HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նորատուսցի Արան չգիտի, թե ինչ է քրեական հեղինակությունը, իսկ Նորատուսցի Ալիկը հարցերի չպատասխանեց

Քրեական աշխարհում «Նորատուսցի Արա» անունով հայտնի Արա Բանդուրյանը չգիտի, թե ինչ է «քրեական հեղինակությունը»: Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում «Հետքի» հետ զրույցում ասաց ինքը՝ Արա Բանդուրյանը:

«Քրեական օրենսգրքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, պահպանելու և ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, դրանց անդամակցելու և այդ խմբավորման մասնակցին դիմելու կամ քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար:

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ ասելով՝ օրինագիծը մշակած արդարադատության նախարարությունն, ըստ էության, նկատի ունի  հանրության շրջանում առավել լայն տարածում ունեցող «քրեական հեղինակություն» եզրույթը:

Ալիկ Բանդուրյանի և մյուսների վերաբերյալ դատարանում այսօր  տեղի ունեցած դատական նիստից հետո Ալիկ Բանդուրյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ի՞նչ դիրքորոշում ունի օրինագծի վերաբերյալ: Վերջինս, սակայն, չցանկացավ խոսել այդ մասին: Ալիկ Բանդուրյանը չպատասխանեց նաև հարցին՝ արդյոք ինքն իրեն քրեական հեղինակություն համարում է, թե՞ ոչ: Շուտով խոսակցությանը միջամտեց նրա եղբայրը՝ Արա Բանդուրյանը:

«Մենք անգամ չգիտենք՝  դա ինչ է»,- ասաց Արա Բանդուրյանը:

 

«Օրենքով գող», Մասիվցի Անդիկ անունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունից հետո խուզարկություններ են արվել մի շարք քրեական հեղինակությունների բնակարաններում: Խուզարկվել է նաև «Նորատուսցի Ալիկի» բնակարանը:

Վերջինս այս առնչությամբ ևս հրաժարվեց պարզաբանումներ տալ:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Ալիկ Բանդուրյանի վերաբերյալ այսօր քննվող քրեական գործը վերաբերում է «Լիա» գեղեցկության սրահում  2016 թվականին տեղի ունեցած սպանությանը: Այս գործի շրջանակներում Ալիկ Բանդուրյանը մեղադրվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելու մեջ, սակայն առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել է: Դատախազությունն այս որոշումը բողոքարկել է, և պահանջում է Բանդուրյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման:

Ի դեպ, մեկ այլ քրեական գործով էլ, որը քննվում է խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ, մեղադրյալի կարգավիճակ ունի Արա Բանդուրյանը:

Լուսանկարում՝ ձախից Արա Բանդուրյանը, Ալիկ Բանդուրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter