HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Նաղդալյանի ընկերության կատարած անորակ ասֆալտապատման հետևանքները շուտով կվերացվեն

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արագածոտնի մարզի Քուչակ-Եղիպատրուշ բնակավայրերը միացնող ճանապարհի հիմնանորոգման մասին «Հետք»-ի հրապարակումը, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հավաստիացնում է, որ ճանապարհի խնդիրները շուտով կվերացվեն։

ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին պատկանած «Սիսիանի բուատ» ՍՊԸ-ն 2017 թ.-ին հիմնանորոգել էր Արագածոտնի մարզի Քուչակ և Եղիպատրուշ բնակավայրերը կապող ճանապարհը, սակայն մեկ տարի անց ասֆալտը սկսել էր քանդվել։ Խնդիրներ էին առաջացել նաև ջրահեռացման համակարգի հետ, իսկ կապալառուն ճանապարհային նշանների մի մասը չէր տեղադրել։ Տեղում ականատես էինք եղել հողի վրա ասֆալտապատված հատվածների։

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվում է Քուչակ-Եղիպատրուշ ճանապարհի հիմնանորոգման մասին հրապարակումը, իսկ ուսումնասիրությունների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված մեր գրավոր հարցմանը պատասխանել է նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը։ Փոխնախարարը հայտնել է, որ նշված ճանապարհը կապալառու «Սիսիանի բուատ» ՍՊԸ-ի կողմից մինչև 2020 թվականը գտնվում է երաշխիքային սպասարկման մեջ։

«Հանձնարարվել է «Սիսիանի բուատ» ՍՊԸ կապալառու կազմակերպությանը իրականացնել ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ-Եղիպատրուշ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 6+000-կմ7+000 ճանապարհահատվածի ասֆալտբետոնյա ծածկի և հիմքի ամբողջական փոխարինման աշխատանքներ, 8.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կողային առուների մաքրման, ինչպես նաև շինարարական նորմերին համապատասխան ճանապարհային նշանների ամրացման աշխատանքներ»,- իր պատասխանում գրել է փոխնախարար Բագրատ Բադալյանը՝ շարունակելով, որ նախարարությունը ստացել է Արագածոտնի մարզպետարանի գրությունն այն մասին, որ վերը նշված հարցերը քննարկվել են կապալառու կազմակերպության հետ և խնդիրները շուտով կվերացվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter