
Վիճաբանություն նախընտրական համերգին
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:20-ին, Շուշիի քաղաքապետի թեկնածուներից մեկը ոստիկանության Շուշիի շրջանային բաժնից ոստիկանության վերակարգ է պահանջել, որը դեպքի վայր է ներկայացել ժամը 22:24-ին։
«Վերակարգը պարզել է, որ թեկնածուի կողմից կազմակերպված հավաքի վայրի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել երկու անձանց միջև, որն առնչություն չունի թեկնածուի կողմից կազմակերպված հավաքի հետ»,- նշված է Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Խոսքը Շուշիի քաղաքապետի թեկնածու Խաչատուր Հայրիյանի (աշխատում է «Շուշի» ՊՓԲԸ գլխավոր հաշվապահ) կազմակերպած նախընտրական համերգի մասին է:
Խաչատուր Հայրիյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ ոստիկանությունն ուշացել է, ոչ թե չորս րոպե հետո է եկել, այլ՝ տասը։ «Ու եկել է ընդամենը մեկ ոստիկան, մնացածը ուշ են եկել, թեև մի քանի անգամ զանգել եմ»,- ասում է Խաչատուր Հայրիյանը:
Հայրիյանը նաև անտրամաբանական է համարում, որ այդ մարդիկ կապ չունեին ցույցի հետ, ինչպես ասվում է ոստիկանության հաղորդագրությունում. «Այնքանով կապ ունեն, որ իմ կազմակերպած համերգ-հանդիպման են ներկա եղել»:
Թեկնածուի համար այս ամենում ամենակասկածելին այն է, որ ոչ մի ոստիկան չկար նախընտրական համերգին, ի տարբերություն նախորդ հավաքների։
«Մի քանի ժամ առաջ տեղյակ եմ պահել, որ այսինչ վայրում համերգ է լինելու: Բայց ոչ ոք չի եկել»,- ասում է Խաչատուր Հայրիյանը:
Շուշիի քաղաքապետի թեկնածուն չգիտի այդ ամենը կազմակերպված էր, թե չէ. «Չգիտեմ ինչից է սկսվել, իրար քաշքշելով հասել են նույնիսկ մինչև ավտոուղու երթևեկելի մաս: Մի կերպ եմ պահել, որ մեր տղերքը չմիջամտեն այդ քաշքշոցին»:
Ոստիկանությունը նաև այլ հաղորդագրություններ էլ է տարածել՝ կապված Արցախում սեպտեմբերի 8-ին սկսված ՏԻՄ ընտրությունների հետ.
«Արցախի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունից 1 օր առաջվա դրությամբ ընտրակաշառքի 1 դեպք է արձանագրվել: Օգոստոսի 31-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի կողմից ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ Ասկերանի շրջանի Նախիջևանի համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը 2019թ. հուլիս ամսվա վերջերին ներկայացել է բնակիչներից մեկի տուն և վերջինիս առաջարկել է ընտրությունների ժամանակ քվեարկել իր օգտին՝ տալով 10.000 ՀՀ դրամ գումար: Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ոստիկանության կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ:
2-րդ ահազանգը ստացվել է սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:51-ին: Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուներից մեկի շտաբից ԱՀ ոստիկանություն հայտնել են, որ Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բակում Ստեփանակերտի քաղաքապետի այլ թեկնածուի օգտին շինարարական աշխատանքներ են իրականացվում:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված աշխատանքներն առնչություն չունեն ընտրությունների կամ որևէ թեկնածուի հետ: Ստուգումները շարունակվում են»:
Մեկնաբանել