HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կեցցե՛ք, տղե՛րք, պետք է շարունակել նույն ոգով

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա պատմության ամենավառ էջերից է: Թիմը 4-2 հաշվով եւ գեղեցիկ խաղով հաղթել է մի հավաքականի, որին թե՛ թղթի վրա, թե՛ վարկանիշով զիջում է, բայց այսօր Արմեն Գյուլբուդաղյանցի սաներն առավելության հասան նվիրումի, սեփական ուժերի հանդեպ հավատի եւ, իհարկե, կրակոտ խաղի շնորհիվ:

3 օր առաջ մերոնք «Հանրապետականում» 1-3 հաշվով զիջեցին իտալացիներին, բայց էլի տեսանք այս նվիրումը, տղաների ագրեսիվ ֆուտբոլը, ուղղակի դժվար էր ամբողջ խաղակես 10 հոգով դիմակայել աշխարհում լավագույններից մեկը համարվող Իտալիայի ընտրանուն:

Իսկ ահա բոսնիացիների հետ այսօրվա հանդիպումից առաջ մտավախություն կար, որ մերոնք գուցե չհասցնեն վերականգնվել ֆիզիկապես, քանի որ բավականին շատ էներգիա էին ծախսել նախորդ հանդիպմանը: Նվիրումի, ջանասիրության առումով, ըստ էության, կասկած չկար, որ թիմն ամբողջությամբ պատրաստ է, բայց ֆիզիկական լավ տվյալներ ունեցող եւ Լիխտենշտայնին 5-0 հաշվով հաղթելուց հետո բարձր տրամադրությամբ Երեւան ժամանած հյուրերին արդյոք հնարավոր էր սեփական ֆուտբոլը թելադրել, իսկ հարկ եղած դեպքում չեզոքացնել նրանց հարձակման գծից եկող սպառնալիքները:

Գյուլբուդաղյանցն իտալացիների հետ խաղի 4-2-3-1 սխեման փոխել էր 4-3-3-ի, ինչը թղթի վրա ակնհայտ հարձակողական է, սակայն ամբողջ հարցն այն էր, որ որակազրկված էր մեր հիմնական գրոհային Ալեքսանդր Կարապետյանը, իսկ նրա փոխարեն Բարսեղյան-Ղազարյան-Ադամյան եռյակը հուշում էր, որ մերոնք առաջ քաշված հարձակվող չեն ունենալու, փոխարենը թե՛ գրոհելիս, թե՛ պաշտպանվելիս գործելու են ամբողջ թիմով: Գրոհային թեւի թիկունքում Մխիթարյանի, իսկ եզրերից Հովսեփյանի ու Մկրտչյանի ներկայությունը վկայություն էր այն բանի, որ մեր ընտրանին ձգտելու է վերահսկողության տակ առնել կենտրոնը. եթե Մկրտչյանն ու Հովսեփյանն ընդգծված հենակետայիններ են, ապա Հենոն հայտնի ունիվերսալ է՝ կենտրոնում թե՛ հենակետայինի դեր կարող է կատարել, թե՛ ենթահարձակվողի: Փաստորեն, իր դիրքով էլ մեր ավագը հայտնվել էր ամբողջ սխեմայի կենտրոնում: Պաշտպանությունում միակ փոփոխությունն այն էր, որ Հարոյանի հետ կենտրոնում հանդես էր գալիս Իշխանյանը, ով փոխարինել էր Չալըշըրին: Վերջինս, հիշեցնենք, Իտալիայի հետ հանդիպմանը 2 անգամ պարտվեց Բելոտիի հետ մենապայքարներում, ինչի հետեւանքով իտալացին 2 գոլ խփեց (մեկը հետո գրանցվեց ինքնագոլ Արամ Հայրապետյանի հաշվին):

Չնայած ոգեւորիչ հաղթանակին՝ պիտի իրատես լինել ու խոստովանել, որ մեր ամբողջ պաշտպանական օղակը հայ երկրպագուներին լարվածության մեջ պահեց իր շարունակական բացթողումներով, որոնք, ի բարեբախտություն հայերիս, հիմնականում բոսնիացիների վրիպումներով էին ավարտվում, կամ վերջին պահին օգնության էր հասնում դարպասապահ Հայրապետյանը: Այդպես արդեն 3-րդ րոպեին կենտրոնական պաշտպանները բաց թողեցին Ջեկոյին, որի հարվածը դարպասաձողին էր: Այս անգամ «չես խփում դու՝ խփում են քեզ» չգրված կանոնը մեր օգտին էր. հարձակման աջ եզրից Բարսեղյանի փոխանցումը դեպի Շեհիչի տուգանային նաեւ բախտի բերմամբ անցավ խմբված ֆուտբոլիստների միջով ու հասավ Հենոյին, որն էլ շրջանցեց դարպասապահին ու բացեց հաշիվը՝ 1-0:

Հետաքրքիր է, որ մերոնք արդեն 4-րդ պաշտոնական խաղում անընդմեջ (Լիխտենշտայն, Հունաստան, Իտալիա, Բոսնիա եւ Հերցեգովինա) հաշիվը բացեցին առաջին 10-15 րոպեների ընթացքում: Հյուրերի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հաստատ գիտեր, որ հայերն առաջին րոպեներից ճնշելու են, բայց միեւնույնն է՝ նրա թիմը տեղի տվեց: Սա, բնականաբար, մերոնց վաստակն է:

Մխիթարյանն ամբողջ հանդիպումն անցկացրեց բարձր տեմպով՝ իր հետեւից տանելով թիմին: Այս հանգամանքը խաղից հետո նկատեց նաեւ Գյուլբուդաղյանցը: Մեր ավագը ցույց տվեց այն խաղը, որը նրանից երկար ժամանակ սպասում էին երկրպագուները ու նաեւ քննադատում ֆուտբոլիստին հարաբերական պասիվության պատճառով: Բայց այս անգամ Հենրիխը կարծես կրկնապատկված եռանդով էր խաղում. տպավորություն էր, որ ազդեցություն է թողել նրա տեղափոխությունը «Արսենալից». սովորաբար նման դեպքերում ֆուտբոլիստները ձգտում են մարզիչներին ցույց տալ, որ իրենց հարցում սխալվել են: Մխիթարյանի այսպիսի խաղից հետո Էմերին իսկապես մտածելու բան կունենա:         

Հայաստանի ներկա հավաքականի գլխավոր ուժն իր գրոհային օղակն է՝ հարձակվողներն ու առաջ միտված կիսապաշտպանները: Շատերը կհիշեն, թե «Եվրո-2012»-ի, ապա ԱԱ-2014-ի ընտրական փուլերում որքան գոլառատ ֆուտբոլ էին խաղում մերոնք՝ Հենոն, Յուրան, Գեւորգը, Մարկոսը, Արասը, Սարկիսովը... Ներկայում եւս գոլային երաշտից բողոքել չենք կարող, բայց պաշտպանությունում ունեցած խրոնիկ ցավերը շարունակվում են: 13-րդ րոպեին «գնդակի գող» Ջեկոյի գոլը մերոնց կոպիտ սխալի հետեւանքն էր: Եզրից Գոյակի փոխանցումը ոչ ոք չկասեցրեց, Հայրապետյանը իր սովորության համաձայն կանգնած մնաց դարպասային գծի վրա, իսկ Հարոյանից ու Իշխանյանից պոկված հարձակվողը հանգիստ գնդակը մղեց ցանցը՝ 1-1: Անկեղծ ասած, իտալացիների հետ հանդիպմանը Հարոյանի եւ Չալըշըրի համագործակցությունը, չնայած որոշ կոպիտ սխալներին, ավելի բարձր մակարդակի վրա էր: Կաղում էին նաեւ մեր պաշտպանության եզրերը, հատկապես՝ աջը. Համբարձումյանին Բարսեղյանը երբեմն չէր հասցնում ապահովագրել:

Քանի որ իտալացիների հետ խաղի մեկնարկից սկսած՝ մեր ֆուտբոլիստները երեք խաղակես բարձր տեմպով, ակտիվ ֆուտբոլ էին խաղացել, մտավախություն կար, որ այսօրվա հանդիպման երկրորդ խաղակեսում շատերի ֆիզիկական վիճակը տեղի կտա: Այդուհանդերձ, հուրախություն բոլորիս, Գյուլբուդայանցի սաները մտածում էին ոչ թե 1-1 հաշիվը պահելու, այլ նոր գոլ խփելու մասին, ինչը գուցե անակնկալ էր նաեւ բոսնիացիների համար, որոնք մերոնց պրեսինգի արդյունքում սկսեցին սխալվել իրար հետեւից: Աստիճանաբար սկսեց գոլի հոտ գալ:

66-րդ րոպեին Հայաստանի ընտրանին դասագրքային գրոհ ձեռնարկեց, Համբարձումյանը շատ հարմար դիրքում գնդակը փոխանցեց Հենոյին, ով աջից մոտենալով Շեհիչի դարպասին՝ գնդակահարեց ցանցը՝ 2-1: Շքեղ ու կարեւորագույն գոլ էր: Շատերը հիշեցին «Մանչեսթեր Յունայթեդում» մեր ֆուտբոլիստի հաղթական գոլը «Տոտենհեմի» Ուգո Լյորիսի դարպասը: Մինչ այս խաղը ընտրական խմբում Մխիթարյանը մեկ անգամ կրկին բոսնիացիների դարպասն էր գրավել: Բայց այսօրվա դուբլով նա հավասարվեց Ալեքսանդր Կարապետյանին, իսկ 10-րդ ընտրական խմբի գլխավոր ռմբարկուն այս պահին 4 գոլով ֆինն Տեմու Պուկին է: Նշենք, որ ՈւԵՖԱ-ն շտկել է Հայաստան-Իտալիա խաղում թույլ տված սխալը՝ Անդրեա Բելոտիի երկրորդ գոլը գրանցելով Արամ Հայրապետյանի հաշվին որպես ինքնագոլ (գնդակը ցանցում էր հայտնվել Արամի մեջքին դիպչելուց հետո): Հավելենք, որ Հենոն հավաքականում անցկացրած 86-րդ խաղում խփեց իր 29-րդ գոլը՝ թարմացնելով սեփական ռեկորդը:

Հենրիխի երկրորդ գոլից ընդամենը 4 րոպե անց՝ 70-րդ րոպեին, բոսնիացիները խփեցին իրենց գոլի նմանակը. Կոլաշինացը Համբարձումյանի թեւից գնդակն ուղարկեց մեր տուգանային, Հայրապետյանը նորից ընդառաջ դուրս չեկավ, բայց ամենամեծ սխալը պաշտպաններին էր, որոնք Գոյակին թույլ տվեցին գնդակն առանց խոչընդոտի ուղղել դեպի ցանցը՝ 2-2: Նկատենք նաեւ, որ մեծ ցանկության դեպքում ֆրանսիացի մրցավարը միանգամից երկու 11-մ կարող էր նշանակել մեր դարպասին. մի անգամ Ջեկոյին գցեց Հարոյանը, բայց դա մրցավարը դիտարկեց հարձակվողի կողմից կեղծակերպ արարք ու նրան դեղին քարտ ցույց տվեց, մի դեպքում էլ Իշխանյանն էր թիկունքից գրկել մրցակցին: Սրանք դրվագներ են, որոնք պետք է բացառել. մրցավարները, ինչպես եղավ նախորդ խաղում (Կարապետյանի կարմիր քարտը), կարող են եւ ճակատագրական որոշում կայացնել ի վնաս մեզ: 

Հետաքրքիր էին Գյուլբուդաղյանցի փոխարինումները. եթե Կառլեն Մկրտչյանի դիրքում Արտակ Գրիգորյանի հայտնվելը զարմանալի չէր, քանի որ երկուսն էլ հենակետային են, ապա մի փոքր անակնկալ կարելի է համարել հենակետային Ռումյան Հովսեփյանի փոխարեն ստեղծագործ երիտասարդ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի հայտնվելը, որին երկրպագուներից շատերն էին սպասում: Այդ պահին Հայաստանի ընտրանին արդեն առջեւում էր 3-2 հաշվով, ու, թերեւս, միակ բացատրությունն այն է, որ գլխավոր մարզիչը չէր ցանկանում, որ թիմը սեղմվի սեփական տուգանայինին, այլ շարունակի առջեւի գծում ճնշել մրցակցին. ինչպես ասում են, լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Ասել, թե Էրիկն ինչ-որ բեկում մտցրեց, սխալ կլինի, բայց կարեւորը գրոհային խմբի ֆուտբոլիստների թարմությունը չկորցնելն էր:

Իսկ մերոնց երրորդ գոլը եւս դասագրքային էր, խորքից հետեւեց Բարսեղյանի երկար փոխանցումը Մխիթարյանին, որը գրոհում էր ձախ թեւով, Հենոն սանձեց գնդակը, ապա հաշվենկատ լայնակի փոխանցում կատարեց աջ թեւով դեպի դարպասը շտապող Համբարձումյանին, որի հարվածը 77-րդ րոպեին կրկին անկասելի էր Շեհիչի համար: Լինելով աջ պաշտպան՝ Հովհաննեսը հավաքականում անցկացրած 31-րդ խաղում խփեց իր 3-րդ գոլը:    

Այսքանից հետո կարեւոր էր, որ մերոնք նորից պատասխան գոլ չընդունեին: Հատկանշական էր, որ Կամո Հովհաննիսյանի թեթեւ վնասվածքից հետո նրան ձախ պաշտպանի դիրքում փոխարինեց Արման Հովհաննիսյանը, ով այս կարեւոր խաղում իր նորամուտը նշեց ազգային թիմում:

Արժե առանձնացնել Արամ Հայրապետյանի մի քանի «սեյվերը», այդ թվում՝ ոտքերով: Հայրապետյանը վատ խաղացող չէ, պատասխանատու հանդիպումներում քիչ չի փրկել թիմին անհույս թվացող իրավիճակներում, սակայն նկատելի է, որ դարպասային գծից գրեթե առաջ չի գալիս (մյուս դարպասապահն էլ՝ Արսեն Բեգլարյանը, պարբերաբար սխալվում էր օդից եկող գնդակները որսալիս կամ հետ մղելիս), մյուս կողմից՝ երբեմն մանկական սխալներ է թույլ տալիս, ինչպես եղավ այսօր, երբ անկյունային նվիրեց մրցակցին, բացի դրանից՝ 33 տարեկան Արամը, որն այս թիմում ամենաավագն է (չհաշված Մարկոսին, ով 35 տարեկան է) չափազանց էմոցիոնալ է, այնինչ իր կայունությամբ ու սառնասրտությամբ դարպասապահը պիտի վստահություն հաղորդի խաղընկերներին:

Բոսնիացիները չկարողացան խփել իրենց երրորդ գոլը, բայց օգնեցին մերոնց հաջողության հասնել չորրորդ անգամ: Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Մխիթարյանը ձախից կրկին լայնակի փոխանցում կատարեց Շեհիչի տուգանային, դարպասապահը չհասավ գնդակին, բայց պահը վտանգավոր չէր, քանի որ խաղընկերները փոխօգնության էին հասել դարպասային գծի մոտ, մերոնցից էլ այդ հատվածում ոչ ոք չկար, սակայն տասը րոպե առաջ փոխարինման մտած կիսապաշտպան Լոնչարն անզգուշությամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ 4-2:

Հայ-բոսնիական 4-րդ դիմակայությունում մեր թիմն ի վերջո հասավ ռեւանշի (նախորդ 3-ում պարտվել էինք), բայց ամեն ինչից զատ՝ հաղթանակը շատ մեծ նշանակություն կարող է ունենալ հետագայում, եթե, իհարկե, մերոնք «Եվրո-2020»-ի ընտրական այս խմբում երկրորդ տեղի համար պայքարելու իրական հնարավորություն ունենան:

Իտալացիների հետ դժվար հանդիպումից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի սաները հանդես եկան որպես մեկ միասնական, ամուր թիմ՝ ոչ միայն մեծ ուրախություն պարգեւելով երկրպագուներին, այլեւ կարեւոր քայլ կատարելով երկրորդ տեղի համար մղվող պայքարում: Հյուրերի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին խաղից հետո խոստովանեց, որ ընտրական այս մրցաշարում հաջողության հասնելու հնարավորություն իրենք այլեւս չունեն, սակայն կփորձեն «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլում հայտնվել Ազգերի լիգայի միջոցով, ինչից անցյալ աշնանը զրկվել ենք մենք: Խաղից քիչ ուշ հայտնի դարձավ, որ խորվաթ գլխավոր մարզիչը հեռանում է բոսնիացիների ճամբարից:

Այս պահին Հայաստանի ընտրանին 6 խաղից հետո ունի 9 միավոր եւ 10-րդ խմբում երրորդն է, բոսնիացիները նույնքան խաղից հետո 7 միավորով մնում են չորրորդ տեղում: Երեւանի ժամանակով 22:45-ին կմեկնարկեն Ֆինլանդիա-Իտալիա եւ Հունաստան-Լիխտենշտայն հանդիպումները: Քանի որ 15 միավոր ունեցող իտալացիները մի ոտքով «Եվրո-2020»-ում են, իսկ ֆիններն ամեն ինչ անելու են իրենց 12 միավորն ավելացնելու համար, Հայաստանի շահերից է բխում Ֆինլանդիայի պարտությունը, որպեսզի գոնե տեսական լավ հնարավորություններ պահպանի երկրորդ տեղը զբաղեցնելու համար:                

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter