
Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու կալանքի դեմ բողոքներ են ներկայացվել վերաքննիչ դատարան
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, կալանավորելու որոշումները երեկ բողոքարկվել են վերաքննիչ դատարան: Խաչատրյանների պաշտպանները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի և Ռոբերտ Պապոյանի որոշումներն ու իրենց պաշտպանյալներին ազատ արձակել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը խուզարկություններ է իրականացրել Գագիկ Խաչատրյանի և նրա հետ կապված անձանց, այդ թվում՝ նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանին պատկանող տարածքներում, նույն օրը Խաչատրյանները ձերբակալվել են, որից օրեր անց՝ կալանավորվել:
Մասնավորապես՝ Կարեն Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 29-ին՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշմամբ, իսկ Գագիկ Խաչատրյանն օգոստոսի 30-ին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ: ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործն, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակ այդ կառույցում տեղի ունեցած ենթադրյալ չարաշահումներին: Քրեական գործի շրջանակներում Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար, իսկ Կարեն Խաչատրյանին վերագրվում է միայն վատնում կատարելու արարք: Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ երեկ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Մեկնաբանել