
Դրական բնութագրվող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ չի արձակվի
Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը պայմանական վաղաժամկետ ազատ չի արձակվի: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վահե Խալաթյանի, Մանուկյանին պայմանականորեն ազատ արձակելու միջնորդագիրը մերժելու մասին որոշումը հրապարակել է այսօր:
Մանուկյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցով Արմավիրի մարզի դատարանում մի քանի դատական նիստ է տեղի ունեցնել: Երեկ կայացած նիստի ընթացքում գործով դատախազը առարկել է Մանուկյանի ազատ արձակման դեմ, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Նշենք, որ Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունն Աշոտ Մանուկյանի ազատ արձակման վերաբերյալ դրական, իսկ քրեակատարողական ծառայությունը՝ բացասական եզրակացություն է տվել: Հատկանշական է, որ թեև տարբերվող եզրակացություններին՝ այս երկու կառույցներն էլ Աշոտ Մանուկյանին բնութագրել են դրական:
Դատական նիստերից մեկին ներկայացել է նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Նորայր Գրիգորյանն ու հայտարարել, որ Մանուկյանն ուղղվել է:
Մանուկյանին ներել են նաև տուժողների ծնողները: Նման փաստերի առկայության պայմաններում, փաստորեն, դատարանը գտել է, որ Աշոտ Մանուկյանը պետք է մնա անազատության մեջ:
Դատապարտյալն անազատության մեջ է 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար:
Մանուկյանը հեղինակել է «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ...» անունը կրող գրքույկը, որում պատմում է 23 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների և դրանց հետևանքով ցմահ ազատազրկված լինելու, իր զղջման մասին՝ երիտասարդներին հորդորելով չկրկնել իր սխալը:
Մեկնաբանել