HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Տղաներն արժանի են ծափահարության

Չնայած Հայաստանի ազգային հավաքականը երեկ սեփական դաշտում 1-3 հաշվով զիջեց Իտալիային, Արմեն Գյուլբուդաղյանցի ֆուտբոլիստները ներդրեցին իրենց բոլոր կարողությունները՝ դրական արդյունքի հասնելու համար, ինչպիսին կլիներ նաեւ ոչ-ոքին: Չստացվեց, բայց, հաշվի առնելով խաղի ընթացքն ու զարգացումները, վհատվելու պատճառ չկա, նվիրումի ու ջանասիրության համար մեր ֆուտբոլիստներին կարելի է միայն ծափահարել:

Հունաստանի հետ վերջին խաղի համեմատ Գյուլբուդաղյանցը միայն մեկ փոփոխություն էր կատարել: Կենտրոնական պաշտպանի դիրքում Հարոյանին Իշխանյանի փոխարեն զույգ էր կազմել Չալըշըրը, որը նախորդ երկու խաղերին բացակայում էր անձնական պատճառներով:

Կարելի է ասել, որ մեկնարկային կազմի ընտրված տարբերակն այս պահին ամենաօպտիմալն էր՝ հաշվի առնելով խաղացողների մարզավիճակն ու փորձը (դարպասում՝ Հայրապետյան, պաշտպանություն՝ Համբարձումյան, Հարոյան, Չալըշըր, Հովհաննիսյան, հենակետայիններ՝ Գրիգորյան, Մկրտչյան, կիսապաշտպանության առջեւում՝ Բարսեղյան, Մխիթարյան, Ղազարյան, հարձակվող՝ Կարապետյան):

Լիխտենշտայնի ու Հունաստանի հետ նախորդ հանդիպումներում մերոնք իրենց ագրեսիվության շնորհիվ հաշվի մեջ առաջ էին անցել հենց առաջին 10 րոպեների ընթացքում. Լիխտենշտայնին Ղազարյանը գոլ էր խփել արդեն 2-րդ րոպեին, հույների դարպասը Կարապետյանը գրավել էր 8-րդ րոպեին: Այս առումով մեր թիմի մարտավարությունը չէր փոխվել, եւ առաջին դիպուկ հարվածը դարպասի ուղղությամբ խաղասկզբին հենց Կարապետյանը կատարեց Մխիթարյանի փոխանցումից հետո, բայց Դոնարուման որսաց գնդակը: Այդուհանդերձ, 11-րդ րոպեին Բարսեղյանի սկսած արագ հակագրոհն իր տրամաբանական ավարտին հասցրեց նույն Կարապետյանը, որն ավելի արագ գտնվեց, քան մրցակցի պաշտպանները, այդ թվում՝ ավագ Բոնուչին, եւ անկյունագծով գնդակն ուղարկեց Դոնարումայի դարպասի հեռավոր անկյունը:   

Վիկինգի արտաքինով Կարապետյանը նաեւ վիկինգի ֆիզիկական տվյալներ ու ագրեսիվություն ունի, ինչն անհրաժեշտ է ցանկացած թիմի: Նրա արագաուժային ֆուտբոլը, մենապայքարներում գնդակից «կառչելու» ունակությունը, ճարպկությունը, տարբեր աստիճանի անկյուններից դարպասին կատարած սուր հարվածները այս հարձակվողին շատ նմանեցնում են նրա տարեկից (երկուսն էլ 32 տարեկան են) Յուրա Մովսիսյանին:

Կարապետյանն այս պահին մեր թիմի գլխավոր հարվածային զենքն է, ինչպես ժամանակին Յուրան էր: Հետաքրքիր կլիներ լավ մարզավիճակում գտնվող Յուրային տեսնել դաշտում Ալիկի հետ: Նման դուետը ցանկացած մրցակցի համար իսկական գլխացավանք կլիներ: Հավելենք, որ Կարապետյանը ազգային թիմում անցկացրած 9-րդ խաղում խփեց 5-րդ գնդակը, ինչը շատ լավ ցուցանիշ է. ազգային թիմում միջին արդյունավետությամբ (0,55) նա այս պահին առաջինն է:

Ամեն դեպքում, մեր հարձակվողի ագրեսիվությունը գերմանացի մրցավար Զիբերտին շատ թվաց, ու նա արդեն առաջին խաղակեսում հասցրեց երկու անգամ դեղին քարտ ցույց տալ Կարապետյանին: Եթե առաջին դեպքում դա գուցե տրամաբանական էր, քանի որ Վերատիի հանդեպ կանոնները խախտելուց հետո Ալիկն ագրեսիվ գնաց դեպի գնդակը, ապա երկրորդ դեպքում՝ առաջին խաղակեսի ավարտին, նա ընդհանրապես չխախտեց կանոնները Բոնուչիի դեմ, սակայն մրցավարը ցույց տվեց, թե մեր հարձակվողն օդային պայքարում արմունկով է խաղացել: Նախ՝ արմունկով գործողություն չկար, երկրորդ՝ Ալիկի ձեռքը իտալացու դեմքին չդիպավ, բայց վերջինս, դերասանություն անելով, բռնեց քիթը, ինչին տուրք տվեց մրցավարը: Այդպես իտալացիներն ազատվեցին իրենց պաշտպանության համար գլխացավանք դարձած Կարապետյանից, փախարենը մերոնք ամբողջ երկրորդ կեսում 10 հոգով խաղալու գլխացավանք ստացան: Ընդ որում՝ Զիբերտը դեռ առաջին կեսում պարտավոր էր դեղին ցույց տալ հյուրերից Ժորժինյոյին, որը ոչ միայն կոպիտ ձեւով Մխիթարյանի վտանգավոր անցումը կասեցրեց, այլեւ բավականին ագրեսիվ էր իր գործողություններում:

Այս էլ որերորդ անգամ ականատես ենք լինում, որ կարգով իրարից տարբերվող թիմերի խաղում մրցավարը, եթե չասենք ակնհայտ համակրում է, ապա առնվազն սխալ որոշումներ է կայացնում ուժեղի օգտին, ինչը եւս միտումի մասին է խոսում: Եթե կա «արդար խաղ» (fair play) սկզբունքը, ապա այն նաեւ պիտի տարածվի նաեւ խաղն սպասարկող մրցավարների վրա, որոնք իրենց վիճելի որոշումներով կարող են ոչ միայն փոխել խաղի ընթացքը, այլեւ կոտրել թիմերից մեկի ողնաշարը: Շատ անգամներ ենք տեսել, որ թեկուզ ամենաբարձրակարգ որակավորում ունեցող մրցավարները որոշակի համակրանք են դրսեւորում ավելի բարձր կարգով թիմի հանդեպ: Ո՞վ է մոռացել Իռլանդիա-Հայաստան հանդիպումը (2-1) եւ տխրահռչակ բասկ Իտուրալդե Գոնսալեսին, որն, ունենալով երկու աչք, իբր ձեռքով խաղալու համար կարմիր քարտ ցույց տվեց իր տուգանայինից դուրս գնդակը կրծքով հեռացրած մեր դարպասապահ Բերեզովսկուն՝ հսկայական առավելություն տալով իռլանդացիներին (մինչ այդ հաշիվը 0-0 էր):  

Նման առավելություն երեկ ստացան նաեւ իտալացիները՝ ամբողջ 45 րոպե ունենալով, որպեսզի 11 հոգով կարողանան կշեռքի նժարը թեքել իրենց կողմը: Ինչ վերաբերում է իտալացիների առաջին գոլին, որը խփեց Բելոտին 28-րդ րոպեին, պետք է առանձնացնել պաշտպանության աջ թեւում Տիգրան Բարսեղյանի սխալը, որին Էմերսոնը հեշտ խաբս տվեց, ապա գնդակը փոխանցեց մեր տուգանային: Բելոտին այդ դրվագում շատ հեշտ «պոկվեց» Չալըշըրից, որին չապահովագրեց Հովհաննիսյանը: Դարպասապահ Հայրապետյանին դժվար է նախատել բաց թողած գոլում, չնայած նա գուցե կարող էր ընդառաջ դուրս գալ գնդակին ու թեկուզ բռունցքով շեղել դրա ուղղությունը՝ 1-1:

Թվում էր, թե երկրորդ կեսում մերոնք սեղմվելու են սեփական տուգանայինին՝ ամեն կերպ փորձելով պահել հաշիվը, բայց դա, իհարկե, իտալացիների դեմ խաղում ինքնասպանություն կլիներ, քանի որ ժամանակակից ֆուտբոլում խուլ պաշտպանության անցնելը շատ քիչ դեպքերում է օգնում կարգով զիջող թիմին դիմանալ հսկայական ճնշմանը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: Մյուս կողմից՝ արագ հակագրոհով կարելի էր խփել նաեւ երկրորդ գնդակը, ինչին Կամո Հովհաննիսյանի սպրինտերային անցումից հետո շատ մոտ էր Մխիթարյանը, բայց Էմերսոնը փակեց գնդակի ընթացքը: Այն, որ հյուրերը գրեթե 35 րոպե չէին կարողանում գտնել Հայրապետյանի դարպասի բանալին, խոսում է առաջին հերթին մերոնց գրագետ պաշտպանության մասին, բայց տարօրինակ էր, որ խաղից հետո իտալացիները թե՛ խաղասկզբում բաց թողած գոլի, թե՛ հետագա դժվար ընթացքի մասին խոսելիս նշում էին իրենց ֆիզիկական վատ վիճակը կամ նույնիսկ խոտածածկի վատ որակը: Ուղղակի կարելի էր ազնիվ լինել ու խոստովանել, որ մրցակիցն արժանի ֆուտբոլ էր խաղում եւ նույնիսկ 10 հոգով վատ չէր պաշտպանվում:

Իտալացիների երկրորդ գոլը ծնվեց Հարոյանի սխալից, որը Բոնուչիի հաշվենկատ փոխանցումից հետո օդային պայքարում պարտվեց փոխարինման մտած Լորենցո Պելեգրինիին, եւ վերջինիս գլխով հարվածը 77-րդ րոպեին վճռական եղավ՝ 1-2: Սխալ կլինի ասել, թե դրանից մեր թիմը հուսախաբ եղավ ու «քանդվեց», բայց քիչ անց՝ 80-րդ րոպեին, Չալըշըրը մենապայքարում կրկին զիջեց Բելոտիին, որը, թիկունքով լինելով դեպի մեր դարպասը, շրջվեց ու հարված կատարեց, ինչը կարծես անակնկալ էր Հարոյանի ու Հայրապետյանի համար: Վերջինս ցատկեց ուշացած, գնդակը հեղ մղվեց ուղղահայաց դարպասաձողից, դիպավ Արամի մեջքին ու հայտնվեց ցանցում: Պաշտոնապես գոլը գրանցվեց Բելոտիի հաշվին՝ 1-3:    

Սա այն խաղն էր, որում երկրպագուներն առնվազն մեծ նվիրում տեսան խաղացողների կողմից: Բնականաբար, իտալացիներն, ունենալով համապատասխան որակներ, օգտվեցին մերոնց թեկուզ փոքր սխալներից:

Հիմա ամենակարեւորը բոսնիացիների հետ ամսի 8-ին կայանալիք խաղին պատշաճ նախապատրաստվելն է: Ցավալի է, որ դրան չի մասնակցի Կարապետյանը, որին հավասարազոր առաջ քաշված հարձակվող ներկա պահին Գյուլբուդաղյանցի տրամադրության տակ չկա: Բոսնիացիները բարձր տրամադրությամբ են գալիս Երեւան, քանի որ երեկ 5-0 հաղթել են Լիխտենշտայնին ու բարձրացել երրորդ հորիզոնական: Ֆիններն էլ սեփական հարկի տակ 1-0 հաղթել են հույներին:

Քանի որ «Եվրո-2020»-ի ուղեգիր են նվաճելու խմբերում առաջին եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը, իսկ Իտալիան 100-տոկոսանոց արդյունքով առաջ է ընթանում, մյուսներին մնում է հույսը դնել երկրորդ տեղի վրա, սակայն ֆիններն այստեղ լուրջ առավելություն ունեն բոսնիացիների, մերոնց եւ հույների նկատմամբ: Այդուհանդերձ, սեպտեմբերի 8-ին Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը դեպի երկրորդ հորիզոնական տանող 3 միավորի կռիվ է լինելու, մանավանդ որ ֆիններն այդ օրն ընդունելու են իտալացիներին, որոնց մեկ անգամ արդեն զիջել են, Հունաստանն իր հերթին հյուրընկալելու է Լիխտենշտայնին եւ շատ լավ հնարավորություն ունի հաղթել ու նույնպես վեր բարձրանալ մրցաշարային աղյուսակում:

Հ.Գ. Ավելի ուշ ՈւԵՖԱ-ն Բելոտիի երկրորդ գոլը գրանցել է Արամ Հայրապետյանի հաշվին որպես ինքնագոլ: 

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter