HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կողբավան կամ մեկ փողոց ունեցող գյուղ

Մի քանի հարյուր մետրից արդեն երևում էր, որ քամին փոշու մեջ է առել Արմավիրի մարզի Կողբավան համայնքը: Շուրջբոլորը քար ու փոշուվ շրջապատված համայնքի հենց մուտքից արդեն զգացվում է, որ գյուղը հարուստ չէ, գրեթե յուրաքանչյուր տան բակում ծառերի չոր ճյուղեր են թափված, իսկ քիչ հեռվում վեր են խոյանում չորացրած գոմաղբից պատրաստած աթարե «ամրոցները»:

Քամին աջ ու ձախ էր տանում օջախի կրակը, որի վրա կողբավանցի տիկին Սուսաննան ձմռան համար տոմատ էր եփում:

«Արդեն սովորել ենք այս պայմաններին: Աթարը ամառ-ձմեռ վառում ենք: Հեշտ չէ գյուղի կանանց կյանքը: Գազի դիմաց, սիրուն կանգնելու փոխարեն մրի ու փոշու մեջ ճաշ կամ զակատի համար ուտելիք ենք եփում»,- ասում է տիկին Սուսաննան, և աչքերի մեջ ընկնող փոշու հատիկները մաքրելով՝ շարունակում է խառնել կրակի վրա եփվող ուտելիքը:

Կողբավանում գրեթե բոլորը զբաղվում են անասնապահությամբ: Նախ, տեղանքը հարմար է, բացի այդ, դրանով լուծում են ձմռան վառելիքի հարցը: Գյուղը գազիֆիկացված չէ, և կողբավանցիները ձմռանը հենց աթար են վառում:

«Գյուղում բոլորն էլ անասնապահությամբ են զբաղվում, ամբողջ ձմեռ աթար են վառում: Վառելիքի խնդիր չկա, ոչ էլ վառելիքին փող են տալիս: «Տեղական» վառելիք են վառում»,- կատակում է Կողբավան համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանը:

Կողբավանում հաշվառված է 178 մարդ, սակայն, փաստացի ավելի քիչ են ապրում: Բնակչության մի մասը գնում է արտագնա աշխատանքի ու սեզոնին  վերադառնում: Ամբողջ գյուղը տարածվում է մեկ փողոցի վրա: Ընդամենը 35 տուն կա գյուղում: Համայնքապետարանի աշխատակիցները կատակում էին, թե իբր սխալմամբ են գյուղի փողոցն անվանակոչել «համար առաջին» փողոց, պետք է լիներ՝ միակ և վերջին փողոց:

Կողբավանում գրեթե ոչինչ չկա: Հենց այդպես գրված է նաև համայնքի հնգամյա զարգացման ծրագրում: «Գյուղում խնդիրներն անհաշվելի են: Գյուղում ոչինչ չկա … Այս փոքրիկ ու աշխարհից, քաղաքակրթությունից կտրված համայնքում բացակայում են կյանքի համար շատ անհրաժեշտ ու կարևոր ատրիբուտներ»,- նշված է համայնքի զարգացման ծրագրում:

Գյուղը մինչ օրս չունի խմելու ջուր: Այն տարաներով բերվում է հարևան Երվանդաշատ համայնքից, և այդ ծախսերը հոգում է գյուղապետարանը: Սակայն, այս օրերին գյուղում ջրագծեր են անցկացվում և ըստ համայնքի ղեկավարի՝ մինչև նոյեմբերի 20-ը ջուր կունենան: Ծրագիրն իրականացվում է Կառավարության և համայնքապետարանի ֆինանսավորմամբ՝ համապատասխանաբար 60/40 տոկոս հարաբերակցությամբ:

Եթե ջրի հարցը մոտ ապագայում լուծվելու է, ապա համայնքի բնակիչները հույս չունեն, որ երբևէ մանկապարտեզ ու դպրոց, մշակույթի տուն ու գրադարան կունենան: Կողբավանում նույնիսկ խանութ չկա: Երբ գյուղի միակ փողոցի բնակիչները ավտոմեքենաներով գնում են հարևան գյուղի կամ 33 կմ հեռավորության վրա գտնվող Արմավիր քաղաքի խանութներ, տեղյակ են պահում հարևաններին, որպեսզի անհրաժեշտության դեպքում վերջիններիս համար էլ առևտուր անեն:

Այս տարի համայնքապետարանը միկրոավտոբուս է գնել և երեխաներին ամեն օր տեղափոխում է 8 կմ հեռավորության վրա գտնվող Վանանդ գյուղի դպրոց ու հետ բերում: Դպրոցահասակների հետ Վանանդ է գնում նաև երկու փոքրահասակ երեխա: Վերջիններս էլ հաճախում են մանկապարտեզ: Նշենք, որ Կողբավանն ունի ընդամենը 8 դպրոցահասակ երեխա, և համայնքապետը նշում է, որ օբյեկտիվորեն հնարավոր չէ համայնքում դպրոց բացել:

«Գազ հավանական է, որ չունենանք, որովհետև մեծ ծախսերի հետ է կապված»,- ասում է Ս. Սերոբյանը:

Նշենք, որ դեռևս 2004-2005թթ. հարևան Վանանդ համայնքից պետք է գազ բերվեր Կողբավան, Բագարան, Երվանդաշատ համայնքներ, սակայն շինարարական կազմակերպությունն ու սեփականատերերը հավաքված գումարը յուրացրին և այդպես էլ Կողբավանն ու հարևան համայնքները գազ չունեցան: Միայն փոքր Կողբավանը 35 մլն դրամ էր փոխանցել կազմակերպությանը, սակայն այդ գումարը այդպես էլ չվերականգնվեց:

Մեկնաբանություններ (2)

ani
THANKS Hagop !! if I would have commented like you, my comment would NOT have been published ... I,m happy, Nicol P. has been elected as prime minister... he trys to fight against corruption, and I PRAY, he will be successfull GOD bless Armenia and Nicol
HAGOP
SAD! SAD! SAD! THE END OF THE ARTICLE.......OWNERS STOLE THE FUNDS AND MONEY WAS NEVER RECOVERED!!!!!!! CORRUPT ARMENIANS WORSE THEN TURKS AND AZERIS!!!!!!!! SHAME!!!!!! IF MONEY NOT STOLEN IN 2004, WE ARE 2019 NOW. 15 YEARS OF INVESTMENT WILL MAKE KOGHBAVAN A GREAT PLACE TO LIVE FOR FAMILIES!!!!! NEW STREETS, ELECTRICITY, INTERNET, WATER, MARKET, SCHOOL, CULTURAL CENTER..........ALL THE POSSIBILITIES BUT DESTROYED BY CORRUPT ARMENIANS. SHAME AND DISGRACE!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter