
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ քրեական պատասխանավություն. նախագիծն արժանացավ ԱԺ հանձնաժողովի հավանությանը
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ մի խումբ ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած նախագծին, որով վերջիններս առաջարկում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար քրեական պատասխանատվություն սահմանել:
Պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ «Քրեական օրենսգրքում» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»:
Փաթեթի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առաջարկում են օրենքով ամրագրել, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել է այդ կենդանիների ոչնչացմանը կամ խեղմանը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեք հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն առաջարկել է ավելի խստացնել պատժաչափը՝ սահմանելով մինչև մեկ տարի ազատազրկում, ինչը նախագծի համահեղինակների համար ընդունելի է:
Նախագիծը դեռ պետք է ԱԺ խորհրդի հավանությանն արժանանա՝ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվելու համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել