HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քրոնիմետը» հայտնում է Մաքսիմ Հակոբյանի փոխարինման պատճառները

«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է ՀՀ-ում «Քրոնմիետ Մայնինգ» ընկերության ներկայացուցչությունը

-Ինչո՞վ է պայմանավորված ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը:  

-Համաշխարհային շուկայում ստեղծված մրցակցային իրավիճակը ստիպում է, որ կառավարմանը նոր շունչ հաղորդվի. միևնույն ժամանակ կա բնական անհրաժեշտություն օգտագործել տվյալ ոլորտի փորձառու մասնագետների հմտությունը: Այդ իսկ պատճառով ԶՊՄԿ-ի նոր տնօրեն նշանակվեց միջազգային փորձ և կրթություն ունեցող մասնագետ Նիլ Սթիվենսոնը, իսկ նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը նշանակվեց նոր ստեղծված տնօրենների խորհրդի նախագահ:

-Մամուլը գրել է կոմբինատում տնօրինության յուրացումների մասին: ԶՊՄԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն էլ ասել էր, թե 120 միլիոն եվրոյի յուրացում է եղել, ինչն արագ փակել են: «Քրոնիմետը», որ ԶՊՄԿ-ի 60 տոկոսի բաժնետերն է, լսե՞լ է յուրացման դեպքերի մասին:

-Յուրացումը որոշակի գործողությունների համապատասխան հետևանքներ ունեցող իրավական գնահատական է, որը սովորաբար տալիս է դատարանը կամ նախաքննության մարմինը: Ներկայիս տնօրինությանը այս պահին հայտնի չեն գումարային յուացումների դեպքեր: Ինչ վերաբերում է henaran.am կայքին Մաքսիմ Հակոբյանի տված հարցազրույցին, ապա լրագրողը պարոն Հակոբյանի բառերը մեջբերելուց հետո շեշտում է. «Կատակով ասաց Մաքսիմ Հակոբյանը»: Բնականաբար, սա պարզապես կատակ էր:

-ԶՊՄԿ-ի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել ավստրալացի Նիլ Սթիվենսոնը: Այդ պաշտոնի համար մրցույթ հայտարարվե՞լ է, թե՞ դա «Քրոնիմետի» ղեկավարության ուղղակի նշանակումն էր: Ի՞նչն է հաշվի առնվել նրա ընտրության համար:

-Նիլ Սթիվենսոնը նշանակվել է ԶՊՄԿ-ի տնօրեն Գերմանիայում հայտարարված մրցույթը հաղթելու արդյունքում: Նրա ընտրությունը պայմանավորված է եղել մասնագիտական բարձր գիտելիքներով և հարուստ միջազգային փորձի առկայությամբ: Պարոն Սթիվենսոնը երկար տարիներ աշխատել է հանքարդյունաբերության ոլորտում Ավստրալիայում, Աֆրիկայում, ինչպես նաև ԽՍՀՄ երկրներում:

-Հունիսի 24-ին ԶՊՄԿ-ի բաժնետերերի տարեկան ժողովն էր անցկացվել, որի ժամանակ էլ հայտնել էիք նոր տնօրենի անունը: Հայաստանից ովքե՞ր էին մասնակցում այդ ժողովին:

-Բաժնետերերի տարեկան ժողովին Հայաստանից մասնակցել են ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը, ԶՊՄԿ նախկին գլխավոր հաշվապահ Արիստակես Ներսիսյանը, ԶՊՄԿ նախկին կոմերցիոն տնօրեն Արծրունի Ավետիսյանը:

-Տարիներ շարունակ խոսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ԶՊՄԿ-ում բաժնեմաս ունենալու մասին

-«Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը բազմիցս հերքել է ՀՀ երկրորդ նախագահի՝ ընկերությունում բաժնեմաս ունենալու մասին անհիմն տեղեկությունը: 

-Նոր տնօրենի նշանակումից հետո Կապանում խոսում են կոմբինատում մեծածավալ կրճատումների մասին: Նշում են, որ ԶՊՄԿ-ի աշխատակիցների թիվը, որն այսօր անցնում է 3000-ից, ուռճացված է: Կրճատումներ սպասվո՞ւմ են:

-Կոմբինատում կրճատումներ չեն սպասվում, ընդհակառակը, նոր տնօրինության ջանքերը ուղղված են նոր աշխատատեղեր ստեղծելու ուղությամբ: Ինչ վերաբերում է 3000 աշխատակից ունենալու անհրաժեշտությանը, ապա եթե անգամ տեսականորեն հնարավոր լիներ նույն աշխատանքը կատարել ավելի քիչ քանակի մարդկանցով, միևնույնն է, «Քրոնիմետը» չէր դիտարկի այդպիսի հնարավորություն, քանի որ մենք գիտակցում ենք կոմբինատի դերը քաղաքի և աշխատակիցների կյանքում: Ամեն ինչ արվելու է, որպեսզի աշխատակիցների քանակը ավելանա, իսկ աշխատանքի պայմանները բարելավվեն: Համոզված ենք՝ շատ մոտ ապագայում բոլորը կտեսնեն այդ ջանքերի արդյունքները:

-Մաքսիմ Հակոբյանի տնօրինության ժամանակ աշխատանքի էին անցել նրա մերձավորները: Նրանք շարունակո՞ւմ են աշխատել նույն պաշտոններում:

-Ընկերության հիմնական բաժնետերը միշտ շատ բարձր է գնահատել Հակոբյանների անձնական ավանդը կոմբինատի կայացման և զարգացման գործընթացում: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատում են բազմաթիվ ընտանիքներ և անգամ գերդաստաններ: Հակոբյանները այդ գերդաստաններից մեկն են: Ընկերությունը չի տարբերակում մարդկանց՝ ելնելով իրենց ազգակցական կապերից. մեզ համար կարևոր է աշխատակցի պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը աշխատանքին:

-Սյունիքում խոսում են կոմբինատում ուժային կառույցների նախկին ներկայացուցիչներին (ինչպես տեղացիներն են ասում՝ ԿԳԲ-իստներին) աշխատանքի ընդունելու մասին, օրինակ, ասում են, որ Կապանի նախկին ոստիկանապետ Վարդան Գևորգյանն այժմ ԶՊՄԿ-ի անվտանգության պետն է: Ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը:

-Ինչպես արդեն նշել ենք, «Քրոնիմետը» բարձր է գնահատում մարդկանց պրոֆեսիոնալիզը: Մինչ մեր թիմում ընդգրկվելը մեր աշխատակիցներից շատերը աշխատել և փորձ են կուտակել տարատեսակ այլ կառույցներում, այդ թվում և՝ պետական, երբեմն նաև՝ ուժային: Ինչ վերաբերում է Վարդան Գևորգյանին, ապա նա իսկապես աշխատում է ԶՊՄԿ-ում, բայց չի հանդիսանում անվտանգության պետ:

-Ինչո՞ւ ստեղծվեց տնօրենների խորհուրդն այն ժամանակ, երբ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի փոփոխություն կատարվեց: Մաքսիմ Հակոբյանին չնեղացնելու համա՞ր էր: Ի՞նչ լիազորություններ ունի այդ խորհուրդը: Որքա՞ն աշխատավարձ է ստանալու Մաքսիմ Հակոբյանը տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում:

-«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ խոշոր ընկերությունները պարտավոր են ունենալ տնօրենների խորհուրդ: Մինչ այդ մարմնի ստեղծման պահը տնօրենների խորհրդի լիազորությունները դրված են եղել բաժնետերերի ընդհանուր ժողովի վրա: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնական բաժնետերը ապրում էր արտերկրում, և դա խոչընդոտում էր ժողովների պարբերական իրականացմանը, որոշում էր կայացվել միանձնյա կառավարումից կատարել անցում կոլեկտիվ կառավարման, ինչը, համոզված ենք, դրական ազդեցություն կունենա ընկերության գործունեության վրա: Տնօրենների խորհրդի լիազորությունները սահմանված են նույն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով: Նոր ստեղծված տնօրենների խորհրդի լիազորությունները ներառում են օրենսդրության դրույթները: Ինչ վերաբերում է Մաքսիմ Հակոբյանի աշխատավարձին, ապա նման ինֆորմացիան «Քրոնիմետը» համարում է առևտրային գաղտնիք: Մենք երբեք չենք բարձրաձայնում մեր աշխատակիցների աշխատավարձը: Անգամ խոսելիս ընդհանուր աշխատանքի պայմանների մասին նշում ենք, որ ԶՊՄԿ-ում աշխատավարձը զգալիորեն գերազանցում է Հայաստանում սահմանված միջին աշխատավարձը: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր մարդ ունի Սահմանադրությամբ պաշտպանված իրավունք բարձրաձայնել իր աշխատավարձի չափը, այնպես որ այդ հարցով կարող եք դիմել պարոն Հակոբյանին, և ինքը կպատասխանի ձեզ, եթե գտնի դա նպատակահարմար:

-Ըստ լուրերի՝ Նիլ Սթիվենսոնի աշխատավարձը լինելու է 9 մլն դրամ, իսկ Մաքսիմ Հակոբյանինը՝ 20 միլիոն դրամից ավելին էր: Ո՞վ է սահմանում  աշխատավարձերի չափը:

-Մեր քաղաքականությունը, կապված աշխատակիցների աշխատավարձի բարձրաձայնմանը, արդեն ներկայացրինք նախորդ հարցի պատասխանում: Ինչ վերաբերում է աշխատավարձի չափի որոշմանը, ապա, համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի, ընկերության տնօրենի աշխատավարձի չափը որոշում է բաժնետերերի ընդհանուր ժողովը:

-«Քրոնիմետում» տեղյա՞կ էին ԶՊՄԿ-ի հանքաքարը «Լեռ-Էքս» ընկերությունում մշակելու մասին: Ի՞նչ վերաբերմունք ունեն դրա վերաբերյալ ընկերության ղեկավարները:

-Իհարկե, այդ մասին «Քրոնիմետ» ընկերությունը քաջատեղյակ է: Նշենք նաև, որ այս պահին «Լեռ-Էքս» ընկերության գործունեությունը ժամանակավորապես կասեցված է հնարավոր էկոլոգիական ռիսկերի կանխման ուղղությամբ աշխատանքներ կատարելու նպատակով, սակայն բոլոր աշխատակիցները շարունակում են ստանալ աշխատավարձ:

-ԶՊՄԿ-ի վթարներները հատկապես վերջին երկու տարիներին հաճախակի բնույթ են կրում: Ի՞նչ եք պատրաստվում անել դրանց կանխման համար:

-Նման միտումներ ԶՊՄԿ-ում չկան: Իհարկե, ցանկացած արտադրական պրոցես պարունակում է արտադրական խափանումներ, սակայն ընկերությունը խստորեն պահպանում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված և միջազգային նորմերին համապատասխանող անվտանգության բոլոր կանոնները:

-Քաջարանը բնապահպանության տեսակետից խոցելի կետերից մեկն է երկրում: Բնապահպանական ի՞նչ ծրագրեր են իրականացվելու այդտեղ:

-ԶՊՄԿ-ն պարբերաբար իրականացրել է բնապահպանական խնդիրների լուծման ծրագրեր: Այս փուլում միջազգային մասնագետների կողմից մշակվում է բնապահպանական նոր լայնամաշտաբ ծրագիր, որը կպարունակի Քաջարանի բնապահպանական խնդիրների կոմպլեքս լուծումներ: Սա չափազանց ծավալուն թեմա է, և, կարծում ենք, ճիշտ կլինի առանձին անդրադառնալ այս հարցին ծրագրի մեկնարկից հետո:

-Ի՞նչ է լինելու Քաջարան գյուղի ճակատագիրը, որի հողերից 181 հեկտարը վարձակալությամբ տրվել են ԶՊՄԿ-ին, սակայն գյուղացիներն ասում են, որ չեն հեռանա գյուղից ու չեն թողնի իրենց գերեզմանների տեղում հանք բացել:

-Այս պահին որևէ ծրագիր, կապված Քաջարան գյուղի հետ, չի իրականացվում և չի պլանավորվում: Ուզում ենք նշել նաև, որ համայնքի հետ ներդաշնակ զարգացումը մեր ընկերության հիմնական սկզբունքներից է:

Մեկնաբանություններ (2)

20 million!
Ով է գլխավոր եւ մյուս փայատերերը, ինչքան կապիտալ են դիզում տարեկան, ինչքան հարկ են տալիս եւ ինչքան վնաս պատճառում երկրին? Եթե այս մի քանի պարզագույն հարցերի պատասխանները լինեն, ապա շատ բաներ կպարզվեն մարդկանց համար: Հիմա հայտնի չէ նույնիսկ դրա տերը քոչոն է թե ուրիշը, ինչի մասին է խոսքը? Ինչ է հասարակ մարդը դրանց համար, բացի բանող ուժից, զինվորից ու ուտել պահանջող անդուր երկոտանուց? Ազգայնացնել է հարկավոր դրանց ունեցածը իսկ իրենց հանքերի մեջ քշել, ամենաարդար գործն այդ կլինի!
Բարոն
Հետք, կեղտոտ ջրում ձուկ բռնելու համար էլ են մասնագիտական հմտություններ պետք: Հետքը հագավ ինչպես կաքավ...ՃՃՃ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։