HY RU EN

Վահե Սարուխանյան

Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում

Հայաստանից դուրս եկող միլիոնավոր դոլարներն արտերկրում դառնում են ներդրում, մասնավորապես, անշարժ գույքի տեսքով: Հայ պաշտոնյաները, օլիգարխներն ու տարբեր գործարարներ մեծածավալ գույք են ձեռք բերել բազմաթիվ երկրներում: Նրանց շրջանում ամենամեծ պահանջարկ ունեցող վայրերից մեկը Դուբայն է:     

Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքը, որն իր շքեղությամբ Արեւելքի մարգարիտ կոչվելու բոլոր իրավունքներն ունի, օր-օրի ավելի ու ավելի շատ մարդկանց է գրավում: Դրանք ոչ միայն միլիոնավոր զբոսաշրջիկներ են աշխարհի տարբեր ծայրերից, այլեւ մեծահարուստներ, ովքեր նախեւառաջ անշարժ գույք են գնում այստեղ: 

Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP, այս ցանցի անդամ է նաեւ «Հետքը») մեր գործընկերներից տվյալներ ենք ստացել Դուբայում անշարժ գույքի հայ սեփականատերերի մասին:

OCCRP-ն, մեջբերելով «Tax Justice Network» միջազգային անկախ փաստաբանական խմբին, հայտնում է, որ աշխարհի ոչ թափանցիկ իրավասությունների շարքում Դուբայը 9-րդն է: Այս քաղաքի եւ համանուն էմիրության առանձնահատկություններից են թափանցիկության բացակայությունը, իշխանությունների կողմից թույլ կարգավորումները եւ ներդրվող հսկայածավալ փողերի ծագումնաբանության հանդեպ անտարբերությունը, ինչը Դուբայը դարձրել է դրախտ քրեական խմբավորումների, ահաբեկիչների, դիկտատորների ու բոլոր նրանց համար, ովքեր ապրում են հանցագործություններով եւ կոռուպցիայով: Դուբայը դարձել է վայր, որտեղ աշխարհի ուժեղները կարող են խուսափել հարկերից եւ պատժամիջոցներից, իրենց երկրների իրավապահների աչքից հեռու զբաղվել փողերի լվացմամբ ու ակտիվներ թաքցնելով:

«C4ADS» շահույթ չհետապնդող կազմակերպությունն OCCRP-ին տրամադրել է տվյալներ, որոնք հավաքվել են անշարժ գույքի ոլորտի տարբեր մասնագետների կողմից: Տվյալների բազայում առկա է մոտ 54 հազար հասցե եւ 129 հազար սեփականատեր աշխարհի 181 երկրից: Այս մարդկանցից շատերը որեւէ իրավախախտման մեջ չեն մեղադրվում, սակայն քաղաքական գործիչների եւ մեծահարուստ անձանց անունները հարցեր են առաջացնում: Կան նաեւ պատժամիջոցների ցուցակներում ներառված անձինք, արդարադատությունից խուսափող դեմքեր եւ այլ անհատներ, որոնց բոլորի ներկայությունը Դուբայում ցույց է տալիս, թե  կասկածելի անձանց որքան գրկաբաց է ընդունում այս քաղաքը: 

dubai uae.jpeg (1.41 MB)

Այս ֆոնին արժե հիշեցնել, որ Վաշինգտոնում գործող «Global Financial Integrity» հետազոտական եւ խորհրդատվական կազմակերպությունը, որը պարբերաբար զեկույցներ է հրապարակում զարգացող երկրներից ապօրինի ֆինանսական հոսքերի մասին, 2015-ին նշել էր, որ 2004-2013 թթ. Հայաստանից ապօրինի ճանապարհով դուրս է բերվել 9,8 մլրդ դոլար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր երկրի արտաքին պարտքն այդ նույն հատվածում 1,2 մլրդ դոլարից հասել էր 3,8 մլրդ-ի, իսկ արդեն այս տարվա սեպտեմբերին այն կազմել է 5,4 մլրդ դոլար: 

«Հետքի» ձեռքի տակ գտնվող ցուցակում առկա են նախկին ու ներկա հայ պաշտոնյաների, գործարարների, նրանց հարազատների անուններ: Ճիշտ է, նույն գործարարներից ոչ բոլորն են հայտնի ու հանրության համար հետաքրքրություն ներկայացնող, սակայն կան անուններ, որոնք ժամանակին կարեւոր դերակատարում են ունեցել Հայաստանի տնտեսության մեջ (չենք ասում ՝ դրական կամ բացասական): Մենք չենք պնդում, որ ստորեւ ներկայացվող անձինք Դուբայում անշարժ գույք են գնել «կեղտոտ» փողերով, սակայն նրանց ունեցվածքը (հատկապես՝ պետական պաշտոնյաների) մտածելու տեղ է տալիս:

*Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել գույքի հասցեներն ու հայ սեփականատերերի անունները

ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանը Դուբայի հնաբնակներից է

ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթի Դավթյանը Էջմիածնից է, ԱԺ առաջին անգամ մտել է 2012-ին՝ պատգամավոր ընտրվելով ԲՀԿ-ի համամասնական ցուցակով: Ըստ պաշտոնական կենսագրության՝ 1995-2001 թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ, 2001-ից «Գրանտ-գրուպ» իրավաբանական անձանց միության նախագահն է: 2012-2017 թթ. խորհրդարանում անցկացնելուց հետո Դավթյանը կրկին պատգամավոր է դարձել այս տարվա հունիսին: Սյունիքի ու Վայոց ձորի մարզերից «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավոր դարձած Մերուժան Սիմոնյանը հրաժարվել էր մանդատից, սակայն տարածքային ցուցակի մյուս թեկնածուները ինքնաբացարկ էին հայտնել, ու արդյունքում մանդատը բաժին էր հասել համամասնական ցուցակում ընդգրկված Հրանտ Դավթյանին:   

«Հետքը» 2017-ին գրել էր պատգամավորության թեկնածու Հ. Դավթյանի հայտարարագրած գույքի եւ եկամուտների մասին, որը նա ներկայացրել էր ԿԸՀ-ին: Այդտեղ Դուբայում ունեցած տան մասին որեւէ խոսք չկա: Այս տարի վերստին պատգամավոր դառնալուց հետո ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նա իբրեւ անշարժ գույք նշել է մեկ առանձնատուն, մեկ հողամաս ու երկու բնակարան:

Հ. Դավթյանի արտասահմանյան գույքը գտնվում է Դուբայ Մարինա շրջանում, որը բավականին արագ զարգացող եւ կառուցապատվող, գերժամանակակից շենքերից կազմված շրջան է: ԱԺ պատգամավորը բնակարանի սեփականատեր է, որը գտնվում է «Al Sahab» համալիրում: Սա 44 եւ 24 հարկ ունեցող երկու աշտարակներից բաղկացած կառույց է, որի հեղինակը «Emaar» ընկերությունն է: Վերջինս Դուբայի ամենախոշոր կառուցապատողներից է, բավական է ասել, որ հենց «Emaar»-ն է կառուցել աշխարհի ամենաբարձր՝ գրեթե 830 մ բարձրություն ունեցող «Բուրջ Խալիֆա» աշտարակը: Հրանտ Դավթյանի բնակարանը գտնվում է «Al Sahab»-ի առաջին՝ 24-հարկանի աշտարակի 7-րդ հարկում:

«Հետքի» թղթակցի հետ զրույցում պատգամավորը չի թաքցրել, որ գույք ունի Դուբայում, չնայած ասում է, թե իր անունով չէ: Իրականում բնակարանի սեփականատերը, ըստ մեր տվյալների, հենց Հ. Դավթյանն է:

-Դուք անշարժ գույք ունե՞ք Դուբայում:

-Այո:

-Ի՞նչ գույք է եւ ե՞րբ է հայտարարագրվել:

-Հայտարարագրումը չգիտեմ, ես կոնկրետ չգիտեմ, թե երբ ա հայտարարագրվել: Դրա մասին չգիտեմ: Կոնկրետ իմ անունով չի երեւի, կարող ա դրա համար չի հայտարարագրվել:

-Այսինքն՝ Դուք չգիտե՞ք հաստատ ձեր անունով է, թե ոչ:

-Ես գիտեմ, իմ անունով չի, դրա համար երեւի չի հայտարարագրվել:

-Ձեր ընտանիքի անդամներից մեկի՞նն է:

-Այո:

-Բնակարա՞ն է:

-Այո, 80 քառակուսի ա, ինչ ա: Գիտե՞ս՝ որ թվերին ա եղել, երեւի 15 տարի առաջ:

-Որ ձեռք բերեցիք, այդ ժամանակ պատգամավո՞ր էիք:

-Չէ, չէ, 15 տարի առաջ ա եղել: Մենք բիզնես ունեինք այնտեղի հետ:

-Հիմա էլ ունե՞ք այդ բիզնեսն այնտեղ:

-Չէ, տուրիստական բան էր, էլի, բիզնեսը ո՞րն ա:

-Ի՞նչ նպատակով էիք ձեռք բերել Դուբայում բնակարան:

-Դե, մենք որ տուրիստականը 15 տարի առաջ ընդեղ աշխատում էինք, ապրանքներ էինք բերում-տանում, գործնական ընդեղ ապրում էինք: 80 քառակուսի է, թե 90, կարծեմ՝ 86: Փոքր բան ա: Հյուրանոցներից էժան էր էն վախտ, դրա համար էի վերցրել:

-Եթե գաղտնիք չէ, ու՞մ անունով է բնակարանը:

-Հարազատ, էտի կարամ վաղը ասեմ, վաղը ճշտեմ, ասեմ: Վախենալու բան չկա, արխային:

hrant-davtyan (1).jpg (92 KB)

Այսինքն՝ ըստ պատգամավորի, գույքը ձեռք է բերել 2000-ականների սկզբներին: Այս առումով արժե հիշել, որ Դավթյանն ու նրա էջմիածինցի ընկեր, Ճոյտ մականունով հայտնի Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը, որն այն ժամանակ անկախ պատգամավոր էր, 2005-ի հունվարին Դուբայում տհաճ պատմության մեջ էին հայտնվել: Տեղի ոստիկանությունը նրանց ձերբակալել էր: Դավթյանին կասկածում էին «Զիլի» բրենդային խանութից երկու մուշտակ գողանալու մեջ: Հայկական մամուլում նույնիսկ հրապարակում եղավ, որ դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել («Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածի հեղինակը ճակատագրի հեգնանքով այսօր Դավթյանի գործընկեր, կուսակից Նաիրա Զոհրաբյանն էր): Հակոբ Հակոբյանը հետագայում հայտնել էր, որ մեղավորը եղել է խանութի դրամարկղի աշխատողը, որը Հ. Դավթյանի առեւտուրը հաշվելիս մեկ 0 պակաս է գրել, եւ 8800 դոլարի փոխարեն ստացվել է 880, իսկ քարտով առեւտուր անող Դավթյանը սխալը չի նկատել եւ վճարելուց հետո խանութից դուրս է եկել: Ահազանգ ստացած ոստիկաններն այնուհետ գնացել են Դավթյանի հետեւից ու ձերբակալել նրան:

Ընկերոջ հետ կատարվածը պարզելու համար բաժին էր գնացել Հ. Հակոբյանը՝ իր որդու հետ, որոնց տեղում ձերբակալել էին՝ հայտնելով, թե Հակոբյանը հետախուզվում է Ինտերպոլով: Ավելի ուշ պարզվել էր, որ հետախուզվողն այլ անձ էր՝ Հակոբ Ռաֆիկի Հակոբովը, ով արդեն ձերբակալվել էր, սակայն Ինտերպոլի ցուցակներից դուրս չէր բերվել: Հ. Հակոբյանին ու որդուն ավելի շուտ էին բաց թողել, քան Դավթյանին:

Մեր տրամադրության տակ գտնվող տվյալները հուշում են, որ Հրանտ Դավթյանն ու Հակոբ Հակոբյանը ոչ միայն ընկերներ են, այլեւ հարեւաններ: Եվ ոչ թե Էջմիածնում, այլ Դուբայում:

Հակոբ Հակոբյանն ասում է, որ բնակարանը վաճառել է     

Հակոբ Հակոբյանը հանրությանն առավել հայտնի է Ճոյտ մականունով: Նա ԱԺ պատգամավոր է եղել 1999-2007 թթ.: Անկուսակցական Հակոբյանը 2006-ին անդամագրվել է ՀՀԿ-ին: Հակոբյանը ժամանակին տուն է գնել վերոնշյալ «Al Sahab» համալիրի երկրորդ՝ 44-հարկանի աշտարակի 6-րդ հարկում:

«Հետքի» լրագրողի հետ զրույցում նախկին պատգամավորը չի հերքել, որ գույք է ձեռք բերել Դուբայում, սակայն հավելել է, որ այն հետագայում վաճառել է:

-Դուք Դուբայում անշարժ գույք, բնակարան ունե՞ք:

-Ես ունեի Դուբայում անշարժ գույք, վաճառել ենք 2015 թվականին:

-Բնակարա՞ն էր:

-Բնակարան էր, կվարտիրա էր:

-Իսկ շո՞ւտ էիք ձեռք բերել:

-2001 թվականի սեպտեմբեր ամսին:

-Դուք այդ ժամանակ պաշտոնյա եղե՞լ եք:

-Ոչ, ես երբևիցե որևէ պաշտոն չեմ ունեցել:

-Խոսքս վերաբերում էր ԱԺ պատգամավոր լինելուն:

-Այո, ես Ազգային ժողովի պատգամավոր էի 2001 թ.:

hakob-hakobyan.jpg (86 KB)

-Իսկ հայտարարագրե՞լ եք այդ գույքը երբևէ:

-Այո, այո, հայտարարագրի մեջ, ընտրությունների ժամանակ, մենք հայտարարագրել ենք, որ ունենք բնակարան, իմ հիշելով՝ 97 քմ: Տեղը հասցեով նշել ենք անպայման:

-Ինչու՞ վաճառեցիք, Ձեզ պետք չէ՞ր, թե՞ ֆինանսական պատճառներ կային:

-Ֆինանսական խնդիրներ ունեինք, քննչական վարչությունում խնդիրներ էին առաջացել մեր նկատմամբ, բնակարանը վաճառեցինք, մուծեցինք հարկեր:

Արթուր Աֆրիկյան. «Բուրջ Խալիֆայից» մինչեւ «Պալմ Ջումեյրա»

Արթուր Սերգեյի Աֆրիկյանը դեռ 1980-ականներից եղել է հարկային ու մաքսային համակարգում: Տարածքային հարկային տեսչությունների պետի պաշտոնից նա հասել է պետեկամուտների նախարարի խորհրդականի պաշտոնին (2000-2001 թթ.), ապա դարձել ՊԵ նախարարությունից առանձնացված մաքսային պետական կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավար (2001-2002 թթ.), 2002-2008 թթ.՝ աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ: Հիշեցնենք, որ 2001-2008 թթ. ՄՊԿ-ի նախագահը Արմեն Ավետիսյանն էր, որին փոխարինեց Գագիկ Խաչատրյանը:

Հենց Խաչատրյանի օրոք էլ՝ 2008-ի հունիսին, Աֆրիկյանը դարձավ մաքսայինի ղեկավարի տեղակալ, իսկ ամիսներ անց, երբ մաքսային պետական կոմիտեն ու հարկային պետական ծառայությունը միավորվեցին որպես պետեկամուտների կոմիտե եւ նախագահ նշանակվեց Գ. Խաչատրյանը, Աֆրիկյանը նշանակվեց նրա առաջին տեղակալ: 2011-ին նախագահ Սերժ Սարգսյանը Ա. Աֆրիկյանին շնորհեց մաքսային ծառայության գեներալ-մայորի կոչում: 2014-ին ՊԵԿ-ը միավորվեց ֆիննախին, Գ. Խաչատրյանն էլ դարձավ գերատեսչության ղեկավար՝ Աֆրիկյանին տանելով իր հետ: 2014-2016 թթ. Ա. Աֆրիկյանը ֆինանսների փոխնախարար էր:

2016-ի մարտին ՊԵԿ-ը նորից առանձնացավ ֆիննախից, դրա նախագահ նշանակվեց Հովհաննես Հովսեփյանը, նրա առաջին տեղակալ՝ Արթուր Աֆրիկյանը: Երկուսն էլ իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին նույն տարվա հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ սեպտեմբերին վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի ղեկավարումը վստահեց իր գործընկեր Վարդան Հարությունյանին:       

afrikyan.jpg (129 KB)

Գեներալ Արթուր Աֆրիկյանի տները Դուբայում գտնվում են այնպիսի համալիրներում, որոնք ուղղակի աչք են ծակում իրենց շքեղությամբ: Դրանցից առաջինը աշխարհի ամենաբարձր կառույցն է՝ «Burj Khalifa» աշտարակը, որը ներառում է հյուրանոց, ռեստորաններ, բնակելի եւ գրասենյակային տարածքներ, դիտման հարթակներ եւ այլն: 163 հարկ ունեցող աշտարակի 19-108-րդ հարկերում բնակելի տարածքներ են: Ըստ մեր ձեռքի տակ եղած տվյալների՝ Ա. Աֆրիկյանը 2014 թ. բնակարան է ձեռք բերել 43-րդ հարկում:

Մեր ցուցակի մեջ 2014 թ. գործարքների շարքում են ընդգրկված Աֆրիկյանի բնակարաններից եւս երկուսը, սակայն այստեղ նախկին պաշտոնյան նշված է որպես վաճառող: Բնակարանները գտնվում են «Palm Jumeirah» անունը կրող եւ արմավենու տեսքով հայտնի արհեստական կղզու («Palm Jumeirah»-ի կառուցապատողը մեկ այլ հայտնի ընկերություն է՝ «Nakheel»-ը) «ցողունի» վրա՝ «Marina Residences» համալիրում, որը բաղկացած է միանման 6 բարձրահարկերից եւ դրանց միջեւ գտնվող 6 ցածրահարկ շինություններից՝ «townhouse»-ներից (համալիրի հատակագիծն՝ այստեղ): Ըստ մեր տեղեկությունների՝ Աֆրիկյանի բնակարաններից մեկը գտնվում է 4-րդ շենքում (ստորեւ՝ եռաչափ պատկերում), իսկ մյուսը «townhouse»-ներից մեկում:

Ա. Աֆրիկյանի անունով է գրանցված նաեւ Դուբայի կենտրոնում՝ «Burj Khalifa» աշտարակի հարեւանությամբ գտնվող «Address Dubai Mall» 5-աստղանի հյուրանոցի 33-րդ հարկի բնակարաններից մեկը: 37 հարկ ունեցող այս հյուրանոցի բարձրությունը 192 մ է, այն Դուբայի 100 ամենաբարձր շինությունների մեջ 75-րդն է: «Address» ապրանքանիշի հյուրանոցների կառուցապատողը վերոնշյալ «Emaar» ընկերությունն է: Հյուրանոցներն առաջարկում են ոչ միայն համարներ, այլեւ բնակարաններ (այդ թվում՝ վաճառքով):

Այս բնակարանը մեր տվյալների մեջ գրանցված է 2014-2015 թթ. գործարքների շարքում: Դրանց թվում են նաեւ կրկին Դուբայի կենտրոնում կառուցված «Address Downtown» 5-աստղանի հյուրանոցում ձեռք բերված 3 բնակարանները, որոնք գտնվում են 16-րդ, 25-րդ եւ 47-րդ հարկերում: 63 հարկ եւ 302 մ բարձրություն ունեցող այս հյուրանոցն իր հերթին Դուբայի 22-րդ ամենաբարձր շինությունն է:     

2014-ին դառնալով ֆինանսների փոխնախարար՝ Ա. Աֆրիկյանը հայտարարագրել է մեկ բնակարան եւ ավտոտնակ, նույնն արել է 2016-ին, երբ նախ նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, ապա ազատվել պաշտոնից:

Մենք փորձել ենք կապ հաստատել Արթուր Աֆրիկյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի է: Ըստ մեր տեղեկությունների՝ նախկին պաշտոնյան «թավշյա հեղափոխության» օրերին մեկնել է ԱՄՆ:

Գործարար Մաքսիմ Հակոբյանն ընկերների հետ զբաղեցրել է հյուրանոցի հարկը

Մաքսիմ Հակոբյանը ժամանակին ազդեցիկ ֆիգուր էր Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ հանքարդյունաբերության մեջ: Նա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր ու սեփականատերերից մեկը: Նրա որդիներից ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը 2004-2013 թթ. ԱԺ պատգամավոր էր, 2013-2014 թթ. Սյունիքի մարզպետն էր, իսկ 2014-ի սեպտեմբեր-նոյեմբերին զբաղեցրել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:

maksim-hakobyan.jpg (224 KB)

2014-ի գարնանը կոմբինատի 60 տոկոսի սեփականատեր գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության անմիջական մասնակցությամբ Մաքսիմ Հակոբյանը հեռացվեց պաշտոնից, նրան փոխարինեց ավստրալացի Նիլ Սթիվենսոնը: Քաջարանում եւ Կապանում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Հակոբյանի հեռացման պատճառը արդյունաբերական հսկայի ներսում մեծ ծավալների հասնող չարաշահումներն ու յուրացումներն էին, ինչը, մեծ հաշվով, չհերքվեց նոր ղեկավարության կողմից: Այդուհանդերձ, գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելուց հետո Հակոբյանը նշանակվեց նոր ձեւավորված մարմնի՝ տնօրենների խորհրդի նախագահ, որը, սակայն, ԶՊՄԿ-ում, ի տարբերություն գլխավոր տնօրենի, շատ ավելի թույլ, գրեթե ոչինչ չորոշող պաշտոն է: Քաջարանցի Մ. Հակոբյանի հետ հեռացվեցին նաեւ գլխավոր հաշվապահ, նույնպես քաջարանցի Արիստակես Ներսիսյանն ու կոմերցիոն տնօրեն, լեռնաձորցի Արծրունի Ավետիսյանը:      

Մեր ունեցած տվյալների համաձայն՝ Հակոբյանը, Ներսիսյանն ու Ավետիսյանը բնակարաններ են ձեռք բերել Դուբայի «Address Dubai Marina» 5-աստղանի հյուրանոցում: Նշված հյուրանոցը, ինչպես կարելի է հասկանալ անունից, գտնվում է Դուբայ Մարինա շրջանում՝ «Dubai Marina Mall» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ:

Հակոբյանի ու ընկերների բնակարանները գտնվում են հյուրանոցի 21-րդ հարկում: Ընդ որում՝ եթե Ներսիսյանն ու Ավետիսյանը մեկական բնակարան ունեն, ապա Հակոբյանի անունով գրանցված է 17 բնակարան: Տպավորություն է, որ հայերը զբաղեցրել են «Address Dubai Marina»-ի մի հարկը:

Հայաստանում Ղրղըզստանի պատվավոր հյուպատոսի տները

Դուբայում գույք են գնել նաեւ Բաբկեն Սեդրակյանն ու Իդա Եղիազարյանը, ովքեր ամուսիններ են: Սեդրակյանը 2017 թ. փետրվարից Ղրղըզստանի պատվավոր հյուպատոսն է Հայաստանում: Նրա գրասենյակը գտնվում է Երեւանի Ամիրյան փողոցում, որտեղ գրանցված է կինը (ինքը՝ Սեդրակյանը, հաշվառված է Հյուսիսային պողոտայում): Նշենք, որ Հայաստանում Ղրղըզստանի դեսպանի նստավայրը Մոսկվայում է, իսկ այդ երկրում մեր դեսպանինը՝ Աստանայում: Բաբկեն Սեդրակյանը նաեւ անցյալ տարի հիմնադրված «Պատվավոր հյուպատոսների միություն» ՀԿ նախագահն է ու ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ:         

babken-sedrakyan.jpg (114 KB)

«Հետքի» ունեցած տեղեկություններով՝ Բ. Սեդրակյանն ու Ի. Եղիազարյանը 2 բնակարան են ձեռք բերել Դուբայում: Դրանցից մեկը գտնվում է «Palm Jumeirah»-ի վրա՝ «Al Hatimi» բնակելի շենքում, որը 20 միանման շենքերից կազմված «Shoreline» շարքի 5-րդ շինությունն է: Ըստ մեր տվյալների՝ բնակարանը Բ. Սեդրակյանի սեփականությունն է, որը ներառված է 2014 թ. գործարքների շարքում, իսկ Սեդրակյանը ներկայացված է որպես գնորդ:   

2014-ի գործարքների մեջ ներկայացված է նաեւ հյուպատոսի եւ նրա կնոջ բնակարանը, որը գտնվում է Դուբայի Միջազգային քաղաք (International City. ինչպես եւ «Palm Jumeirah»-ն, սա եւս կառուցել է «Nakheel» ընկերությունը) կոչվող թաղամասի «Al Dana 1» բնակելի շենքում: Սակայն ամուսիններն այս պարագայում նշված են որպես վաճառողներ:

Գնդապետի կինը՝ սեփականատեր

Մեր ցուցակում առկա է նաեւ Անահիտ Կոստանդյանի անունը, ով գրանցված է Երեւանի կենտրոնում: Կոստանդյանը զինուժի ավիացիայի վարչության առաջին պետ (1992-1996 թթ.), պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Աբրահամյանի կինն է: Գնդապետ Աբրահամյանը Հայաստանի անկախությունից հետո ռազմական ավիացիայի հիմնադիրներից է, նրա անվան հետ են կապվում նաեւ ավելի ուշ ստեղծված մի շարք բեռնափոխադրող ավիաընկերություններ, այդ թվում՝ արդեն լուծարված «Ավիակոմպանիա Վետերան» ՍՊԸ-ն, որտեղ Աբրահամյանը 70 տոկոսի սեփականատերն էր: 

Բարձրաստիճան զինվորականի կնոջ անունով գրանցված բնակարանը մեր ձեռքի տակ եղած տվյալների մեջ ներկայացված է 2014-2015 թթ. գործարքների շարքում: Այն գտնվում է «Emaar»-ի կառուցած Գրինս էնդ Վյուս (The Greens and Views) բնակելի թաղամասի «Tanaro» շենքում՝ 15-րդ հարկում:

«Հետքի» աղբյուրը հայտնել է, որ Դուբայում 2 բնակարան ունի Երեւանի նախկին քաղաքապետ ու տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, անշարժ գույքի սեփականատեր է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը, իսկ «Palm Jumeirah»-ի վրա վիլլա ունի նախկին վարչապետ եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սակայն նրանց ունեցվածքը չի հայտարարագրվել: Այլ նախկին պաշտոնյաներ եւս գույք են ձեռք բերել այս քաղաքում: «Հետքը» շարունակում է իր ուսումնասիրությունը:   

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի
Պատգամավորների հետ հարցազրույցները՝ Գրիշա Բալասանյանի