
Այսօր՝ Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա
Այսօր՝ ժամը 17:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2020»-ի ընտրական փուլի 10-րդ խմբի Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը: Հիշեցնենք, որ մարտի 23-ին Սարաեւոյում կայացած առաջին խաղում մեր թիմը պարտվեց 1-2 հաշվով: Միակ գոլը մերոնցից խփեց Մխիթարյանը՝ խաղի հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մ հարվածը:
Բոսնիացիների հետ Հայաստանի ընտրանին մրցել է նաեւ 2010-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում, որը մեզ համար բավականին անհաջող էր: 2008-ի հոկտեմբերի 10-ին Զենիցայում մերոնք պարտվեցին 1-4 հաշվով, միակ գոլը խփեց պաշտպան Վահագն Մինասյանը, իսկ 2009-ի սեպտեմբերի 5-ին Երեւանում գրանցվեց 0-2՝ հօգուտ հյուրերի:
Համեմատության համար ասենք, որ այս պահին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 98-րդն է, իսկ բոսնիացիները՝ 43-րդը:
Այսօրվա խաղը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական անձնակազմը՝ Բենուա Բաստիենի գլխավորությամբ, նրա օգնականները կլինեն Հիշամ Զաքրանին եւ Ֆրեդերիկ Հաքեն։ 4-րդ պաշտոնյան Բենուա Միլոն է։ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչը կլինի Նիկոլայ Իվանովը (Ռուսաստան)։
Հիշեցնենք, որ այս պահին 10-րդ ընտրական խմբում 15 միավորով առաջատարը Իտալիան է, որն այսօր հյուրընկալվելու է Ֆինլանդիային, որն ունի 12 միավոր եւ երկրորդն է խմբում, բոսնիացիները 7 միավորով երրորդն են, մերոնք ունեն 6 միավոր եւ չորրորդ տեղում են, հույները վաստակած 4 միավորով հինգերորդն են ու այսօր տանն ընդունելու են Լիխտենշտայնին, որը միավոր չունի: Բացի մեր հանդիպումից՝ մյուս երկուսը մեկնարկելու են Երեւանի ժամանակով 22:45-ին:
Լուսանկարում՝ դրվագ Բոսնիա եւ Հերցոգովինա-Հայաստան առաջին հանդիպումից (ՀՖՖ)
Մեկնաբանել