HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳ փոխնախարարի հայտարարությունից հետո Զատուլինն ընդունել է, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունք կա

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի այն հայտարարությունից հետո, որ Ռուսաստանը վարորդական վկայականների խնդրով խտրական վերաբերմունք է դրսևորում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, արձագանք է ստացել ռուսաստանյան քաղաքական շրջանակներում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, Աժ նիստին դիմելով ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին, բարձրացրեց ՀՀ վարորդական վկայականների կիրառման հարցը ՌԴ-ում, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են ՌԴ-ում ապրող հայաստանցիները։

«Ձեր հայտարարությունից անմիջապես հետո ռուսական կողմից եղավ արձագանք և պարոն Զատուլինը (Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, հեղ.) ընդունեց, որ կա խտրական վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ, արդյոք դրանից հետո որևէ խոսակցություն եղե՞լ է այդ թեմայով, և ի՞նչ փուլում է գտնվում այս խնդիրը»,-հարցրեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ԱԺ հանձնաժողովի քննարկմանը անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ վարորդական վկայականներով վարորդական աշխատանք կատարելու արգելմանը, Շավարշ Քոչարյանն ասել էր, որ ՌԴ-ն իր այդ օրենքով խտրական վերաբերմունք է ամրագրել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, քանի որ նման սահմանափակում չկա ԵԱՏՄ անդամ որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ։

«Ընդամենը երեկ Մոսկվայում ԵԱՏՄ խորհրդի նիստն էր, որտեղ օրակարգում կրկին կար այդ հարցը։ Այն երկու ուղղությամբ է քննարկվում՝ բազմակողմ և երկկողմ, բազմակողմ քանի որ համապատասխան պայմանագիրը ԵԱՏՄ օրենսդրությամբ չի նախատեսում նման սահմանափակում, երկկողմ քննարկում, քանի որ այդ սահմանափակումը իրականացվել է  համապատասխան ռուսական օրենքով և այնպես է ընդունվել, որ անդամ պետություններից միայն Հայաստանի վրա է տարածվում այդ սահմանափակումը։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»,- ասաց Շավարշ Քոչարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter