HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նելլի Դանիելյան

Թեղուտի ճակատագիրը վճռված է

Բնապահպանության նախարարը հրապարակեց «դատավճիռը»

Հունիսի 16-ին «Հայկական պղինձ» ընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ ստեղծել է «Թեղուտ» անունով նոր ընկերություն, որը զբաղվելու է Լոռու մարզի Թեղուտի բնական անտառի տարածքում գտնվող պղնձամոլիբդենի հանքավայրի շահագործմամբ: Նորաստեղծ ընկերությունում արդեն աշխատում է 130 մարդ, մասնավորապես երկրաբաններ եւ գիտաշխատողներ: «Հայկական պղինձ»-ի տնօրեն Գագիկ Արզումանյանի տեղեկացմամբ, աշնանը կհրավիրվեն նաեւ շինարարներ, որոնք պետք է շինարարական աշխատանքներ սկսեն ապագա հանքավայրի տարածքում:

«Շինարարական աշխատանք» տվյալ դեպքում նշանակում է անտառահատում, քանի որ անգամ ընկերության ղեկավարությունը չի թաքցնում (այդ մասին գրված է հանքավայրի շահագործման ծրագրում), որ հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ընթացքում կհատվի 600 հա անտառ: Մինչ այդ արդեն իսկ հատվել են ծառեր, քանի որ շուրջ մեկ տարի ընկերությունը ընդերքի հետախուզման աշխատանքներ է իրականացնում Թեղուտի անտառում: Այստեղ են տեղափոխվել հորատող սարքավորումներ, անտառի միջով բացվել են բեռնատարների ճանապարհներ:

Հետախուզման արդյունքները արդարացրել են հանքատերերի սպասելիքները' հաստատելով դեռեւս խորհրդային տարիներին նշվող պղնձի եւ մոլիբդենի ծավալների առկայությունը: Այսօր, երբ այս մետաղների գները միջազգային շուկայում կտրուկ աճել են եւ շարունակում են աճել, անտառի տակ փակված հարստությունը մեծ շահույթ է խոստանում արդյունահանողներին: «Հայկական պղինձ»-ը խոստանում է շահագործման առաջին 5 տարում գերազանցել այժմ հանրապետությունում արդյունահանվող պղնձի եւ մոլիբդենի ծավալները: Ամենայն հավանականությամբ, հենց սրանով է պայմանավորված հանքի շահագործման շուրջ տեղական եւ հանրապետական իշխանությունների անթաքույց ոգեւորությունը:

Լոռու մարզպետը բացահայտ հայտարարում է. «Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս ծրագիրը կյանքի կոչվի»: «Ոչ միայն նոր աշխատատեղեր են բացվելու, այլեւ նոր բնակավայր է հիմնվում: Թեղուտում 1500 աշխատատեղ է բացվելու, վստահ կարելի է այդ թիվը բազմապատկել 3-4 անգամ: Այսքանով կավելանա գյուղի բնակչությունը»,-ավելացնում է Հենրիկ Քոչինյանը:

Հիմա Թեղուտում 1300 մարդ է ապրում: Գյուղի բնակիչները եւս ոգեւորված են իրենց տրված խոստումներից: «Թող աշխատանք լինի, մարդիկ աշխատեն, որ սոված կոտորվենք, անտառը մեզ ի՞նչ»,-վրդովվում են սակավահող գյուղի գործազուրկ տղամարդիկ:

Մոտավորապես նույն ենթատեքստով է անտառի մասին խոսում նաեւ «Հայկական պղինձ»-ի տնօրեն Գագիկ Արզումանյանը: «Լոռու մարզը հագեցած է անտառներով: Այստեղ դրա կարեւորությունը նույնիսկ ավելի քիչ է, քան Հայաստանի մնացած շրջաններում»: Միեւնույն ժամանակ, անգամ միջազգային շուկայում մետաղի բարձր գների պարագայում, ընկերությունում բացառում են հանույթի փակ տարբերակը, որը մի քանի անգամ թանկ է, բայց հնարավորություն կտար փրկել անտառը:

«Թեղուտ» ընկերությունը կազմավորված է, ամեն ինչ պատրաստ է հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները սկսելու համար, բայց պակասում է մեկ կարեւոր եւ օրենքի պարտադիր պահանջ հանդիսացող հանգամանք: Ծրագիրը դեռ չի ստացել բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը:

«Նախաձեռնողը ներկայացրել է միայն իր նախնական մտադրությունը, ծրագիրը, որի հիման վրա փորձաքննությունը տալիս է այն իրականացնելու կամ չիրականացնելու եզրակացություն: Այս մտադրությանն է, որ մենք տվել ենք համաձայնություն»,-ասում է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՕԱԿ-ի գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանը:

Փորձաքննությունը դրական գնահատականի է արժանացրել միայն ընկերության ներկայացրած ծրագրի նախնական տարբերակը' միեւնույն ժամանակ մի քանի առաջարկություններ անելով բնությանը հասցվող վնասի չափը մեղմելու համար, որոնք պետք է հաշվի առնվեին աշխատանքային նախագծի կազմման ընթացքում: Այս համաձայնությունը, սակայն, դեռ շահագործման աշխատանքները սկսելու իրավունք չի տալիս:

Դրանից հետո օրենքը պահանջում է փորձաքննության ենթարկել բուն աշխատանքային նախագիծը: Այս փաստաթուղթն արդեն պետք է պարունակի աշխատանքի առավել մանրամասն տվյալներ, այդ թվում' բնությանը հասցվող վնասի վերաբերյալ, Գյուղատնտեսության նախարարության, մասնավորապես «Հայանտառ»-ի համաձայնությունը անտառահատումների վերաբերյալ, ինչպես նաեւ հողի շահագործման վերաբերյալ համայնքային իշխանությունների համաձայնությունը: Այս փաստաթղթերի բացակայության պայմաններում, ըստ փորձաքննության մասնագետի, «նախաձեռնողը գործունեություն իրականացնելու իրավունք չունի, քանի դեռ չի ստացել փորձաքննության դրական եզրակացությունը: Իսկ դրական եզրակացություն դեռ չկա, քանի որ պատրաստ չեն եւ մեզ չեն ներկայացվել նախագծային փաստաթղթերը»:

«Հայկական պղինձ»-ի տնօրենի հավաստմամբ' նախագիծը բնապահպանության նախարարությանը կներկայացվի միայն այս շաբաթ: Սակայն մինչ այդ արդեն հայտարարվում է շինարարական աշխատանքները սկսելու մասին, ինչը նշանակում է, որ ընկերությունը չի կասկածում Բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը ստանալուն:

Բանն այն է, որ դեռեւս հունիսի 13-ի մամուլի ասուլիսում անդրադառնալով Թեղուտի հանքավայրի խնդրին' Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը հայտարարեց, որ կառավարությունը հանքավայրը շահագործելու նպատակահարմարության վերաբերյալ ռազմավարական որոշում է կայացրել: «Մեզ ասել են' արժի՞, թե՞ չէ, ասել ենք' այո՛, արժի: Այստեղ պարփակված է էսքան հարստություն, տեղի է ունենալու էսքան բնապահպանական ազդեցություն, որը պետք է փոխհատուցվի, թե որտե՞ղ, ի՞նչ ձեւով, դեռ պետք է ներառվի նախագծի մեջ»: Բնապահպանության նախարարը բացահայտ նախապատվություն է տալիս անտառի տակ պարփակված հարստությունը շահագործելուն, թեեւ ի պաշտոնե կոչված է պահպանելու հենց բնության հարստությունները:

Նման հայտարարությունից հետո դժվար է կասկածել, որ բնապահպանական փորձաքննության եզրակացությունը դրական է լինելու: Բնության «պաշտպանների» եւ տնտեսվարողների հերթական հանցագործ համաձայնությամբ Թեղուտի անտառի դատավճիռն արդեն իսկ կայացվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter