
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Խաչատրյանի խափանման միջոցի գործով խորհրդակցական սենյակ էր հեռացել ժամը 19:15-ի սահմաններում, և որոշումը հրապարակեց քիչ առաջ: Խաչատրյանին կալանավորելու միջնորդության հետ միասին քննվել է նաև նրան ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպանները բողոքը: Դատարանն այս բողոքը բավարարել է: Այսինքն`թեև Խաչատրյանը կալանավորվել է` դրան նախորդող երեք օրերի ընթացքում նրան ձերբակալելու որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը խուզարկությունն է իրականացրել Գագիկ Խաչատրյանի և նրա հետ կապված անձանց, այդ թվում՝ նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանին պատկանող տարածքներում:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ քրեական գործը, որի շրջանակներում խուզարկությունները կատարվել են, վերաբերում է տասնյակ միլիոնավոր դոլարների վատնմանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ քրեական գործի դրվագներից մեկն առնչվում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակ այդ կառույցյում տեղի ունեցած ենթադրյալ չարաշահումներին:
Քրեական գործի շրջանակներում Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար, իսկ Կարեն Խաչատրյանին վերագրվում է միայն վատնում կատարելու արարք: Վերջինս նույնպես այսօր կալանավորվել է դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշմամբ:
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Մեկնաբանել