HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Անահիտ Արամունի Քեշիշյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում գրականագետ, դերասանուհի, պրոֆեսոր Անահիտ Արամունի Քեշիշյանն է։

Անահիտ Արամունի Քեշիշյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Որքան էլ մարդը փորձի ազնիվ լինել ինքն իր հետ, որքան էլ փորձի անկեղծ լինել իր եւ մարդկանց հետ, ձեւն անընդհատ է։ Հիմա ինչքան էլ Անահիտը փորձի անկեղծ մի դիրքից խոսել, նկատի է ունենալու իր հանդիսատեսին ու ընթերցողինայսինքն իր միջից դուրս եկածը մի թեթեւ գրաքննության է ենթարկվելու, եւ այդ գրաքննությունը տեղի է ունենալու անկախ իրենից․․․ Ոչ ոք անմեղ չէ այս հարցում, քանի որ տպավորելու խնդիրը միշտ առկա է։

Մարդը կարող է զանազան կերպերով ներկայանալ հանրությանը, հետո մտնել տուն, հանել շպարը ու… Գուցե  արտասվել, որովհետեւ մենակ է, որովհետեւ տառապում է այդ մենությունից, իսկ մարդկանց մեջ թողել է այլ տպավորություն։

Երրորդ այս տարածությունն Անահիտի համար հենց այն տեղն է, որտեղ դեռ գրաքննված չէ առնվազն ինքն իր կողմից։ Գրաքննվել չի նշանակում կեղծելինքն ուզում է արգահատելի չերեւալ, ինքն ուզում է մեծամիտ չերեւալ, չերեւալ ի վերջո խոցելի, իսկ դա նշանակում է շարունակել կրել ձեւը, շարունակել դերով ներկայանալդրանից խուսափում չկա․․․ 

Այլապես այնքան տգեղ, քաչալ ու այլանդակ էինք լինելու բոլորս, եթե մեր իրական դեմքով ներկայանայինք, եթե պատրաստ լինեինք առանց շպարի դուրս գալ մարդկանց մեջ։ Տպավորություն էր լինելու, որ վաղ առավոտյան արթնացրել ես մի խումբ դերասանների, ովքեր գիշերը չեն հասցրել լվացվել ու լղոզված են մնացել։

Երրորդ տարածությունը հենց այդ լղոզված դեմքի տարածությունն է, որն, իհարկե, վախեցնող է։ 

․․․Եվ այնուամենայնիվ, ամենից շատ չեմ սիրում ձեւական մարդուն, ամենից շատ չեմ սիրում հավակնոտ մարդուն․․․ Նրանց, ովքեր հինգ գիրք են կարդացել ու փորձում են ուրիշ կերպ դրսեւորել իրենց, նրանց, ովքեր դրանից մի քիչ շատ են կարդացել եւ հանկարծ ընդունում են «ինտելեկտուալի» կեցվածքը։ Անկեղծ եմ ասում՝ այդ մարդկանց հետ առնչությունն ինձ այնքան տհաճ է, երբեմեն այնպես եմ ուզում փախչել այդ մարդկանցից, հեռանալ, գնալ մի գյուղ ու ընկերակցել կթվորուհուն, զրուցել նրա հետ իր առօրյայից, իր խնդիրներից։ 

Խելացի երեւալու այդ ճիգը ավելի շատ է նկատում եմ Հայաստանում, քան իմ ապրած այլ երկրներում, բայց ախր ինչու, ինչի համար է այդ վեհ պահվածքը, ինչի համար այդ խաղը, երբ, միեւնույնն է, սայթաքելու ես, երբ մի տեղ այլեւս խաղը չի փրկելու։

Հիմա վախենում եմ՝ մեկն էլ ինձ մի այդպիսի վերագրում անի։

Մինչեւ վախիդ մասին կբարձրաձայնեիր, ուզում էի հարցնել՝ իսկ կա մեկը, ով չունի հավակնություն։ 

Եթե ապրես ու ընկերություն անես ի ծնե կամ երկար տարիներ արեւմտյան մշակույթը կրող մարդու հետ, կտեսնես, որ իսկապես կան եւ այնպիսինները, ովքեր հավակնոտ չեն։ Խնդրում եմ՝ չշփոթես հավակնությունը ամբիցիայի հետայս երկուսի արանքում մի շատ նուրբ, բարակ գիծ կա, որը խախտվելու դեպքում մի կողմից ընկնում ես մյուս կողմը։

Առանց մեծ ամբիցիաների չէր ստեղծվի այն աշխարհը, որ կա, կամ, որն ուզում ենք որ լինի, առանց ամբիցիաների ես չէի ստեղծի հայկական դպրոց, քոլեջում դասեր չէի տա, UCLA-ում հազարավոր ուսանողներ չէի ունենա․․․ Ես խոսում եմ անբովանդակ դերի մասին, որը մենք ստանձնում ենք։

Լսում եմ՝ «իմ տղան պատրաստված տղա է»սա ի՞նչ արտահայտություն է, ինչի՞ն է պատրաստ տղադ՝ խոտ հնձելուն, ինչու՞ պիտի ինքն իրեն անընդհատ պատրաստվածի այդ դերում պահի, հանկարծ չսայթաքի, հանկարծ չտեսնեն, որ ինքն այն չէ, ինչ իրեն վերագրել են։

90-ականներին, երբ ամեն տարի Հայաստան էի գալիս, չէի կարողանում շփվել հասակակիցներիս հետ․․․ Անգամ ինձնից երիտասարդները մտածում էին՝ հանկարծ հարց չտան, հանկարծ ջերմություն չդրսեւորեն՝ կարծելով, թե հարցադրումը կարող է իջեցնել իրենց՝ իրենց գրողական, նկարչական կամ էլ գիտական աստիճանից։ 

Դու հարցեր տալի՞ս ես։

Անընդհատ եմ տալիս։ Սպասի՛ր, կարճ ասեմ ավելիհայաստանյան իրականության մեջ պակասում է հենց հարցեր տալու մշակույթը, եւ առավել եւս պատասխանին հետեւող հարցադրման մշակույթը։ Այստեղ երբեմն հարցը կամ իրար հաջորդող հարցերը կարող են դիտարկվել որպես չիմացության արդյունք, թերակայություն․․․ Ու մեկ էլ տեսնում ես՝ պարզ մարդը ֆեյսբուքում կամ մի այլ տեղ գրում է «ես ամեն ինչ գիտեմ» կամ «ոչ ոք այս մասին ավելի լավ չգիտի, քան ես», «իմ ասածը բացարձակ, վերջնական խոսքն է» եւ այլն։ Ախր այդպես չի, ախր ինչի կասկածի տակ չես դնում ասածդ։ 

Անահիտ, գուցե  մասշտաբն այս հարցում կարեւոր դեր ունի։ Տես՝ հաճախ մեր արտահայտածը անձնավորվում է, միտքը մղվում է երկրորդ պլան, թիրախավորվում է օբյեկտը․․․

Համաձայն եմ, բայց կասկածի տակ դնել ասածդ չի նշանակում բացեիբաց խոցելիության դրվելխոսքը պարզ արտահայտության մասին է, խոսքը բացարձակ «իմացություն»  ի ցույց դնելու մասին է՝ այն հավակնության, որի մասին խոսեցինք քիչ առաջ․․․ Գուցե մեկն իր նկուղում 20 տարի ուսումնասիրում է այն, ինչի մասին դու այդքան ինքնավստահ գրել ես։ Նույնիսկ, եթե այդ ուսումնասիրողն անգամ չկա, ախր կան ու պետք է լինեն խնդիրների մասին նաեւ այլ կարծիքներ, այլ մոտեցումներ։ 

Ես էլ անմեղ չեմ դրանում հաճախ եմ ասում օրինակ՝ Հայաստանն ու սփյուռքը ես հիանալի գիտեմ եւ փաստարկում եմ, որ տասը տարի ապրել եմ Սովետական Հայաստանում, որ կյանքիս 49 տարին ապրել եմ սփյուռքի տարբեր վայրերում, որ  25 անգամ եկել եմ Հայաստան, որ իմ ու պատահական զբոսաշրջիկի իմացությունը տարբեր է, բայց նույնիսկ այս դեպքում ինձ իրավունք չեմ վերպահում ասելու, որ Հայաստան-սփյուռքը ինձնից ավելի լավ իմացող չկա։

Իմ ասածը վերաբերում է ինքնահիացմանը, դերի ստանձմանը, երբ խորքում ինքներս մեզ չենք էլ հավատում։ 

Հեղափոխության ժամանակ բացարձակ դիրքից արտահայտվողները կարեւո՞ր չէին։ 

Բարեբախտաբար համացանցն այս հարցի պատասխանն իր տեղն է գցել եւ թույլ է տվել ավելի շատ «տեսնել» ու «իմանալ» իրար մասին, քանի իրականության մեջ էր հնարավոր։ Շատերին այդպես ավելի խորքից ես ճանաչում, քան հնարավոր կլիներ հրապարակային մի ելույթից կամ հանրային առիթից առիթ հանդիպումներից։

Երբ նոր էր սկսվել շարժումը, նկատեցի, որ իմ սերնդակիցները (ինձնից 5-10 տարի երիտասարդներն այդ թվում) լուռ էինայդ զգուշավորությունը, վարանումն ինձ հասկանալի էր․․․ Հասկանալի կլիներ հետո էլ, եթե հանկարծ այդ «լռողները» հեղափոխությունից հետո չասեին՝ «մենք ակտիվ էին, մենք արեցինք»․․․ 

Չէ՛, սիրելի՜ս, ես հետեւել եմ, տեսել եմ, նկատել եմ, որ դուք չկայիք, որ լուռ էիք, այդ ինչպե՞ս հետո հանկարծ ոգեւորվեցիք, ասացիք, որ դուրս եք եկել, քայլել եք, մասնակցել եք․․․ Եվ այդ նույն «քայլողները» երեք-չորս շաբաթ հետո սկսեցին հանկարծ քննադատությունների շարանը, թե «հիասթափված ենք հեղափոխությունից», «չէ՜, այս նոր կառավարությունն էլ բան չի անում», «հե՜չ չէի սպասում»։ 

Հարցնող լինի՝ այդ ինչ կամ ում չէիր սպասում, ախր դու հենց սկզբից պասիվ էիր, ախր հենց սկզբից էլ պարզ էր, որ իջեւանցի, երբեմն փողոցի լեզվով խոսող Նիկոլը քեզ դուր չէր գալիս, ինչպես ժամանակին դուր չէր գալիս ղարաբաղցին ու գուցե սփյուռքահայը։ 

Ես խոսում եմ ստի, անազնվության մասին, որը շատ է։ Այսօր Ամուլսարի շուրջ բարձրացած արդար պայքարի եւ աղմուկի մի մասը այդ ստի մեկ թեւն է, կուտակված մաղձի պարպման միջոց ու հնարավորություն։ Այդպիսի առիթները հերթաբար ընձեռվում են դրանց։

Բայց մեծ խնդիրներին ու երեւույթներին անդրադառնալն այսօր բնականոն էի վերջո հարթակների հասանելիությունը տանում է նրան, որ շուրջդ կատարվածի մասին ցանկացած պահի կարող ես արտահայտվել, ամրագրել այն, ինչ մտածում ես։ Կարծու՞մ ես՝ սա միայն հայաստանցիներին է բնորոշ։

Նայիր, թե Հայաստանն իր դիրքով, իր մասշտաբով, բնակչության իր թվով, իր չափերով, քաղաքական, սոցիալական իր պատկերով, իր պատմությամբ որտեղ է, եւ կունենանք այդ հարցիդ պատասխանը։ 

Մասշտաբը դառնում է խոցելիության առիթ, բայց կա նաեւ պատմական խուճապի հարցըմենք հենց հիմա շփոթված հավաքականություն ենք, երբեմեն մտածում ենք, որ այն, ինչ եղել է հարյուր տարի առաջ, վաղուց էր․․․ Չէ՛, մեզ դեռ այնքան մոտ են ցեղասպանությունը, տասնամյականեր տեւած սովետական բռնաճնշումները, տրավմատիկ ներգաղթը, աքսորը, արտագաղթը, պատերազմը, էլի պատերազմը․․․ 

Եվ այս բոլորով հանդերձ ահա հայտնվել ենք աշխարհի քաղաքական քարտեզի վրա՝ որպես շատ հետաքրքիր մի ժողովուրդ, որն այսօր ստեղծում է նոր, ժողովրդավար երկիր, որը նաեւ առաջադիմում է։ Ունեցած ահռելի վատի ու այս լավի արանքում տեղավորվելու մեր վիճակը բարդացել էպիտի փորձենք։ 

Ուզո՞ւմ ես ասել՝ վիճակն ավելի իրական է, քան տեղավորվելու մեր հնարավորությունը։

Պատկերացրու, որ ես հանկարծ մի գեղեցիկ օր արթնանում եմ ու տեսնում, որ 25 տարեկանի տեսք ունեմ. զարմանում եմ, խուճապի մատնվում բա հիմա ինչպե՞ս եմ փողոց դուրս գալու, ինչպե՞ս եմ հայտնվելու մարդկանց․․․ Ու կորցնում եմ վարվելու ձեւերս ու փնտրում եմ նոր ձեւեր, նոր կեցվածք․․․Մենք հիմա մի տեսակ վախենում ենք տեղի ունեցած դրականից, չենք հավատում դրան ու փնտրում ենք կենցաղային ու գլոբալ նոր ռազմավարություն։

Կարծում եմ՝ ամենակարեւոր հոգեբանական խնդիրը, որ ունենք եւ՛ այստեղ, եւ՛ սփյուռքում (ուրիշ կերպ, ուրիշ տրամաբանությամբ) դատողությունների մեջ հանգիստ լինելն էամեն մեկը պարտավորված չէ կարծիք հայտնել, եթե հատկապես գիտացկում ենք, որ այդ կարծիքը անպայման չէ, որ արդյունավետ է, որ կարող է օգնել  երկրին։ 

«Օգնել երկրին», «կառուցել երկիրը» եւ այլ նմանատիպ արտահայտություններն իմ կարծիքով քաղաքացիական գիտակցության մաս են, բայց դրանց շրջանառությունն ավելի լայն է, քան քաղաքացիական հանրույթի տարածքում կտեղավորվեր։ Ստացվում է՝ քաղաքացի լինելն է խնդրականացվում, Անահիտ։ 

Երբ տեղափոխվեցինք Միացյալ նահանգներ, առաջին մեծ զարմանքս հենց քաղաքացու դրսեւորումն էր։ Եղբայրս վեպում մի հատված ունի, որտեղ անտուն մարդն է՝ անպիտան իրերով ու շորերով հագեցած սայլակով՝ այդ ամենի վրա տնկված ամերիկյան դրոշը․․․ Ու վա՜յ, եթե մեկը մի բան ասի Ամերիկայի հաշվին։ Այդ անտունը հպարտությամբ հայտարարում է՝ ինքը Ամերիկայի քաղաքացի է եւ պահելու, պաշտպանելու է իր երկիրը։ 

Համակարգի հարց է․․․ 

Հա, բայց զարմանալիորեն արագ ես որդեգրում դա։ Հայաստանից Ամերիկա տեղափոխվողներին հարցրումեկ-երկու շաբաթ հետո իրենք անում են բաներ, որ ամբողջ կյանք այստեղ չէին արել ու չէին անի (հավանաբար)։ 

Հայաստանում «ինադը» գերակշռում էչեմ անի այս ինչ բանը «քո ինադու» կամ կանեմ ինչ-որ բան՝ նորից «քո ինադու»։ Անցյալից եկած կապոցներ են կախված մեր վզներին, որոնցից ազատվել է պետք, այլապես ամենապարզ հարաբերություններն անգամ կվտանգվեն։

Քաղաքացիական շարժումները, ակտիվիստական շարժումները, պրոցեսները, որոնք տեղի են ունեցել վերջին տասնամյակում, հիմնականում ձեւակերպվել են որպես «ընդդեմ», որպես «ժխտող»դժվարանում եմ մտաբերել հակառակը, երբ կիրառվել է  «հանուն» ձեւակերպումը։

Տեղափոխությունիցս հետո մեկ շաբաթ է հավաքում եմ բակիս տարածքըանսովոր է եղել նստարանին շարված հարեւանների համար, ասել եմ՝ ներողություն, շնորհակալություն, բայց հաստատել եմ իմ անելիքը եւ շարունակել եմ հանուն ինչ-որ բանի, հանուն հաճելին տեսնելու ցանկության։ Ասում էիր համակարգ։ Համակարգն ի՞նչ էես ու դու ենք համակարգը, մնացածը կարգավորում է օրենքը։ Երբ ասում ես համակարգ, խնդիրը բարդանում է, հասկանու՞մ ես։ 

Դադար

Քննադատություններիս միակողմանի մի նայիրես շատ ապահով ու հանգիստ կյանք եմ թողել եւ եկել այստեղ, որովհետեւ սիրում եմ այստեղը, ավելին՝ նախընտրում եմ այստեղը, բայց չեմ կարող հաշվի չառնել այն, ինչ նախընտրելի է եղել այնտեղ՝ արեւմուտքում։ 

Հա, ամերիկացին գուցե քո առջեւ իր տան դուռը լայն չբացի, ներս չհրավիրի, սեղան չփռի, բայց դրսային հարաբերությունն անչափ հաճելի էմտար նոր շենք, բոլորն ասելու են՝ ողջույն, բարով եկար։  Հիմա ես եկել եմ, ասում եմ՝ բարեւ ձեզ, նոր եմ եկել Հայաստան, երկրորդ անգամ հայրենադարձվել եմ։ Չեմ կարող ասել, որ նույն ժպիտներով ու «welcome»-ներով են ընդունում ինձ, բայցեւ համոզված եմ՝ նեղն ընկած ժամանակ որոշ անտարբերներ քեզ համար կարող են դառնալ «հորքուր» ու «հոպար» ու քեզ պատսպարեն իրենց տանը։

Դադար

Ի՞նչ համակարգ, ի՞նչ համակարգպիտի այդ բառն առհասարակ հանել բառարաններիցսա սովորական մարդկային հարաբերություն է, մշակույթ է, օրն ուրախ կազմակերպելու կերպ է։ 

Դու անվանիր սա համակարգ կամ մի այլ բան, բայց ես ինձ հետ պիտի բերեմ լավը, մանր բաներով պիտի փոփոխությունը գրանցեմ, մուննաթի, վախի, անվստահության մթնոլորտը պիտի կամաց-կամաց ցրվի։ 

Ես սա ասում եմ՝ շատ լավ հասկանալով, որ ձեր այսքան դիմանալը հրաշքի պես է, որ այս ամենի միջով անցնելն ու չվախենալը, համարյա անհնարին բան է․․․Ես տաք-տաք կարող եմ խոսել, որովհետեւ Ամերիկայում աշխատել եմ,  այդ երկիրն ինձ ապահովել է ամեն ինչով, հնարավորություններ է տվել, ասել է՝ բարեխիղճ աշխատիր, եւ ես տեր կկանգնեմ քեզ․․․ 

Հասկանում եմ, որ իմ եւ իմ նմանների ձայնը տաք տեղից է գալիս, որովհետեւ միշտ ունենք ապահով տեղի այլընտրանքը, հասկանում եմ, որ ողջ օրը տանջված ու դրա դիմաց 4000 դրամ վաստակած մարդը չի կարող անընդհատ ժպտալ քեզ․․․ Դրա համար օդի մեջ չեմ կրակում, գիտեմ, որ այն, ինչ վայելում եմ հիմա, այդ տանջվածի ձեռքի սարքածն է, ու գիտեմ, որ ե՛ւ ես, ե՛ւ սփյուռքից ժամանած այլ մեկը պիտի շատ զգույշ լինի քննադատությունների մեջ․․․ Բայցեւայնպես, ես որոշում եմ կայացրել մնալու, ուրեմն պիտի փորձեմ շրջապատս բարելավել։ 

Տեղափոխման որոշումն ինչի՞ հետ էր կապված։

Սկիզբ է առել դեռ չորս տարի առաջ։ 2015-ին էր․․․ Եղբորս աղջկան՝ Լիլիթին գրեցի, որ Հայաստանում փոփոխության ծիլեր եմ տեսնում, հարցրեց՝ ինչ ծիլեր, պատասխանեցի՝ տղամարդիկ սկսել են գունավոր վերնաշապիկներ հագնել․․․

Եթե կոտրվում է կարծրացած մի բան, սգո քառասունքից դուրս գալու, տարին տալու պես մի բան է դառնումայդպես չորս տարի առաջ Հայաստանն ինձ համար իր «տարին տվեց»։ Լիլիթին գրեցի նաեւ, որ այս տենդենցների շարունակականության դեպքում մի քանի տարուց կտեղափոխվեմ Հայաստան։ 

Մինչ այդ ամեն տարի եկել եմ Հայաստան, գիտես։ 

Անընդհատ է եղել ներսը եւ դուրսը՝ ընդ որում փաստորեն, լինելով այստեղ, հստակ չէիր կարող ընդգծել «ներսում» ես, թե «դրսում»։ Այդ փորձառությունն ի՞նչ է տվել։ 

Հարստացել եմ դրանով։ Երբեմն մտածում եմ, որ երկկենցաղի, ավելի ճիշտ կլինի ասել՝ եռակենցաղի կյանք եմ վարել։ Ես շատ արագ գտա ինձ ամերիկյան միջավայրում՝ ըստ երեւույթին պատճառը Սովետական Հայաստանում ապրած տրավմաս էր։ Ափսոս շատ ժամանակ չունենք, որպեսզի առանձին դրվագներով քեզ պատմեմ, բայց ասեմ, որ ինձ ուղղակի հմայեց ամերիկյան պարզությունը։

Պատմիր։

Այդպիսի բազմաթիվ դրվագներից մեկը փորձեմ առանձնացնել։

Ուրեմն նոր էինք տեղափոխվել, երբ ընկերներիցս մեկը խնդրեց մարդ դիմավորել օդանավակայանից։ Այն մեկը, ում դիմավորելու էի, Հարվարդում եւ աշխարհի այլ համալսարաններում դասախոսող շատ հայտնի երիտասարդ ֆիզիկոս էր։

Ուրեմն գնացել եմ, կանգնել նշված խաչմերուկում, իսկ հյուրը չկա ու չկա։ Նկատում եմ, որ դիմացի մայթին սովորական չստիկներով, մազերն ուսերին թափված, անտուն մարդ հիշեցնող մի երիտասարդ է կանգնած ու անընդհատ իմ կողմն է նայում։ Պարզվում է, որ իմ սպասած ֆիզիկոսն է՝ պարզ, սովորական, համեստ, հազար շնորհակալությամբ․․․ Ու այդպիսի մարդիկ՝ շարունակ։ Եվ ուզեցի ինքս էլ այդպիսին լինել։

Ամերիկայում արագ հաշտվեցի նաեւ կենցաղի հետ՝ սիրելով ու շատ բան հարգելով, բայց հայկականն, այնուամենայնիվ, անընդհատ ներկա եղավ ու չնահանջեց։ Ստեղծեցի սեփական դպրոց, սեփական պարբերաթերթ, թատրոն, կազմակերպություններ, անընդհատ տարուբերվեցի «դրսի» ու «ներսի» աշխարհներում։

Եվ եղավ նաեւ երրորդ կենսակերպի տարածք՝ մեկ ուրիշ Անահիտ, ով անչափ սիրեց (սիրում էր) հարավամերիկյան եւ իսպանական մշակույթը՝ ֆլամենկո եւ արգենտինական տանգո, երկարաժամկետ այցելություններ Հարավային Ամերիկա․․․  

Հիշեցի՝ անցյալ տարի՝ ամռանը, իսպանական պարի երեկոյի էիր եկել՝ ձեռքիդ հատուկ կոշիկներ, լայն ժպիտով․․․

Ֆլամենկոն եւ տանգոն կյանքիս անբաժան մասն են եղել շուրջ քսան տարի, շաբաթը երկու-երեք անգամ պարտադիր պարապել եմ։ Չես հավատա՝ երբ հանգեցի Հայաստան տեղափոխման իմ որոշմանը ֆլամենկոյի կորուստը իմ ամենամեծ տխրություններից մեկը եղավ, իսկ տանգո Երեւանում էլ կա։

Այս բազմազանությունն ինձ հնարավորություն է տվել աշխարհաքաղաքացու (կոսմոպոլիտի) վիճակում հայտնվել։ Հիմա երկարամյա այս փորձառություններով, մի քանի աշխարհներ հոգուս մեջ՝ բարձրաձայն ասում եմ՝ հայ եմ, Հայաստանում եմ ապրում եւ խենթանում եմ Հայաստանի համար։

Գիտես՝ այնքան շատ էմոցիա, շարժում կա խոսքիդ մեջ, տեսնում եմ՝ ինչպես ես ուզում պատմել, հետո ինքդ քեզ ընդհատում ես, բայց ամբողջական մի պատասխանդ շատ շերտեր է ներառում, փորձում ես տեղավորել տարիների կուտակածը։ 

Վախ չունե՞ս, որ ընթերցողը, ով չունի նման փորձառություն, կարող է եւ չհասկանալ քեզ։ 

Հիմա դու ինձ «մերկացնում» ես, թվում է՝ տեսնում ես աղիքներս, եւ, ինչպես բոլորը, ես էլ եմ վախենում այդ մերկությունից։ Երեւի թե ավելի ճշգրիտ բառն ամաչելն էհա՛, ամաչում եմ այդ մերկությունից։ Բայց արի ու տես, որ, ամաչելով հանդերձ, իմ մենաթատրոնները բավականին մերկ են ու բաց։ 

Հարցազրույցներից մեկում ասում ես, որ ներկայացման ընթացքում պատմելու վախ չունես։ Այդ նույն մերկանալու հետ կապ չունի՞ ասածդ։

Ծրագրված «մերկանալն» ուրիշ է․․․ Գիտես՝ մտնում ես մի գետ, որի ալիքներին սովոր ես, ունես փորձ եւ կարող ես դուրս գալ, եթե մեծ ալիքը քեզ հարվածելու լինի։

Պատմելու  նյութն ավարտվա՞ծ գործողությունն է, Անահիտ։ 

Ոչ։

Ասացիր, որ Ամերիկայում հայտնվելու սկզբնական շրջանում ամեն աշխատանք արել ես։ Այդ սկզբնական շրջանի գործողությունը իր ժամանակի մեջ պատմել կստացվե՞ր։ 

Չէր ստացվի, եթե ինքնանպատակ լիներ։ Հետո ի՞նչ, որ մատուցող էի աշխատում, ծերեր էի խնամումորպես առանձին դրվագներ դրանք հետաքրքրություն չեն ներկայացնում, ամեն մեկի հետ պատահած բաներ են, սովորական փորձ, բայց, երբ այդ դրվագներն ու պատմությունները մի հյուսվածքի մեջ են, մի պատումի մասնիկ են, լսողին հետաքրքիր են դառնում նա սկսում է հարաբերակցել այդ պատումին, ինքն իրեն փնտրել այնտեղ, հարցադրումներ ու հաստատումներ անել․․․

Ստացվում է փորձառությունը, որ պայմանավորված է իրավիճակային գործողությամբ,  դառնում է պերֆորմատիվ։

Պատմողը ոչ մի առավելություն չունի իր այդ փորձառությամբպարզապես, ի տարբերություն ուրիշների, ինքը պատմելու ձեւ է գտնում, կարողանում է պերֆորմացնել, այո՛․․․ Չեմ ուզում՝ հավակնոտ հնչի, բայց պատմածս արդեն մշակված, գրականությանը մոտ տեքստ է, իսկ իմ բեմ բարձրանալու մղիչ ուժն ու քաջալերողը ընկերներս էին նրանք ուզեցին, որ պատմություններս հրապարակային դարձնեմ։

Դադար

Անահիտ, երբ դեռ բուն զրույցին չէինք անցել, ասացիր, որ անչափ կարեւորում ես տունը, որտեղ բնակվում ես, որը քեզ է ներկայացում, եւ որտեղից նաեւ դու ես ներկայանում։ Հիմա, երբ խոսում ենք, պերֆորմացնելու մասին, հասկանում եմ, թե որքան ես կարեւորում տեղը, որտեղ ես, որտեղից երեւում ես։ 

Այո, այդպես է, եւ սա կապ չունի շքեղության, կարողության հետ։ 

Հիշում եմ, որ Ամերիկա տեղափոխվելուց ամիսներ անց առանձին ապրելու որոշում կայացրի ու վարձեցի մեկ սենյակ Գլենդելի ամենախարխուլ շենքերից մեկում։ Առաջին օրերին չորս պատերն էին, գետնին փռված անկողինս, սառնարանը, աթոռը եւ մագնիտոֆոնս (այս վերջինի մասին երկար կարելի է խոսել)․․․

Հիշում եմ այդ սենյակի ու իմ հարաբերության առաջին օրերըաթոռը բառիս բուն իմաստով դնում էի սենյակիս մեջտեղում, միացնում էի մագնիտոֆոնը ու լսում Ջետրո Թալլի «Thick as a brick»-ը, հետո Քեթ Սթիվենսի «O baby, baby, it’s a wild world» երգերը․․․ Այդ օրերի երգերը։ Երջանկությունից լաց էի լինում։ Հետո այդ մի սենյակը լցվեց հնավաճառներից գնված իրերով, ու այն արդեն ինձ էր արտացոլում։ 

Այդպես, իմ տանը ես ստեղծել էի մի ողջ աշխարհ, երկարամյա կյանք, հետո նույնը բոլոր այն տներում, որոնք իմը դարձան, ինձ արտացոլեցին, եւ հիմա, այս տեղափոխությունից երերում եմ, որովհետեւ այստեղ դեռ չեմ ամբողջացրել տունս։ 

Նորից պիտի «հավաքեմ», ստեղծեմ տունս, որն ինձ է ներկայացնելու։ Այս անընդհատ ընթացքը գուցե բարդ է դարձնում կյանքը, բայց, Անուշ, առանց բարդությունների հետաքրքիր ոչինչ չկա։ 

Մի հարց կա, որ շրջանցել չեմ կարող, չնայած, որ զրույցը այդ հարցի ծավալուն պատասխաններն արդեն ներառում է։ Քո ու Հայաստանի հարաբերությունների մասին պիտի հարցնեմ։ 

Կարող եմ մի նախադասությամբ ասելսիրո եւ ատելության անընդհատ կռիվն է։ Անգլերեն լավ է հնչում՝ love and hate relationship: Տպավորություն է՝ ամուսնացած ես մեկի հետ, ումից անընդհատ ուզում ես բաժանվել, բայց չես կարող, որովհետեւ սիրում ես։ 

Բառիս բուն իմաստով նույն պատասխանն է տվել նաեւ ամերիկաբնակ գրող Կարեն Ղարսլյանը։

Շատ մտերիմ ենք Կարենի հետ։ Ինչ հետաքրքիր է՝ չէի ֆիքսել այդ պատասխանը։ 

Տես՝ ասում եմ՝ սիրո եւ ատելության հարաբերություն է, բայց եկել էր մի պահ, երբ ինքս ինձ ասում էի՝ մի փորձիր փրկել այդ հարաբերությունը, բաց թող, ասում էի, միեւնույնն է՝ չես կարող պահել այն հավերժ։ 

Իմ հասուն կյանքի մեծ մասը հենց այս երկվությամբ եմ ապրել, սեւեռված եմ եղել դրա վրա, սակայն մի գեղեցիկ օր տեսա, որ Հայաստանում տղամարդիկ սկսել են գունավոր վերնաշապիկներ հագնել։ Ուրեմն մի բան փոխվում էր (ծիծաղում է)․․․

Ինչու՞ էր կարեւոր հենց տղամարդու փոփոխությունը։ 

Տիրողը տղամարդն էրեթե ինքը բեկվեց, ուրեմն ամեն բան հնարավոր է։ 

Այսինքն տղամարդն այս դեպքում (հայր)իշխանության խորհրդանիշն էր։ 

Դասագրքային չեմ ուզում խոսել, չեմ ուզում կիրառել հայրիշխանություն կամ նմանատիպ բառեր, պարզապես նրանք, որ տիրում էին, աչքիս առջեւ սկսեցին փոփոխության ենթարկվել․․․ Այդ փոփոխությունն էր, որ մղեց ինձ մտածելու՝ հնարավոր է՝ սիրո եւ ատելության այս կապը վերածվի լուրջ եւ ավելի կայուն հարաբերության, եւ դադարեց անորոշության մեջ ճոճվելս։ Ահա թե ինչու եմ այստեղ։ Ահա թե ինչու է, որ այդքան լավ եմ զգում ինձ։ 

Հետաքրքիր է, որ խուսափեցիր, զերծ մնացիր բոլոր այն բառերից, որոնց շուրջ եւ որոնց գործածությամբ թեզեր, քաղաքական ճառեր են գրվում, որոնք դառնում են քննարկման նյութի սկզբնաղբյուրը։ Այդպես դուրս մղեցիր «համակարգ», «(հայր)իշխանություն» բառերը։ 

Հա, որովհետեւ դրանից անդին էլի բան կա։ Ես դժվարանում եմ տեղավորվել սահմանված կամ սահմանափակ տեղերում։ Ասենք՝ ահռելի գնահատում եմ ֆեմինիստների տարած ու տարվող աշխատանքը, գիտեմ, որ այսօր այստեղ չէինք լինի, եթե չլինեին ֆեմինիստների արյունոտած ճակատներն ու ինքնազոհությունը, բայց այդ ֆեմինիստներն էլ ժամանակին ինչ-որ «իզմերի» մեջ չեն տեղավորվել, ավելի վեր են եղել դրանից։

Դադար

Հետաքրքիրն այն է, որ վերջին 40 տարվա ընթացքում սփյուռքում 10,000-ից ավելի ուսանող ու աշակերտ ունեցել, ովքեր գուցե բնազդաբար, բայց ընկալել են իմ ու Հայաստանի հարաբերության այս ձեւը փանքերի պես վեր ցցված կարմիր մազերով իրենց ուսուցիչը իրենց մեջ արթնացրել է բուռն սեր  Հայաստանի նկատմամբ՝ առանց «Ես իմ անուշ Հայաստանին» անգիր ասելու։ Իրենք են ինձ վերագրում այդ զգացումի հիմքերը, իրենք են ասում, որ այդ հայրենասիրությունը իրենց համար շոշափելի դարձրի․․

Ռիսկային է, երբ ինքդ հիմա այդ «շոշափելիի» հետ ես առնչվում։

Դրական եմ տրամադրված։ Միակ մտավախությունս թունավոր, անձնավորված քննադատությունն է։ Մեկ էլ բնական աղետից եմ վախենում։ 

Անելիքներ շատ ունեմ։ Հանրային ապահովության համար մղվող պայքարի ու գործունեության ամբիցիոզ ծրագրեր եմ մշակում։ Եվ ամենակարեւորը․․․ Սկսել եմ հավատալ, որ ես ու Հայաստանը «մի բարձի ենք ծերանալու» (ծիծաղում է)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter