HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան ներմուծվող մեքենաների քանակը կտրուկ աճել է. որտեղից և ինչքան է բերվում

Հայերը շտապում են մինչև տարեվերջ հասցնել արտասահմանից ավտոմեքենաներ ներմուծել, քանի դեռ դրանց մաքսատուրքերը չեն բարձրացել։ Հետեւաբար, Հայաստան ներկրվող մարդատար ավտոմեքենաների քանակն այս տարի կտրուկ աճել է։ Ոմանք մեքենա են բերում սեփական օգտագործման համար, ոմանք՝ հետագայում այն ավելի բարձր գնով վաճառելու նպատակով։ Դրանք բերվում են Գերմանիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Կորեայից և այլ երկրներից։ 

Ըստ Մաքսային ծառայության տվյալների՝ առաջին կիսամյակում ներմուծվել է 53 210 հատ մարդատար ավտոմեքենա։ 2018 թվականի առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, ներմուծվել է 26 410 ավտոմեքենա։ Այսինքն՝ այս տարի ներմուծվող մեքենաների քանակը կրկնակի աճել է։

Ինչ վերաբերում է արժեքին, ապա այս տարվա առաջին կիսամյակում ավտոմեքենաների ներմուծման ընդհանուր արժեքը (մաքսային արժեքը) կազմել է 139 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 32 մլն դոլարով կամ 29.5 %-ով։

Ուրեմն, ներկրվող մեքենաների քանակն ավելի մեծ տեմպերով է աճել, քան արժեքը։ Սա նշանակում է, որ հայերը սկսել են ավելի էժան ավտոմեքենաներ ներկրել։ Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում ներմուծվող մեկ ավտոմեքենայի միջին մաքսային արժեքը կազմել է մոտ 4.1 հազար դոլար, ապա այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 2.6 հազար դոլար։ Հիշեցնենք, որ մաքսային արժեքը ներառում է ինչպես ապրանքի ձեռքբերման գինն, այնպես էլ՝ փոխադրման, ապահովագրության, բրոքերային և բոլոր այն վճարները, որոնք ներմուծողը կատարում է մինչև ապրանքը Հայաստանի սահման հասցնելը։

Վստահաբար կարելի է ասել, որ Հայաստան ներմուծվող մեքենաների աճը շարունակվում է նաև այսօր և տարեկան կտրվածքով այն զգալի է լինելու։

Վերջին տարիներին ներմուծվող ավտոմեքենաների քանակն աստիճանաբար աճել է։ Այս տարվա ցուցանիշները ռեկորդային են։ Քաղաքացիները փորձում են մինչև տարեվերջ տեղ հասցնել ու մաքսազերծել մեքենաները, քանի դեռ դրանց մաքսատուրքերը չեն բարձրացել։ 2020 թվականից ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրանալու են և համապատասխանեցվելու են ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին։ Օրինակ, ինչպես երկու օր առաջ պարզաբանել է Էկոնոմիկայի նախարարությունը , եթե այսօր 5-7 տարեկան ավտոմեքենաների համար (հաշվի են առնվում նաև շարժիչի ծավալները) գանձվում է 10 % մաքսատուրք, ապա՝ 2020 թվականի հունվար 1-ից այն դառնալու է 20 %: Այլ խոսքով՝  ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում մի կողմից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը ԵԱՏՄ երկրներից (Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ներկրման պարագայում նվազեցվել են ու նշված երկրներից ավտոմեքենա ներկրելը դարձել է ավելի էժան, մյուս կողմից՝ զգալիորեն թանկանում է Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից և այլ երկրներից մեքենաների ներմուծումը։ Եթե քաղաքացին չհասցնի մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը կազմակերպել ավտոմեքենայի ներմուծումն ու մաքսազերծումը, ապա՝ հաջորդ իսկ օրվանից ստիպված է լինելու շատ ավելի բարձր գին վճարել դրա համար։ Սպասվում է, որ եկող տարվանից Հայաստանում կթանկանան ինչպես ավտոմեքենաները, այնպես էլ՝ դրանց առանձին մասերը։

Ի դեպ, այս տարվա առաջին կիսամյակում ավտոմեքենաները Հայաստան ներմուծվող ապրանքների շարքում, ըստ մաքսային արժեքի, երկրորդ տեղում են. զիջում են միայն գազին և բնական հեղուկին։

Այս տարվա առաջին կիսամյակում առավել մեծ քանակի ավտոմեքենաներ ներմուծվել են Գերմանիայից՝ 22 000 հատ, որի ընդհանուր արժեքը կազմել է 38.1 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2018-ի նույն կիսամյակում Գերմանիայից բերվել է ընդամենը 10 500 ավտոմեքենա՝ մոտ 27 մլն դոլարի։

Երկրորդ տեղում Ճապոնիայից բերված մեքենաներն  են։ Ներմուծվել է 14 800 հատ մեքենա՝ մոտ 40.3 մլն դոլարի։

Նույն ընթացքում ԱՄՆ-ից ներմուծվել է 10 700 հատ ավտոմեքենա՝ մոտ 37 մլն դոլարի։

Մարդատար ավտոմեքենաներ են ներմուծվել նաև Կանադայից, Կորեայի Հանրապետությունից, Չինաստանից, Մեքսիկայից և այլն։

Պակասել է Ռուսաստանից ներմուծվող մեքենաների քանակը՝ կազմելով 229 հատ (2018 թվականի առաջին կիսամյակում՝ 408 հատ): Սակայն, Ռուսաստանի ցուցանիշը ներառում է միայն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ներմուծած ավտոմեքենաների քանակը։ ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության ղեկավար Մնացական Շարաֆյանը «Հետք»-ին պարզաբանեց, որ Ռուսաստանի ցուցանիշը, ինչպես ԵԱՏՄ մյուս երկրների, չի ներառում ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող մեքենաների քանակը։ Դրանք մաքսային վիճակագրության մեջ չեն հաշվառվում, քանի որ համարվում են մեկ միասնական մաքսային տարածքի երկրներ։ Ենթադրվում է, որ ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից Հայաստան ներմուծվող մեքենաների քանակը ևս մեծ չէ, քանի որ, ինչպես նշվեց վերևում, մաքսատուրքերի խնդիրը վերաբերում է ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծմանը, հետևաբար՝ այս պահին քաղաքացիներն ավելի հետաքրքրված են ոչ ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծմամբ։

Մյուս բոլոր երկրների պարագայում, որոնք նշված են նյութում, ֆիզիկական անձանց կողմից ներմուծումները ներառված են։ 

Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստան ավտոմեքենա ներմուծած խոշոր կազմակերպություններից է «Ավտոներկրող-10»-ը, որն այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 20-րդ տեղը։ Այն հունվար-հունիսին վճարել է մոտ 3.5 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ընդամենը 85 մլն դրամի դիմաց։ Սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես է ավտոմեքենաների ներմուծման արդյունքում հարկերի աճ գրանցվել, սակայն այս երևույթը շարունակական չի լինելու, քանի որ դեկտեմբերի 31-ից հետո, ենթադրվում է, որ մեքենաների ներկրումը զգալիորեն կպակասի, հետևաբար՝ կպակասեն նաև այս գծով պետբյուջեի եկամուտները։

Խոշոր ներկրողների շարքում են նաև «Տոյոտա Երևան», «Ավտո էքսպրես», «Ռոսարս», «Ավտոարտ», «Ավտոներկրող-4» և այլ ընկերություններ։

Ավոտմեքենաների ներմուծման կտրուկ աճի հատեւանքով փողի արտահոսքը Հայաստանից նույնքան կտրուկ աճել է

Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) ամեն ամիս ներկայացնում է ֆիզիկական անձանց կողմից բանկերի միջոցով արտասահմանից դեպի Հայաստան, ինչպես նաև՝ Հայաստանից արտասահման կատարվող դրամական փոխանցումների վիճակագրությունը։ Այս տարվա հունիսի ցուցանիշներում միանգամից աչքի է ընկնում փողի արտահոսքի կտրուկ աճը։

Այսպես, 2019 թվականի հունիսին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից արտասահման են ուղարկել 126 մլն դոլարին համարժեք գումար՝ 2018 թվականի նույն ամսվա 76 մլն դոլարի դիմաց։ ԿԲ-ից մեկնաբանում են, որ 2019 թվականի հունիս ամսին արտահոսքի աճը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով, ինչպես նաև 2018թ. հունիսին արձանագրված ցածր մակարդակով՝ այն զգալիորեն զիջել է հունիս ամսին նախորդող և հաջորդող ամիսների մակարդակներին:

Հատկանշական է, որ պակասել է Հայաստանից դեպի Ռուսաստան փողի արտահոսքը՝ 2018 թվականի հունիսի 105 մլն դոլարի նկատմամբ 2019 թվականի նույն ամսում կազմելով 92 մլն դոլար։ ԿԲ-ի ներկայացրած տվյալներում առկա են միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի ցուցանիշները, սակայն դատելով ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունից՝ կարող ենք ենթադրել, որ ավելացել են Հայաստանից ոչ միայն դեպի ԱՄՆ, այլև՝ ԵՄ երկրներ, Չինաստան, Կորեա, Կանադա և այլն երկրներ ուղարկվող փողի ծավալները։  

Մեկնաբանություններ (3)

Artur again
ani jan, will you please explain where you learned about English grammar?
Սամվել Հովասափյան
Փաստորեն ստացվում է, որ մեքենաների գնման միջին արժեքը կազմել է մոտ 2,4 հազար դոլար, սա ծաղր է․․․
ani
is that really correct? are second-hand cars bought in EU/EFTA countries not effectively in much better condition than cars imported from EAEU , just because the controle tests are muchmore severe in EU/EFTA ? I think at security as also at air-polution ! I stood for a while in Erevan, and the second day my eyes were burning and swollen, I was coughing and my lungs in pain... so CLEANER cars should be cheaper

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter