Այն հեռավոր, հարեւան գյուղերում
Հայկական Այգեպար գյուղից երեւում են ադրբեջանական Ալիբեյլի գյուղի տները: Գյուղերն իրարից բաժանում է ընդամենը 100-150 մետր տարածություն, բայց նրանց միջեւ կա շատ ավելի մեծ ժամանակային հեռավորություն' 14 տարիներ, որոնք իսպառ ջնջել են նրանց միջեւ երբեւէ եղած մտերմությունը, ու երբեմնի բարեկամներին դարձրել թշնամիներ:
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացվեցին հայ եւ ադրբեջանցի կինոգործիչների ստեղծած միեւնույն «Այն հեռավոր, հարեւան գյուղում» խորագիրը կրող երկու 25-ական րոպեանոց ֆիլմեր, որոնք պատկերում են բնակիչների կյանքը երկու սահմանակից գյուղերում:
Ֆիլմերը համաֆինանսավորել են «Կաթոլիկ օգնության ծառայության» ( CRS) հայաստանյան մասնաճյուղը, «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան» կազմակերպությունը եւ Հոլանդիայի «Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպությունը» (ICCO):
Ֆիլմի հայկական տարբերակը նկարահանել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը (սցենարի հեղինակ' Տիգրան Պասկեւիչյան, ռեժիսոր' Արա Շիրինյան), իսկ ադրբեջանական տարբերակը'«Ինտերնյուս Ադրբեջան» կազմակերպությունը (սցենարի հեղինակ' Էլջան Մամեդով, ռեժիսոր'Այազ Սալաեւ):
Համաձայն հեղինակների պայմանավորվածության' երկու ֆիլմերի կառուցվածքը, նկարահանման պրոցեսը եւ հետագա ճակատագիրը պետք է ընթանար խիստ համաչափ: Ֆիլմերում բացակայում է հեղինակային տեքստը, գյուղացիներն իրենք են պատմում իրենց կյանքի մասին «առաջ» եւ «հետո»:
Առաջին մասում գյուղացիները հիշում են իրենց բարգավաճ ու համերաշխ կյանքը հարեւանների հետ նախքան ղարաբաղյան պատերազմը:
Տավուշի մարզի Այգեպարը եղել է քաղաքատիպ գյուղ, ունեցել է արտադրություն, պահածոների, գինու, ծխախոտի գործարաններ: Ալիբեյլիում հիմնականում զբաղվել են հողագործությամբ ու անասնապահությամբ:
«Մենք հայերից ալյուր էինք գնում, հայերը մեզանից' միրգ»,-ասում է Ալիբեյլիի բնակիչը:
«Մենք իրար մեջ տարբերություն չէինք դնում' հա՞յ է, թե՞ ադրբեջանցի»,-ասում է այգեպարցիներից մեկը:
«Հայերի նկատմամբ վստահություն կար, ապրանք էինք վերցնում, ասում էինք' տասնհինգ օրից փողը կբերենք. ոչ անուն, ազգանուն էին հարցնում, ոչ' հասցե»:
«Չի եղել մի դեպք, որ մեր հարսանիքներին, թաղումներին հայեր չլինեն»:
«Այգեպարում ադրբեջանցիներ էին աշխատում»:
«Բերքահավաքին այգեպարցիները գալիս էին մեզ օգնում...»:
Ֆիլմերի երկրորդ մասում գյուղացիները պատմում են, թե ինչպես փոխվեց իրավիճակը պատերազմը սկսելուց հետո: Երկու գյուղերի բնակիչներն էլ մի տեսակ շփոթված են, կարծես այդպես էլ մինչեւ վերջ չեն հասկացել' ի՞նչ եղավ, ինչու՞ ամեն ինչ միանգամից փոխվեց:
«Մենք բարեկամներ էինք, էդ թշնամությունը որտեղի՞ց եկավ, ես չգիտեմ. Ղարաբաղի՞ց սկսեց, թե՞ Սումգայիթից»,-ասում է այգեպարցի մի կին:
Սկզբում հարկադրաբար թշնամի դարձած երկու գյուղերի բնակիչները զգուշացնում էին միմյանց նախապատրաստվող հարձակման մասին: Հետո ռազմական գործողությունները սկսեցին ողջ թափով, ու նրանց կապը վերջնականապես խզվեց:
«Նրանք մեր երեխաներին են սպանել, ինչպե՞ս կարելի է դա մոռանալ: Դարեր պետք է անցնեն...»:
«Տունս ավիրել է տանկը»:
«Կրակոցներից խլացել եմ»:
«Ամուսինս ոտքն է կորցրել, պայթել է ականի վրա»:
«Հայերը դուշման են»:
«Անասուն չենք կարող արածացնել, ամեն տեղ խրամատներ են»:
Գյուղացիներից ոմանց ձայնում կա ատելություն, սակայն դա հիմնականում վերացարկված ատելություն է պատերազմը սկսողների, այլ ոչ միմյանց հանդեպ: Բնակիչները հիշում են անուններ երբեմնի հարեւանների, հետաքրքրվում' արդյոք նրանք ո՞ղջ են դեռ, երկչոտ ցանկություն հայտնում տեսնվելու վաղեմի ընկերների հետ:
«Ուրիշ հայերի մասին չգիտեմ, բայց Այգեպար գյուղում ապրողները մեզ պես ուզում են խաղաղություն ու հանգստություն»:
«Պատերազմը ոչ մենք ենք սկսել, ոչ հարեւան գյուղի հայերը, ինչ-որ տեղ ինչ-որ մեկն է սկսել, ի՞նչ իմանամ»:
Գյուղացիները նաեւ չգիտեն ստեղծված փակուղուց ելքը: Բայց ֆիլմի նպատակը լուծումները որոնելը չէ. ֆիլմերն անաչառ հայացք են ձգում այս երկու հեռավոր, հարեւան գյուղերի վրա, առանց միջամտելու բացահայտում կեղեքված ճակատագրերը, մարդկային հարաբերությունները, տալիս են իրավիճակի փոխըմբռնման հնարավորություն:
Ֆիլմերը նաեւ ցուցադրվել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագրի շրջանակում: Դիտումներից հետո կայացած քննարկումները բավականին բուռն էին: Հայ հանդիսատեսի վերաբերմունքը ֆիլմի հանդեպ մեծամասամբ բացասական էր:Քննարկման մասնակիցներից մեկն, անդրադառնալով հայկական ֆիլմի հերոսուհուն, ով ասում է, թե ամեն ինչ սկսեց Ղարաբաղից, պաթետիկ բացականչեց.
«Ախր դուք էս ի՞նչ եք անում, չէ՞ որ զենք եք դնում թշնամու ձեռքը: Հասկացանք, ճշմարտությունն եք ուզում ցույց տալ: Մարդ կա Երեւանում' ասում է' մենք ենք ամեն ինչում մեղավորը, բայց հո դա չե±նք կարող դնել ֆիլմում, չի կարելի այդպես միամիտ լինել»:
«Ադրբեջանցիները դիտավորյալ հայերին վատ են ներկայացրել ֆիլմում ու սուտ-սուտ բաներ են ասել հայերի մասին: Իրենց էլ ներկայացրել են որպես տուժածներ: Մինչդեռ միակ տուժածներն այստեղ մենք ենք»,-ասաց ծանոթներիցս մեկը մեկ այլ դիտման ժամանակ:
Շատերը նրա հետ համաձայնեցին: Այնպես որ, երկխոսության գաղափարը դեռեւս այնքան էլ ընդունելի չէ հայերի համար:
Հարցազրույց հայկական ֆիլմի սցենարի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանի հետ
- Պարոն Պասկեւիչյան, ինչպե՞ս ծնվեց նման նախագծի գաղափարը, եւ ինչպե՞ս ստացվեց, որ կրոնական կազմակերպություններն աջակցեցին դրան:
- Նմանատիպ գաղափար շատ վաղուց կար: Անցած տարի «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան» հիմնադրամի տնօրենն ասաց, որ ցանկություն կա անելու տարածաշրջանային համագործակցության ծրագիր կրոնական հարթության վրա: Հետո մտածեցինք, որ այդպես ճիշտ չի լինի. երկու կողմերից էլ կրոնավորները չեն մասնակցել հակամարտությանը, պատերազմը կրոնական հողի վրա չի ծագել: Բայց, մյուս կողմից, նաեւ կրոնավորները կարող են միջնորդ լինել հակամարտության լուծման հարցում:
Այդպես ընտրեցինք մոտ 12 թեմա' հարեւան գյուղերի պատմությունը, երկու կողմերի գերիների, փախստականների պատմությունը, մշակութային գործիչների ու գիտնականների կարծիքներն իրավիճակի վերաբերյալ, ովքեր ժամանակին շփվել են միմյանց հետ եւ այլն:
Որոշեցինք որպես առաջին թեմա վերցնել հարեւան գյուղերի պատմությունը, գտանք մեր գործընկերներին Ադրբեջանում, հանդիպեցինք իրար հետ Թբիլիսիում, քննարկեցինք ֆիլմերի հիմնական մոտեցումներն ու սկզբունքները, ընտրեցինք գյուղերը: Երկուսս էլ ուզում էինք պատկերել գյուղեր, որոնք իրար տեսնում են, որպեսզի «այդ հեռավոր, հարեւան գյուղում» գաղափարն ավելի տեսանելի լինի. մարդիկ միմյանց տեսնում են, բայց բացարձակ շփում չունեն արդեն տասնչորս տարի:
- Քննարկումների ժամանակ միահամուռ կարծիք կար, որ հայերն ավելի խաղաղասեր (պացիֆիստ) են ներկայացված, քան ադրբեջանցիները:
Վստահ ասում եմ' գնացեք Այգեպար, ծեծեք ցանկացած մարդու դուռը ու ձեզ կասեն նույն բաները, ինչ ինձ են ասել: Մենք մեր առջեւ խնդիր չէինք դրել որեւէ բան ցույց տալու: Այսինքն' հենց սկզբից էլ պայմանավորվել էինք, որ այն, ինչ մենք անում ենք, չի կարող էական ազդեցություն ունենալ հակամարտության վրա: Բայց սա կարող է լինել ճանապարհ, մեթոդ: Որոշել էինք նախ' չունենալ հեղինակային տեքստ, եւ երկրորդը' պետք չէ ոչինչ գունազարդել: Երբ ադրբեջանցիների հետ նայում էինք հում նյութը, մտածում էինք, թե այս կամ այն հերոսի խոսքերը կարող են հարցեր առաջացնել, բայց ճշմարտությունը ներկայացնելու մեր որոշումն անփոփոխ էր: Ինչ վերաբերում է պացիֆիզմին, այդ բառն այստեղ օգտագործելը տեղին չէ: Պարզապես մարդկանց ( այգեպարցիների) ոչ հարձակողական կերպարը մի քանի պատճառ ունի: Առաջինը' մենք այս կամ այն կերպ հաղթած ենք այս պատերազմական փուլում, երկրորդը' այգեպարցիները, լինելով քաղաքատիպ ավան, ավելի շատ բան են կորցրել, քան Ալիբեյլիի բնակիչները: Այնտեղ արտադրություն կար, բոլոր ճանապարհներն անցնում էին իրենց գյուղով, գյուղացիներից մեկը նույնիսկ ասում էր. «Մենք աշխարհի կենտրոնն էինք, հիմա դարձել ենք ծայրամասերի ծայրամաս, աշխարհից կտրված»: Իրենց մոտ իրենց երբեմնի լավ վիճակի կարոտախտ կա: Իրենք նախապատվությունը տալիս են ավելի շատ տնտեսական, քան քաղաքական գործոններին:
- Ինչու՞ հայկական ֆիլմում չկան երեխաներ:
- Հայ երեխաները բացարձակապես ոչինչ չգիտեին ադրբեջանցիների մասին: Երիտասարդներն էլ մոտավոր պատկերացումներ ունեին: Երեխային բան բացատրելու երկու ձեւ կա' կամ տանում ես մարդու մոտ, ասում ես' սա մեր բարեկամն է, ծանոթացիր, կամ էլ հեռվից ցույց ես տալիս, ասում ես' սա մեր թշնամին է, իմացիր: Գյուղում էլ դե չեն ունեցել երկրորդի կարիքը եւ առաջինի հնարավորությունը: Առհասարակ անտարբերության մթնոլորտ կար:
Ադրբեջանցի երեխաներն էլ երբ ասում են' հայը դուշման է, դա ընդամենը քարոզչության արդյունք է: Բայց ֆիլմից երեւում է, որ այդ մարդիկ ապրում են նույն հոգսերով ու ուրախություններով:
- Այն դիտումներին, որոնց մասնակցել եմ, հայ հանդիսատեսի կարծիքը թե՛ գաղափարի, թե՛ ֆիլմերի վերաբերյալ մեծամասամբ բացասական էր: Ինչ-որ տեղ նույնիսկ հասնում էր ֆանատիզմի:
- Ես այդ մարդկանց լուրջ չեմ վերաբերվում: Որոշ մարդկանց թվում է, որ եթե ասում ես ճշմարտությունը, ապա ինչ-որ մեկի ձեռքը զենք ես տալիս: Չէ, ճշմարտությունն առաջին հերթին մեզ է պետք:
Այս նախագիծն առաջինն էր իր տեսակով, դրա համար հարձակումները սպասելի էին: Բայց դա կարեւոր չէ, մեզ պետք էր, որ մտածեին սրա մասին: Նախագծի հաջորդ զույգի ժամանակ քննարկումները, կարծում եմ, որակապես կփոխվեն:
Ֆիլմը պրոպագանդա չէ, նկարահանված է ոչ թե միջազգային լսարանի, այլ ադրբեջանական եւ հայ հասարակության համար:
Տասնչորս տարի ձգվող հրադադարը, որը, փաստորեն, մի տեսակ պատկերանում է մեզ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձգվող անանցանելի սահմանի տեսքով, բավականաչափ հեռացրել է մեր հասարակություններն իրարից, եւ մենք տարիների ընթացքում բավարար պատկերացումներ չունենք իրար մասին: Իսկ առանց բավարար պատկերացումների դժվար կլինի խոսել հաշտեցման եւ խաղաղ համակեցության մասին:
Մեր հաջորդ քայլն է ֆիլմերը ցուցադրել Այգեպարում եւ Ալիբեյլիում ու այդ ցուցադրությունից հետո գյուղացիների արձագանքի մասին փոքր ֆիլմ անել:
Հարցազրույց ադրբեջանական ֆիլմի ռեժիսոր Այազ Սալաեւի հետ
- Պարոն Սալաեւ, ֆիլմերն ինչպե՞ս ընդունեց ադրբեջանցի հանդիսատեսը:
Ֆիլմերը դեռ լայնորեն չեն ցուցադրվել, չգիտեմ' երբեւէ կցուցադրվե՞ն: Սակավաթիվ դիտումներից հետո ես եկա հետեւյալ եզրակացության.
կեցցե-հայրենասերները ֆիլմը պարսավում են ընկերության նոստալգիկ հիշողությունների համար ( ադրբեջանական) ֆիլմի սկզբում, փոքրաթիվ խաղաղասերները' հերոսների ասածների համար (հայը դուշման է) ֆիլմի երկրորդ մասում: Ոչ խորը հանդիսատեսը' նրա համար, որ հերոսներն անում են միմյանց բացառող հայտարարություններ: Ավելի բարձր մակարդակի հանդիսատեսին դա պարզապես զարմացնում է:
Այս ամենից ես արդեն որերորդ անգամ եկա այն եզրակացության, որ ցանկացած ճշմարտություն միշտ վեր է կյանքի վերաբերյալ ցանկացած օրինաչափ եւ տեսողական պատկերացումներից: Կարծում եմ' բոլոր հակամարտությունները, ինչպես նաեւ քսենոֆոբիան եւ ազգայնամոլությունը, առաջանում են նրանից, որ մարդիկ կյանքի մասին իրենց պատկերացումները կառուցում են' ելնելով ոչ թե հենց կյանքից, այլ իրենց սեփական տկար-տենդենցիոզ գաղափարախոսական պատկերացումներից նրա մասին:
Նման ֆիլմերում հանդիսատեսի մեծ մասը միշտ էլ տենչալու է էկրանից լսել այն, ինչ ուզում է, այլ ոչ թե այն, ինչը իրողությունն է:
Ինչ վերաբերում է հայկական ֆիլմին, կարծիքները մոտավորապես այսպիսին էին' հեղինակներն, ըստ երեւույթին, մտածված չեն ներառել ագրեսիվ հարձակումները, որպեսզի ի լուր աշխարհի ցուցադրեն հայերի խաղաղասիրությունը:
- Ինչպե՞ս է Ադրբեջանի ժողովուրդը վերաբերվում երկխոսության գաղափարին:
- Չեմ կարող խոսել ողջ ժողովրդի անունից, դա բարդ հասկացություն է, սակայն, ըստ իս, հասարակությունում շրջանառվում է այն կարծիքը, որ երկխոսության միտքը հիմա ավելի ձեռնտու է հայկական կողմին. իբր, այն բանից հետո, երբ նրանք հասան իրենց ուզածին, լիովին բավարարվելու համար նրանց հիմա էլ պետք է կայունություն տարածաշրջանում ( ես միայն փոխանցում եմ ուրիշների կարծիքները):
- Կարելի՞ է ասել, որ ալիբեյլիցիների վերաբերմունքը հայերի հանդեպ առհասարակ ադրբեջանցիների վերաբերմունքի մոդել է:
- Կարծում եմ' այո: Ամեն դեպքում, հույս եմ տածում, որ այդ մասին ֆիլմով կարելի է դատել մեծ ճշտությամբ:
Այս կապակցությամբ կբերեմ մի քանի ընդհանուր դատողություն, հատված իմ հոդվածից.
«Ինչպես հայտնի է, «ժողովուրդ» հասկացությունը վերջին ժամանակներս ենթարկվել է էական ձեւափոխության: Զգալիորեն կրճատվել է արտադրողական աշխատանքով զբաղված բնակչության մասը եւ մեծացել է այն մասը, որը զբաղված է ծառայությունների, առեւտրի, դրամաշրջանառության ոլորտում: Մշակութա-պատմական տեսանկյունից միայն առաջին մասը կարող է «ժողովուրդ» կոչվել: Զբաղված ամենօրյա ֆիզիկական աշխատանքով' այն նվազագույնս է ներառված մակերեւութային հարաբերություններում եւ ավելի շատ է պահպանում ազգային-պատմական օրգանիզմի հիմքերը: Այդ պատճառով հենց նման մարդկանց կարծիքն է հանդիսանում առավել կարեւոր եւ որոշիչ: Եթե ուզում եք, հենց նրանց շուրթերով է խոսում ճշմարտությունը՚:
- Ձեր ընդհանուր որոշումն էր լինել բացարձակ անաչառ եւ բացառել հեղինակային տեքստերը: Այնուամենայնիվ, նկարահանումների ժամանակ եղե՞լ են «վտանգավոր պահեր», որոնք գերադասել եք չներառել ֆիլմում:
- Իմ կարծիքով, հեղինակային տեքստի առկայությունը վավերագրական ֆիլմերում առավել հաճախ ռեժիսորի թուլության նշան է. ըստ իս' կադրի ետեւում տեքստին կարելի է դիմել միայն ամենաբացառիկ դեպքերում:
Ամենայն անկեղծությամբ կասեմ, որ այն ամենը, ինչ վերաբերել է թեմային, ընդգրկվել է ֆիլմում: Սկսելով նկարահանումները' ես նախատեսում էի չներառել միայն այն, ինչը դուրս կլիներ էթիկական նորմերից, օրինակ' ոչ նորմատիվ բառապաշարը, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չէր հայհոյում: Ես չեմ ընդգրկել միայն այն, ինչը կարծես փոքր-ինչ ավելի շատ էր հուզում մեր հերոսներին, բայց ոչ մի առնչություն չուներ թեմային' իրենց բողոքները նյութական եւ կենցաղային խնդիրների վերաբերյալ:
Մեկնաբանել