար ունի հին հունական ողբերգության կառուցվածք: Այդ կրկնությունը, մարդկային հարաբերությունների էվոլյուցիան նույն վայրում...

Սոլոցի առաջացման պատմությունն էլ է առասպելական: Ֆիլմում կա այդ հատվածը, եր բ Տացիոսը' Արգոնավորդներից, զբոսնում էր ընկերոջ' Սոլոիսի հետ, Իզնիկ լճի ափին, Սոլոիսը հանդիպում է գեղեցիկ Անսիոպեին եւ սիրահարվում: Բայց նրա սերը մնում է անպատասխան, հուսահատ. Սոլոիսն իրեն գետն է նետում: Չափազանց վշտացած իր ընկերոջ անփառունակ վախճանի պատճառով' Տացիոսը մի ավան է կառուցում այնտեղ, որն անվանում է Սոլոիսի անունով: Եվ Սոլոիսի եղբայրները հաստատվում են այս գյուղում, որ այդուհետ կկոչվեր Սոլոց:

Գրոտեսկային կողմեր էլ կան ֆիլմում: Բնակիչներից ոմանք թշնամաբար են ինձ տրամադրված, որովհետեւ համաձայն առասպելի՝ այստեղ անհամար գանձեր են թաղված, եւ ոմանք կարծում էին, որ ես գիտեմ դրանց տեղը եւ եկել եմ դրանք տանելու:

Հ.Հ. -Ինչպիսի՞ն էր արձագանքը ֆիլմի շուրջ Ֆրանսիայում:

Ս.Ա. - Սա անձնական ֆիլմ է, թեման բարդ է, Ֆրանսիայի համար ճանաչված չէ: Այդ պատճառով հանդիսատեսը դժվար էր ընկալում: Ֆրանսիայում պաշտոնական հեռուստատեսություններն էլ դժվար ընդունեցին. չնայած ֆիլմն ինքնին պոզիտիվ է, բայց այնտեղ կան չափանիշներ. եթե մի թեմայով ֆիլմ ես ներկայացնում, պետք է այդ թեմայի շուրջ մյուս կողմի տեսակետն արտահայտող ֆիլմ էլ ցուցադրեն, որ արդարությունը պահպանվի:

Հեռուստատեսությունն առհասարակ ուզում է ավելի պարզ, հստակ վավերագրական ֆիլմեր: Միգուցե վերամոնտաժեմ հեռուստատեսության համար, ֆիլմից հնարավորինս վերացնեմ անձնական ապրումներս:

Հ.Հ. - Իսկ հայերի արձագանքը սպասելի՞ էր:

Ս.Ա. - Ինձ համար շատ ուրախալի էր, որ ոչ մի բացասական արձագանք չստացա այստեղ: Հատկապես երիտասարդությունը շատ դրական էր տրամադրված երկխոսության տարբերակին:

Թուրքական մամուլը հիմա հայկական հարցի շուրջ շատ է խոսում, քանի որ այն Եվրամիություն մտնելու գործընթացի մաս է կազմում: Ստամբուլում կա մոտ 60 000 հայ, որոնք մինչ այժմ սուսիկ-փուսիկ իրենց համար ապրում էին, բայց հիմա արդեն «Ակոս» թերթը, որ լույս է տեսնում հայերեն եւ թուրքերեն, թուրք մտավորականները սկսել են բաց ձեւով խոսել ցեղասպանության մասին, իրենց համար չնայած հեշտ չէ, կառավարության կողմից ճնշումը կա, բայց այդ շարժումը սկսվել է:

Ինձ համար շատ դժվար էր ավարտել ֆիլմը. չէ՞ որ այդ հարաբերություններն անավարտ են, ուրեմն ի՞նչ վերջ պիտի ունենա ֆիլմը:

Ֆիլմն ավարտվում է երկու կարեւոր կետերով: Առաջինն իմ հարցն է, թե երբ վերջապես կվերանա Թուրքիայի ազգայնամոլությունը, որովհետեւ Սոլոցում կային մարդիկ, ովքեր ինձ հուշում էին, որ իրենք կուզենային ուսումնասիրել Հայկական հարցը, որոնել ճշմարտությունը, բայց կարծում են, որ դա անհնարին կլինի Թուրքիայի կառավարության այժմյան քաղաքականության օրոք:

Եվ երկրորդ կետը. ֆիլմն ավարտվում է երեխաների տեսարանով գերեզմանաքարերի վրա: Նրանցից մեկին հարցնում եմ' գիտի՞, արդյոք, թե ում տապանաքարերն են սրանք: Պարզվում է գիտի, որ հայերինն է: Ինչպես իմ պապիկն է ֆիլմի սկզբում պատմել ինձ տապանաքարերի մասին, այնպես էլ իր պապիկն է պատմել իրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter