HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ. «Բակո Սահակյանն ընտրության հնարավորություն ունի»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանը

-Պարոն Արզումանյան, հաջորդ շաբաթ Արցախում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ձեր գնահատմամբ՝ արդյոք նկատելի մրցակցություն կա թեկնածուների միջեւ, եւ այս ընտրություններն ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող են ունենալ հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրությունների վրա:

-Այո, վստահաբար կարող ենք ասել, որ տեղական ինքնակառավարման մարմիների առաջիկա ընտրություններն իսկապես ընտրություններ են լինելու, այլ ոչ թե իմիտիացիա: Այս իմաստով կարող ենք ասել, որ թավշյա հեղափոխության նախաձեռնած գործընթացները հասել են նաեւ Արցախ: Դրանք Արցախում կլինեն առաջին ընտրությունները թավշյա հեղափոխությունից հետո, եւ գործող իշխանությունը չափազանց սահմանափակ հնարավորություններ ունի՝ վարչական ազդեցություն ունենալու արդյունքների վրա:

Պատկերն ավելի վառ երեւում է Ստեփանակերտում, որտեղ պայքարին միացել են երիտասարդ թեկնածուներ եւ կուսակցություններ, որոնք իսկապես նախընտրական քարոզարշավ են իրականացնում, որի արդյունքները կանխագուշակելը չափազանց բարդ է: Ես տեսնում եմ իրական պայքար եւ թեկնածուների կողմից ընտրողների ձայների «որս», որտեղ առավելություն ունեն քաղաքական կյանք մտած նոր դեմքերը:

-Թեեւ դեռ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ամիսներ կան, բայց արդեն մի քանի  թեկնածուներ հայտարարել են նախագահական աթոռի համար պայքարելու մասին: 2018-ին Հայաստանում կատարված քաղաքական փոփոխություններն ի՞նչ կերպ կարող են ազդել Արցախի այս ընտրությունների վրա՝ հաշվի առնելով, որ վերջինիս ներկա իշխանությունները միշտ էլ լավ հարաբերություններ են ունեցել ՀՀ նախկին իշխանությունների հետ:

-Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունները, անշուշտ, ազդեցություն ունեն Արցախի քաղաքական գործընթացների վրա: Դա անխուսափելի է, քանի որ մենք ունենք հայոց պետականության միասնական դաշտ, ընդհանուր մարտահրավերներ եւ սպառնալիքներ հայ ժողովրդին: Ընդ որում՝ քաղաքական գործընթացների տրամաբանությունը ՀՀ-ում եւ Արցախում անխուսափելիորեն համընկնելու են, երբ ՀՀ-ում կոռումպացված օլիգարխիկ իշխանության հեռացումն ուղեկցվի Արցախում նմանօրինակ շրջանակների հեռացմամբ:

Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է խոսենք գործընթացների այս զարգացման մասին որպես իրականություն դարձած եւ անխուսափելի մի բանի: Առջեւում քաղաքական պայքարն է, եւ, ինչպես համաշխարհային պատմությունն է ասում, հինը կամավոր չի լքում բեմը, այլ  ձգտում է իրականացնել հակահեղափոխություն: Թավշյա հեղափոխությունից հետո մեկ անգամ չէ, որ տեսել ենք Արցախը Հայաստանի ներքաղաքական պայքարի գործընթացներում օգտագործելու փորձեր: Դա բնական ու անխուսափելի է, եւ այս համատեքստում կարելի է խոսել նախագահի պաշտոնի երկու տեսակի թեկնածուների մասին:

Առաջին տեսակին են պատկանում այն թեկնածուները, ովքեր ներկայացնում են օլիգարխիկ համակարգը, հայկական պետականության անցյալը, որի դեմ էլ պայքարի են դուրս գալու երկրորդ տեսակի թեկնածուները՝ միտված Արցախի ապագային եւ Միացյալ Հայաստանին: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ Արցախում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները դառնալու են առճակատում հնացած, մռայլ անցյալի եւ ապագայի միջեւ, որը դեռ պետք է նախագծել, ապա սկսել կառուցել:

Իրավիճակը բարդանում է նախագահական ու խորհրդարանական ընտրությունների համատեղությամբ: Վերջիններիս շուրջ եւս պայքար է լինելու անցյալի ու ապագայի միջեւ: Արցախը դեպի ապագա տանելու պատրաստ նախագահի ջանքերը կարող են արգելափակվել կամ նույնիսկ կաթվածահար արվել այնպիսի խորհրդարանի կողմից, որում հաղթանակ կտանեն հանցավոր անցյալի ներկայացուցիչները:

-Ինչպե՞ս եք գնահատում Բակո Սահակյանի պաշտոնավարման այս 12 տարիները:

-Բակո Սահակյանը հեռացող ժամանակների նախագահ է, որի գործունեության գնահատականը համընկնելու է Սերժ Սարգսյանի նախագահության գնահատականներին: Այս տարիներին մենք հետեւել են օլիգարխիայի աճին, տնտեսական անհավասարությանը եւ սոցիալական  անարդարությանը: ՀՀ-ի եւ Արցախի հայ հանրությունները դե ֆակտո միասնական օրգանիզմ են, եւ, բնականաբար, նույն կերպ են գնահատվելու նաեւ երկու հայկական պետությունների լիդերների ղեկավարման արդյունքները:

Վերջին 12 տարիների արդյունքն են հայկական բանակի մարտունակության անկումն ու 2016 թվականի ապրիլյանի պատերազմի անընդունելի արդյունքները, երբ մենք կորցրինք հայկական հողեր ու ավելի քան 100 զինվորի կյանք: 2018 թվականի թավշյա հեղափոխությունը մեծամասամբ արձագանք էր հայկական իշխանական վերնախավի անգործունակությանը:

Բայց ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որն իշխանությունից հեռացվեց հեղափոխության միջոցով ու արդեն զբաղեցրել է իր տեղը հայոց պատմության մեջ, Բակո Սահակյանն ընտրության հնարավորություն ունի: Հայոց պատմության մեջ Բակո Սահակյանի տեղը որոշվելու է ոչ միայն 2016 թ. ապրիլյան կորուստներով, այլեւ նրանով, թե արդյոք նա կկարողանա ապահովել Արցախի իշխանության խաղաղ փոխանցումն ապագային միտված ուժերին: Կարո՞ղ է Բակո Սահակյանը հեռանալ արժանավայել, քանի որ հիշվում է վերջին ժեստն ու վեջին գործողությունը: Այս իմաստով Բակո Սահակյանը հնարավորություն ունի խուսափել հայոց պատմության ամոթալի էջերում հայտնվելուց:

-Ինչպիսի՞ն պիտի լինի երկրի հաջորդ ղեկավարը, արդյո՞ք նման թեկնածու տեսնում եք երկրում:

-Վստահաբար կարելի է ասել, որ արցախյան հասարակությունը հոգնել եւ արդեն չի ցանկանում տանել իր անսահման ագահությամբ եւ ապագային նայելու սահմանափակ կարողությամբ օլիգարխիկ համակարգը: Հասարակությունը սպասում է թեկնածուի, իսկ ապա նախագահի, որ կկարողանա առաջարկել այլընտրանք, այլընտրանքային հայացք Արցախի ապագային, ՀՀ-ի հետ նրա փոխհարաբերություններին: Նախագահ, ով կկարողանա մշակել, իսկ հետո ՀՀ իշխանությունների հետ կյանքի կոչել «Միացում» գործընթացն ավարտին հասցնող ռազմավարությունն ու ճանապարհային քարտեզը եւ Միացյալ Հայաստանի ստեղծումը:

Ունա՞կ է արցախյան հանրությունն իր շարքերից առաջ քաշել այդպիսի համաժողովրդական առաջնորդի, ով կկարողանա զբաղվել ապագայով, այլ ոչ թե անցյալով: Համոզված եմ, որ այո, այդպիսի թեկնածու կհայտնվի, ու նրա հայտնվելն անկասկած ազդեցություն կունենա ամբողջ Հայաստանի վրա:

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter