
Խորհրդարանը վավերացրեց Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիրը
Խորհրդարանը միաձայն վավերացրեց «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև» կնքված համաձայնագիրը։ Այն ընդունվեց 109 կողմ ձայնով։
Հիշեցնենք, որ համաձայնագիրը խորհրդարանում ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Ըստ համաձայնագրի` կողմերը փոխադարձ համաձայնությամբ միմյանց տարածքներում կարող են հիմնել ռազմական կցորդի գրասենյակներ և ներկայացուցչություններ՝ ազգային օրենսդրությանը համապատասխան:
Կողմերի լիազորված մարմինները կարող են ռազմական ոլորտում մշակել երկկողմ համագործակցության տարեկան և երկարաժամկետ պլաններ, որոնք կսահմանեն այդ համագործակցության հեռանկարային ուղղությունները և կներառեն համագործակցության միջոցառումների անվանումները, վայրը և ժամկետները, մասնակիցների քանակը:
Կողմերի միջև համագործակցությունը ներառում է անվտանգության և պաշտպանական քաղաքականություն, ռազմական արդյունաբերություն, ռազմական գիտատեխնիկական հետազոտություններ, նյութատեխնիկական ապահովման աջակցություն, ռազմական բժշկություն և առողջություն, ռազմաիրավական պատրաստություն, ռազմական սպորտ և այլն։
Մեկնաբանել