HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Միքայել Ոսկանյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանն է։

Միքայել Ոսկանյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ինքը 5 տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը։ Ասում էիր՝ մենք այն սերունդն ենք, որ «ապրեց» պատերազմը, բայց չգիտակցեց, իսկ ինքը կասի, որ գիտակցել է, որովհետեւ տան բոլոր տղամարդիկ այլեւս տանը չէինհայրը գնաց պատերազմ, հորեղբայրը մասնակցում էր շարժմանը, իսկ պապիկը ընտանիքի հոգսը հոգալու համար երկար հեռավորությամբ ուղեւորափոխադրումներ էր իրականացնում։

Այդ «բացական» իրեն տան միակ տղամարդը դարձրեց, ու ինքը միանգամից մեծացավ, սկսեց ուրիշ ձեւ դատել, հանկարծ ինքն էլ ուզեց գնալ պատերազմ, որովհետեւ թաղամասում միայն կանայք էինք մնացել (տղամարդիկ ջոկատով էին մեկնել ճակատ)։ Երեւի թե 1985-86 թվականներին ծնվածները վերջիններն էին, որ պատերազմը գիտակցեցին, հաջորդող սերունդներն արդեն հետեւանքներ, պատկերներ ու պատմություններ կրողներն էին, ովքեր դրվագներ կարող են հիշել։ 

Հինգ տարեկանում ինքը նաեւ առաջին անգամ բեմ բարձրացավմինչ պատերազմը կսկսվեր արդեն «Պիոներ պալատի» ազգագրական երգի-պարի խմբակի սան էր․․․ Հետաքրքիր է, որ Հայաստանն արդեն անկախ էր, բայց կառույցը շարունակում էր մնալ «Պիոներ պալատ», իսկ խմբակներն էլ այն ժամանակ միայն «ազգագրական» կարող էին լինել։

Ինը տարեկանում կարեւոր որոշում կայացրեցընտրեց թառը։ 

Առհասարակ այդ փուլային բաժանումների ընթացքում մինչ օրս երեք կարեւոր որոշում է կայացրելինը տարեկանում ընտրել է թառը, տասնութում որոշել, որ միայն երաժշտությամբ է զբաղվելու, իսկ քսաներեքում՝ թե ում հետ է կապելու կյանքը։ Սրանք են իր կյանքի մինչ այս եղած բեկումնային երեք որոշումները․․․

Ո՞ր թաղամասի մասին էիր պատմում։

«Ղռերի», Երրորդ մասի․․․ Հիշում եմ, որ ռազմաճակատ մեկնող առաջին խումբը 120 հոգուց էր բաղկացած, որի կեսը հետ չվերադարձավ։

Այդ թաղամասը հետաքրքիր պատմություններ ունի, հարաբերության բարդ շերտեր։

Հա, թաղամաս է, որ եւ քաղաքի մեջ է, եւ դուրս, եւ քաղաքինն է, եւ քաղաքից անկախ․․․ Այսպես ասած՝ «աշխարհագրական դիրքը», մտածողության ձեւը, «կանոններն» ու «օրենքները», համենայնդեպս այն ժամանակ, տարբեր էին։ Հետաաքրքիր մարդիկ են դուրս եկել այդ թաղամասից, ովքեր այժմ տարբեր ոլորտներ են ներկայացնում։ 

Մեր մանկության խաղերն էլ խիստ տարբեր էին՝ վայրենություն կար, պայքար, իրար ծառերից կապելու, խմբերի բաժանվելու ու մրցակցելու անընդհատ վիճակ։ Երեւի մենք էլ մեր պատերազմն էինք խաղում, եւ երեւի բնական էր, որովհետեւ այդ ժամանակ միակ եւ գլխավոր թեման հենց դա էր, որ կար։

Պատերազմ գնալու որոշումը․․․

Հանգիստ նստած, ապահով վիճակում այդ հարցին չես կարող պատասխանել։

Քառօրյայի ժամանակ պատրա՞ստ էիր գնալու։

Խմբով քննարկել էինք, որ գնում ենք, որովհետեւ պատերազմը մտածելու ժամանակ չի տալիս, եւ հանկարծակի այդ լուրը դառնում է պահի որոշման հարց։

«Երրորդ տարածությունում» ազգագրական երգի-պարի խմբակ հաճախելու մասին, երբ խոսեցիր, «ազգագրականը» հատուկ մի շեշտադրմամբ առանձնացրիր՝ նշելով, որ այդ ժամանակ ուրիշ մի բան պատկերացնելն անհնար էր։ Ազգագրական երգերը, որոնց բովանդակությունը կոնկրետ է, ինչպիսի՞ ազդեցություն ունեին քեզ վրա, քո սերնդակիցների վրա։ 

Կարծում եմ՝ նման երգերը մոտիվացիոն բնույթ ունեն, բայց միայն այն ժամանակ, երբ այդ մոտիվացիայի կարիքն իրոք կա։ Ես չեմ կարող ընկալել պատերազմելու, պաշտպանության եւ գրավման բովանդակությամբ երգը, երբ այն հնչում է խաղաղության պայմաններում․․․ 

«Արցախն է մեզ սպասում, օգնություն հասեք» բառերով երգն այսօր չի կարող ունենալ այն իմաստը, ինչ ունեցել է ժամանակինայս տեքստն արդեն իրականություն է, եւ դրա մասին երգելն առնվազն անհասկանալի է, խաղաղության ժամանակ այդ կոչերն անիմաստ են։  Իր ժամանակին, այո, հաստատ ազդեցություն ունեցել է։

Առհասարակ կան երգեր, որոնք հենց ժամանակն ու ժամանակի խնդիրներն են «պատմում», եւ մարդն անազատության, ուրիշի տիրապետության տակ գտնվելու ընթացքում, պարզ է, որ պիտի երգի բաղձալի ազատության, անկախության մասին։ 

Երաժշտությունը, որն ինքդ ես ստեղծում, ի՞նչ ազդեցություններ է կրում։ Թառը յուրահատուկ գործիք էայսպես ասած՝ «ասելիք» կա, որը «պատմվում » է յուրահատուկ այդ գործիքով։ 

Կսմիթավոր գործիքներին, ինչպիսին նաեւ թառն է, բնորոշ է այդ «ասելիքային» գործառույթը։ Ազդեցությունների մասին էիր հարցնում․․․ Դրանք միշտ կան։ Երգի կամ երաժշտության ստեղծման պահին դրանց մասին չես կարող մտածել։ Երբեմն ստեղծածդ մեղեդին քեզ շատ ծանոթ է թվում, բայց վստահ ես՝ որեւէ ազդեցություն չի կարող լինել։ Շատ ժամանակ անց լսում ես մի մեղեդի, հասկանում ես, որ ստեղծածիդ մոտիվը հենց այդ էր, որ կար, բայց իհարկե չես կրկնօրինակել, ուղղակի ուղեղիդ մեջ եղած պահոցներից մեկը բացվել է, ու հենց այդ մեղեդին է սկսել հոսել․․․

Այդպես կարող է թվալ, թե երաժշտությունը «ոչ մի տեղից» է ծագում, բայց իրականում այն շատ էլ «կոնկրետ» տեղից է, կոնկրետ հիշողության արդյունք, կոնկրետ ազդակ, որը եկել է ուղեղիդ այդ «պահոցից»։

2014 թվականից հետեւում եմ գործունեությանդ։ Հետաքրքիր է, որ քո շնորհիվ նաեւ թառն ընկալվեց որպես մենակատարի գործիք, որովհետեւ այն փորձարկվեց հնարավոր ձեւերով, հնարավոր բոլոր տեղերում։ 

Այդ փորձարկումները բնականոն ընթացքի մաս են եղել։ Ես ինքս տարբեր ոճերի երաժշտության սիրահար եմսզբնական շրջանում թառով վերարտադրում էի այդ տարբեր երաժշտությունները զուտ ինքս ինձ համար։ Ավելի ուշ սկսեցի գրել ստեղծագործություններ հենց թառով կատարելու համար, եւ կամաց-կամաց հասունացավ համերգներ տալու, խմբով ներկայանալու պահանջը։

Կինս՝ Լուսինեն, անընդհատ պնդում էր, որ առանձին խումբ ստեղծելու եւ այդ խմբով ներկայանալու ժամանակն է։ Ի վերջո, երբ որոշակի քանակությամբ ստեղծագործություններ արդեն կային, գաղափարն ավելի իրատեսական դարձավ, որի արդյունքում էլ ստեղծվեց «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խումբը։ 

Այսինքն սկզբում չի եղել միտումը, որ թառը պիտի դարձնեմ մենակատարի գործիք, բայց ժամանակի ընթացքում բնական պահանջն առաջացել է։

Այսօր արդեն քեզ առանց թառի պատկերացնելն անհնար է։ 

Հա, ինքնարտահայտմանս հզոր գործիքն է։

Ես ճառեր ասել չեմ կարող, խոսելն էլ գուցե լավ չի ստացվում, բայց երբ գործիքով եմ, կրկնակի, եռակի ինքնավստահ եմ զգում ինձ։ Թառի, մտքիս եւ գործողություններիս սիներգիան հստակ է։ Այդ երեք դետալներից մեկի բացակայությունը կարող է ամեն բան փչացնել։ Այսպես ասած, երբ թառը ձեռքիս է, ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում։ Երեւի դրանից է, որ բեմում ավելի հանգիստ ու ինքնավստահ եմ, քան դրանից դուրս ցանկացած այլ մի միջավայրում։ 

Նվագելու ժամանակ զուգահեռ մտքեր, տեքստեր պտտվու՞մ են։ 

Արդեն 24 տարի է՝ նվագում եմ, եւ այս տարիների փորձառությունը բավականին մեծ է, այնքան, որ ձեռքիդ շարժումն արդեն բնականորեն փոխված է, կարողանում ես տարանջատել այդ շարժումն ու մտքերը, որոնք կապ չունեն դրա հետ։ Տես՝ մեքենա վարելու պես էսկզբում ամեն դետալի վրա ուշադիր ես, տեսնում ես մոտ տարածությունները, փորձում ես չշեղվել բուն վարելուց, հետո, երբ վարպետացար, արդեն շուրջդ ես դիտում, հորիզոնը մեծանում է, ճանապարհի անվերջությունը երեւում է։ 

Կարծում եմ՝ բոլոր երաժիշտներն անցնում են այս փորձառության միջովձեռքը դառնում է հարազատ այն գործիքին, որով նվագում ես։ 

Օրվա ընթացքում փորձերն ինչքա՞ն են տեւում։

Հիմա ավելի շատ կենտրոնացած եմ ստեղծագործական աշխատանքի վրա։ Մի պահ եղավ՝ որոշում կայացրի, որը գուցե կոպիտ հնչի․․․ Ուզում էի թառը «ենթարկվի» իմ մտքերին ու ստեղծագործություններին։ Որոշ ժամանակ անց կատարողի եւ ստեղծագործողի հավասարակշռության պահն էլ եկավ, եւ սկսվեց նոր փուլ, որի ընթացքում փորձ անելը զուտ տեխնիկական բնույթ չի կարող կրել՝ ընդհանուր ստեղծագործական պրոցեսի մաս է այլեւս։ 

Էքսպերիմենտները միշտ չէ, որ միանշանակ են ընդունվում, բայց քո դեպքում երաժշտական հնարավոր բոլոր էքսպերիմենտները ոչ միայն ընդունվել են, այլ նաեւ սիրվել, գնահատվել։ 

Երեւի մարդիկ սպասում էին կիսամոռացված ազգային այս գործիքի նորովի ներկայանալուն, գուցե որոշներն էլ ստեղծագործություններում էին ինչ-որ հարազատ բան գտնում։ 

Հետաքրքիրն այն է, որ մենք թե՛ ոճային, թե՛ մտածողության ձեւով հիմա շատ ավելի հեռուն ենք գնացել, եւ ստեղծագործությունները միանշանակ տարաբերվում են նախորդ տարիների գործերից, բայց մարդիկ շարունակում են շատ ավելի հարազատ համարել այն գործերը, որոնցով նոր-նոր էինք ներկայանում հանդիսատեսին։ Երեւի թե թառի միջոցով նոր մի բան լսելու առաջին ազդեցությունն ու տպավորությունը կարեւոր է եղել։ 

Այսօր առավոտյան զրուցում էի ռեժիսոր ընկերներիցս մեկի հետ, ու ասացի՝ պիտի շտապեմ, քանի որ զրույց ունեմ Բալկոնում։ Հարցրեց՝ ով է հյուրս, ու հենց անունդ տվեցի, ասաց «Ինձ ամենաշատը հետաքրքրում է այն, որ ինքը երբեք չի շեղվել երաժշտությունից ու ուրիշ ոչ մի այլ բանով չի զբաղվել»։

Չնայած որ առաջնայինը շարունակում է մնալ երաժշտությունը, զուգահեռ նաեւ պրոդյուսինգով եմ զբաղվում։ Ստացվում է՝ ընկերոջդ ասածի մեջ ճշմարտություն կաինչ էլ անում եմ, կոնկրետ տարածքի մեջ է, անպայման կապված երաժշտության հետ։ Այդ օղակն ինձ համար գծել եմ եւ անընդհատ փորձում եմ շրջանակը մեծացնել եւ դուրս չգալ։ 

Հարմարավե՞տ է։

Ասում են՝ սխալ է կոմպֆորտի զոնա ունենալը, բայց իմ պարագայում հակառակ ազդեցությունն ունիես այդ տարածքում ինձ լավ եմ զգում։ 

Հիշեցի, որ 2014-ին փորձատեղի  չունեիք։ 

Ասեմ ավելին՝ հիմա էլ չունենք (ծիծաղում է)։

Իհարկե հիմա դրա կենսական անհրաժեշտությունը չկա, քանի որ ձեւաչափ է փոխվել, մոտեցումներ են փոխվել, եւ այդ հարցը նույնպես հեշտացել է։ Եթե նախկինում փորձ չէինք կարողանում անել, որովհետեւ տարածք չկար, ապա հիմա այդ հարցը կես ժամում լուծելի է։ 

Ինչու՞ հիշեցի այս պատմությունը․․․ Ուզում էի հարցնել սահմանափակումների, դժվարությունների մասին, որոնք կապված են այստեղի հետ։ 

Կարծում եմ՝ բոլոր արվեստագետներն էլ ինչ-որ պահի հասնում են այն կետին, երբ արդեն մտածում են այստեղից տեղափոխվելու մասին։ Սա կապ չունի հայրենասիրության հետ, կապ չունի կոմֆորտ զոնայի հետգաղտնիք չէ, որ մասնագիտական առումով այդ անհրաժեշտությունը կենսական է, որովհետեւ երկիրը փոքր է, շուկան փոքր է, հասարակության նախասիրությունները մեծամասամբ այլ ուղղության են, արվեստով հետաքրքրվողների քանակը քիչ է․․․ Իսկ դու չես ուզում մտնել մի տեղ, որտեղ քո սահմանած նշաձողից ցածր մի բան պիտի անես։ Ամեն դեպքում երբեմն ստիպված ես լինում գնալ որոշ քայլերի, որպեսզի հանդիստեսին «բաց չթողնես»։ 

Այս պատկերը, երբ ամբողջացնում ես, քաոտիկ տպավորություն է ստեղծվում։ 

Այդպես տարիներ առաջ «Գաֆէսճեան» համերգասրահում ունեցած առաջին համերգից հետո խմբի հիմնական ներկայանալու վայրը ակումբները դարձան։

Այդ ժամանակ ամենահասանելի տեղը, այո, ակումբներն ու փաբերն էին։ Երիտասարդությունն էլ հավաքվում էր հենց այդտեսակ վայրերում, իսկ մեզ համար առաջնահերթ էր նման լսարանի ուշադրությունը գրավելու խնդիրը։ Այս ութ տարվա ընթացքում շատ բան է փոխվել։ Թվում է՝ այդքան էլ շատ ժամանակ չէ, բայց սերնդափոխությունը կտրուկ է եղելներկայիս երիտասարդն ավելի ինֆորմացված է, համեմատության շատ հնարավորություններ ունի, կարող է նաեւ ձանձրանալ․․․ Եվ այդպես ամեն րոպե, ամեն ժամ կարող է հնանալ այն, ինչ անում ես․․․

 «Հնանալը»  վախեցնո՞ղ է։ 

Վախեցնող չէի ասի, բայց մտահոգիչ է, որովհետեւ ստեղծագործում ես ի վերջո ոչ միայն քեզ համար։ Դրա համար մարտահրավերներն ավելի են շատանում, եւ լուծումներ գտնելը դառնում է պարտադիր։ 

Մենք, օրինակ, ունենք տարբեր երգացանկեր (համերգացանկեր)կան, որ նեղ մասնագիտական շրջանակներին ներկայանալու համար են, մյուսները՝ ավելի լայն շրջանակների համար, իսկ փառատոնայինը՝ լրիվ տարբեր։ Կարճ ասած՝ այն, ինչ ներկայացնում ես ակումբում, դրանով չես ներկայանա փառատոնի։ 

Մի բան պարզ է, որ հանդիսատեսից կախում ունես, որովհետեւ բացի այն, որ ունես այդ հանդիսատեսի հետ կիսվելու կարիքը, միակ միջոցդ է, որով վաստակում ես։ Մնում է՝ որպես կատարող եւ ստեղծագործող ինքդ քո հանդեպ պատասխանատվություն ունենաս, չիջնես սահմանածդ նշաձողից այնքան, որ ինքդ քեզ կորցնես, եւ այդ նշաձողը այնպես չսահմանես, որ հանդիսատես «կորցնես»։

Հարսանիքներին նվագու՞մ եք։

Այս հարցով, երբ զանգահարում են, միշտ ամաչելով են խոսում, բայց իրականում, երբ մարդը հրավիրում է քեզ, ուրեմն արդեն ունի կոնկրետ երաժշտական ճաշակ, կոնկրետ արժեքների կրող է։  Այո, մասնակցում ենք հարսանիքների եւ ներկայանում կոնկրետ երգացանկով, որը որ ֆոլկի հիմքի վրա երաժշտություն է ներկայացնում։ Ավելի նախընտրելի է, երբ մարդիկ այդ երաժշտությունն են ընտրում պարելու եւ լսելու համար, քան այն, ինչ սովորաբար մատուցվում է։ 

Գիտե՞ս՝ ինչ եմ մտածումքո ոլորտից դուրս քեզ հարց տալը բարդ է։ Այսինքն ինչ ուզում եմ հարցնել կապված է կա՛մ թառի, կա՛մ կատարողական արվեստի, կա՛մ էլ երաժշտության հետ։ Սա քեզ չի՞ անհանգստացնում։ 

(Ծիծաղում է)

Անկե՞ղծ ասեմ․․․ Անհանգստացնում է, որովհետեւ վերջին 7 տարին միայն հենց դրանից էլ խոսում եմ, բայց միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ թառն ինձ է ձուլվել, ես էլ իրեն, ու դժվար է դրանից դուրս այլ բանի մասին զրուցելը․․․ Չնայած երեւի տեղյակ ես, որ բարձրագույն կրթությունս երաժշտական չէ․․․

Արվեստաբան ես, չէ՞։

Այո, համալասարանի Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնում եմ սովորել, բայց անգամ այդ փաստը զրույցի հիմնական թեմայից ոնց որ թե շեղվելու հնարավորություն չի տալիս (ծիծաղում է)։

Հա, ինչպես Չերչիլ ասելիս աչքիդ առաջ միանգամից սիգարն ու գլխարկն են գալիս, քո դեպքում էլ Միքայել Ոսկանյան ասելիս թառն է անմիջապես «երեւում»։ Այսինքն գործիքի ներկայությունը պարտադիր է դարձել։ 

Հա, նույնիսկ բալկոն եմ բերել, որովհետեւ մեքենայի մեջ անգամ թողնել չեմ կարող․․․ 

Կարո՞ղ եմ տեսնել գործիքը․․․ (բացում է պատյանը)։ 

Նոր թառ է, դեռեւս միակն իր տեսակի մեջտրադիցիոն թառի ծինգերից հրաժարվել եմ, փոխարենը ավելացրել եմ երկու նոր լար, որը մեծացրել է կատարողական հնարավորությունները։ Այս գործիքը երեք տարեկան է, բայց արդեն հետաքրքրություն է առաջացրել մասնագիտական շրջանակներում, Թուրքիայից անգամ կապվել են վարպետի հետ, որպեսզի պատվիրեն։ 

Դե բացի այս «նորարար» թառը, տրադիցիոնը նույնպես ունեմ, որն արդեն մոտ 210 տարեկան է․․․

Այնուամենայնիվ, Բալկոնում մի հարց կա, որ հաստատ շեղելու է բուն թեմայից։

Մարտահրավերի պես է,  բայց խնդիր չկա։

Քո ու Հայաստանի հարաբերությունների մասին է հարցս։

Տարիքային տարբեր փուլերում այդ կապը տարբեր է եղել՝ պայմանավորված փոփոխությամբ, զարգացմամբ․․․ 

Ո՞նց է՝ սկզբում քո տունը քեզ շատ մեծ է թվում, հետո, երբ ինքդ ես տարիք առնում, հասկանում ես, որ իրականում այդ մեծությունը չկար, այդպես քո աչքին է երեւացել։ Տարիների ընթացքում սկսում ես կամաց-կամաց ադեկվատ վերաբերմունք ունենալ պնդումների ու «ճշմարտությունների» նկատմամբ, որոնցով դաստիարակվել ես։ 

Երբ քեզ ասում են, որ հայրենիքը «մայրիկի պես քաղցր» է, կասկած անգամ չունես այդ համեմատության հետ կապված, հետո փորձառությունդ շատանում է, շատ բան ես տեսնում, զարմանում ես, որ հին պատուհանները հանվեցին, տեղը բետոնե պատեր շարվեցին, առաջ է գալիս սոցիալական, քաղաքացիական պատասխանատվությունդ։ Ինչ-որ առումով երեւույթներին խստորեն ես սկսում վերաբերել։

Խստորեն ես վերաբերում, որովհետեւ քո տե՞ղն է, թե՞ այն հայրենիքը, որի մասին «քաղցրությամբ» էին արտահայտվում։ 

Ենթագիտակցորեն գուցե երկրորդն է, բայց ռացիոնալն իհարկե առաջին տարբերակն է։ 

Հետաքրքիր է՝ երբ դրսում ներկայացնում ես երկիրդ, հպարտությամբ պատմում ես, կիսվում այն արժեքներով, որոնք պատմական են, թերություններից չես խոսում, ինքդ էլ ներքին մեծ բերկրանք ես ապրում դրանից, եւ, երբ ներս ես մտնում քո այդ տարածք, ուզում ես պատմածդ իսկապես տեսնել․․․

Բարդ է նման հարաբերությունը։ 

Շատ․․․Ցանկացած մեկը երեւի «ների ու դրսի» այս զգացողությունն ունեցել է։ 

Բայց այնպես է, որ անընդհատ վերադառնալու ցանկություն կա․․․

Հա, քիչ առաջ ասացի, որ ուզում ես երկրից դուրս գալ, որովհետեւ մասշտաբները փոքր են, բայց սա կապ ունի միայն մասնագիտական առաջընթացի հետ։ 

30-40 երկրում եմ եղել, իրարից շատ տարբեր քաղաքներում, շատ տարբեր մշակույթների մեջ, բայց ոչ մի տեղ ապրելու հաստատակամ ցանկություն չի առաջացել, փոխարենը եղել են քաղաքներ, որտեղ աշխատել, ստեղծագործել, այդ քաղաքի արվեստագետների շրջանակի մաս դառնալ կուզեի։ 

Քաղաքական պրոցեսները կարծես թե քեզ այդքան էլ չեն հետաքրքրում, բայց տեսնում եմ նախագծեր, որոնք իրականացնում եք, եւ, որոնք կապ ունեն այդ քաղաքականության հետեւանքնով առաջացած բնապահպանական, հասարակական եւ այլ խնդիրների հետ։ Ինչ-որ իմաստով մշակութային քաղաքականություն վարելու պես մի բան է․․․ 

Լավ նշեցիր մշակութային քաղաքականության մասինայո՛, չեմ կարող ասել, թե հետաքրքրված եմ քաղաքական պրոցեսներով, բայց ամեն փոփոխություն նկատում եմ, ուշադրություն դարձնում։ Ակտիվ եմ հասարակական խնդիրների հարցում, ինչ-որ իմաստով մշակույթն էլ իր հերթին քաղաքական իրավիճակի հետ անմիջական կապ ունի։ Ամեն ինչ շատ արագ է փոխվում, երբեմն անգամ չես կարող հասկանալ, թե ինչպիսի ընթացք ստացավ քաղաքական պրոցեսը, երբ արդեն դրա կրողն ես։ 

Անցյալ տարի ապրիլ-մայիս ամիսներին հրապարակու՞մ էիր։

Հա, որովհետեւ ոգեւորված էի միասնականությունից եւ էներգիայից, բայց այդ օրերին համերգով հանդես գալը մերժել եմ, որովհետեւ իմ քաղաքացիական դիրքորոշումը կապ չունի քաղաքական պրոցեսի ընթացքում համերգով ներկայանալու հետ։ 

Որպես երաժիշտ չեմ կարող հարել որեւէ քաղաքական ուժիինձ համար չափազանց կարեւոր է այն ազատությունը, որն ունեմ։

Գլոբալ իմաստով սպառողական հասարակությունը, տեխնոլոգիական արագ զարգացումները, փոփոխվող ընթացքը, որ տարբեր զարգացումներ է առաջ բերում, ճնշու՞մ է ստեղծագործողին։ 

Ճնշում բառով չեմ բնորոշի, որովհտեւ ուղիղ իմաստով չեմ զգացել այդպիսի բան, բայց կան հարցեր, որոնք մտահոգում են, որոնց շուրջ մտածում ես ու նաեւ նեղսրտում։ 

Հիմա «թրենդայինը» գրավել է, զանգվածները արագ ուղղվում են դեպի այն կողմ, ինչը «մոդայիկ» է․․․ Տպավորություն է, որ մեկը կուրսորով այս ու այն կողմ է տանում մարդկանց մեծ ու փոքր խմբերի, եւ այդ արագ փոփոխվող տրամադրությունների ֆոնին քիչ են այն մարդիկ, ովքեր կոնկրետ են իրենց արժեքների, նախընտրությունների հարցում, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում լսել եւ ինչու։ Ուզած-չուզած որպես ստեղծագործող ինքդ էլ ես հաշվի նստում այս ամենի հետ։ 

Կա՞ն ստեղծագործություններ, որոնք գրվել են հենց այդ «հաշվի նստելու» պատճառով կամ առիթով։ 

Իհարկե կան։ Կարծում եմ՝ բոլոր ժամանակներին բնորոշ է եղել այս խնդիրըստեղծագործողն ի վերջո գրում է նաեւ պատվերով գործեր։ Հարցը նորից նույնն էինչպե՞ս անել, որ այդ ամենի մեջ ինքդ քեզնից չհեռանաս, քո սահմանած նշաձողից շատ չշեղվես։ 

Ամեն դեպքում դու որպես ստեղծագործող քեզ լա՞վ ես զգում, չէ՞։

Ինձ երբեմն ասում են՝ ինչպես կարելի է այդքան դրական լինել, ի պատասխան պիտի ասեմ, որ դա իմ բնական վիճակն էայո՛, ես լավատես եմ եւ կառչում եմ դրանից։ Ունեմ լավ ընկերներ, հրաշալի մի խումբ, որն օրգանիկ կերպով, մեկ մարմնի պես կատարում է իր ստեղծագործական աշխատանքը, կան մարդիկ, ովքեր շատ գրագետ են, հավանում, ընդունում ու քաջալերում են այն գործը, որն անում ենք։ 

Սիրում եմ ապրելու իմ ժամանակը, որովհետեւ աշխարհում ֆանտաստիկ երաժշտություն է ստեղծվում, եւ մենք հնարավորություն ունենք ամեն րոպե լսելու, տեսնելու, զգալու այն լավը, որ ստեղծվում է։ Այս առատության մեջ չի կարող միայն վատը լինել․․․

Հարցազրույցներից մեկում նշել էիր, որ ամեն մեծ փոփոխության հիմքում յուրաքանչյուրիս ներքին փոփոխությունն է։ Այս միտքը շատերից կարելի է լսել ու շատ առիթներով, բայց դու այն բացառիկներից ես, որ տարիների ընթացքում իրոք գնացիր այդ փոփոխությանը՝ ի վերջո դառնալով այն ստեղծագործողն ու կատարողը, ով իսկապես ասոցացվում է իր ոլորտի հետ, ով պինդ է կանգնած այդ բեմին եւ գիտի՝ ինչ է մատուցում։ 

Չգիտեմ՝ այս բնութագրմանը ինչ պատասխանել, բայց բանաձեւս պարզ է՝  կյանքն ապրել հանգիստ եւ փորձել հերթականությամբ իրականացնել գաղափարներդ․․․ Դրանք պիտի չլինեն ի հակադրություն ինչ-որ բանի պիտի լինեն անկախ, իսկական։ 

Երբեմն ինձ ասում են՝ «դանդաղում ես», իսկ ես ասում եմ՝ շտապելու խնդիր չունեմ, ազատված եմ մրցակցելու մտքից առաջ անցնելու կարիք չկա․․․ Հակառակ դեպքում սայթաքելն ավելի հավանական է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։