HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հետքի» հոդվածն ուսումնասիրում է ոստիկանությունը, որտեղ բարձր պաշտոն է զբաղեցնում հոդվածի հերոսներից մեկը

«Հետքն» անցյալ տարվա նոյեմբերին հետաքննություն էր հրապարակել Դուբայում անշարժ գույք ունեցող մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների մասին: Դրա հերոսներն էին ԱԺ նախկին պատգամավորներ Հրանտ Դավթյանն ու Հակոբ Հակոբյանը, ֆինանսների նախկին փոխնախարար ու ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Աֆրիկյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ու նրա գործընկերները, ՀՀ-ում Ղրղըզստանի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սեդրակյանն ու կինը, Հայաստանի օդուժի հիմնադիրներից գնդապետ Ալեքսանդր Աբրահամյանի կինը:

Հրապարակումից օրեր անց ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանը «Հետքին» նամակ էր գրել, որով հայտնել էր հետեւյալը. «Նյութում հրապարակված անձինք եւ փաստերը հետաքրքրություն են ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության մարմինների համար, ուստի խնդրում ենք առկայության դեպքում մեզ տրամադրել վերը նշված նյութին վերաբերող լրացուցիչ եւ մանրամասն տվյալներ՝ բացահայտելու ՀՀ-ից դրամական միջոցների արտահոսքի մեխանիզմներն ու դրանց մեջ ներգրավված անձանց շրջանակը»: Քանի որ մենք հրապարակել էինք մեր ունեցած բոլոր տվյալները, ԱԱԾ-ին հայտնելու որեւէ ինֆորմացիա չունեինք:

Դրանից ամիսներ անց մեզ նույն խնդրանքով դիմել են նաեւ ՀՀ ոստիկանությունից, սակայն պատասխանը, բնականաբար, եղել է նույնը:

Օրերս հարցում էինք ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք մեր նյութից հետո հարուցվել է քրեական գործ, եթե այո, ապա երբ, որ մարմնի կողմից եւ ինչ հոդվածներով է հարուցվել, որ մարմինն է իրականացնում նախաքննությունը, կան արդյոք կասկածյալներ կամ մեղադրյալներ: ԳԴ-ի հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հարցմանը պատասխանել է. «Դուբայում անշարժ գույք ունեցող ներկա եւ նախկին պաշտոնյաների մասին հրապարակման նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն: Կատարվում են լայնածավալ ստուգողական աշխատանքներ: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

ԳԴ-ն չի հայտնել, թե նյութերը երբ են ուղարկվել ոստիկանություն: Բայց այստեղ ուշագրավն այն է, որ ՀՀ-ում Ղրղըզստանի պատվավոր հյուպատոս, «Պատվավոր հյուպատոսների միություն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Սեդրակյանը գործող բարձրաստիճան ոստիկան է, կոչումով՝ գնդապետ: Նա ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ) վարչության պետն է, ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիայի), ինչպես նաեւ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ:

Ինչպե՞ս պիտի ոստիկանությունը դատախազությունից ստացված նյութերի լայնածավալ ստուգողական անկախ աշխատանքներ կատարի, եթե հոդվածի մեջ հիշատակվել է կառույցում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի ու նրա կնոջ մասին:

Սեդրակյանը 7-րդ վարչության պետ է նշանակվել 2018-ի դեկտեմբերի 7-ին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմից: Հետաքրքիր է, որ դրանից հետո՝ այս տարվա հուլիսին, պաշտոնի բարձրացում է ստացել Սեդրակյանի որդին՝ 27-ամյա Ժիրայր Սեդրակյանը: Վերջինս Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի) վարչության ավագ օպերլիազորի պաշտոնից փոխադրվել է Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնին:

Դառնալով ոստիկանության 7-րդ վարչության պետ՝ Բ. Սեդրակյանը մտել է հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների ցանկի մեջ: Պաշտոնի ստանձնման հայտարարագրում վարչության պետը նշել է, որ ունի 1 առանձնատուն, 2 բնակարան (հասցեները չեն հրապարակվում), ինչպես նաեւ 7,5 մլն դրամ ու 12 հազ. դոլար, մինչեւ պաշտոնն ստանձնելն էլ (2018-ի ընթացքում) ստացել է 1,35 մլն դրամ աշխատավարձ: 

Հիշեցնենք, որ, ըստ մեր ստացած ինֆորմացիայի, Բ. Սեդրակյանը 2014 թ. բնակարան է ձեռք բերել Դուբայի հայտնի «արմավենու» («Palm Jumeirah») վրա՝ «Al Hatimi» բնակելի շենքում: Նույն տարում նա եւ կինը՝ Իդա Եղիազարյանը, վաճառել են Դուբայի Միջազգային քաղաք թաղամասի «Al Dana 1» բնակելի շենքում գտնվող իրենց բնակարանը:

Լուսանկարը՝ Բ. Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Անգել
Բաբոյին տվել են Մետրոպոլիտենի տնօրեն???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter