
Մխիթարյանի փայլուն խաղի շնորհիվ Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Բոսնիա և Հերցեգովինային
Եվրո-2020-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Հանրապետական մարզադաշտում 4:2 հաշվով պարտության մատնեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:
Հանդիպման հաշիվը բացվեց 3-րդ րոպեին: Աչքի ընկավ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Սակայն հյուրերը կարողացան շատ արագ հավասարեցնել հաշիվը, 12-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն: Բոսնիացիների գոլից հետո մեր ընտրանին ամբողջությամբ զիջեց խաղային նախաձեռնությունը և առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում հիմնականում պաշտպանվողի դերում էր:
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց Հայաստանի հավաքականի գրոհների տեղատարափով, որոնցից մեկն էլ վերջապես տվեց իր արդյունքը: 66-րդ րոպեին մեր ընտրանու խաղացողների կազմակերպած գեղեցիկ գրոհը ուժեղ հարվածով եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով դուբլի հեղինակ, բայց ինչպես և առաջին խաղակեսում, երկրորդում նույնպես Հայաստանի հավաքականի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ 70-րդ րոպեին հյուրերը Ամիր Գոյակի գոլի շնորհիվ նորից հավասարեցրին հանդիպման հաշիվը: Այնուամենայնիվ, բոսնիացիների ուրախությունն էլ շատ կարճ տևեց. 77-րդ րոպեին էլ հարձակման ձախ եզրից ստանալով Հենրիխ Մխիթարյանի հաշվենկատ փոխանցումը՝ Հովհաննես Համբարձումյանը մոտ տարածությունից գնդակն ուղարկեց Բոսնիա և Հերցեգովինայի դարպասը: Մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին էլ կրկին Հենրիխ Մխիթարյանի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ հյուրերի պաշտպանի ոտքին և հայտնվեց դարպասում: Արդյունքում մեր ընտրանին հաղթանակ տարավ 4:2 հաշվով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը 1:3 հաշվով պարտություն էր կրել Իտալիայի ընտրանուց: Մեր թիմը իր հաջորդ հանդիպումները կանցկացնի հոկտեմբերին:
Վեց խաղից հետո վաստակած 9 միավորով Հայաստանի ընտրանին զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Մեկնաբանել