Հրանտ Դավթյան. գազալցակայաններից մինչև մանրածախ առևտուր
Գործող պատգամավոր Հրանտ Դավթյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի կազմում առաջադրվել է թիվ 6 ընտրատարածքում՝ Արմավիրի մարզում:
Պատգամավորի թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր: Ըստ որի՝ Հրանտ Դավթյանը 7 առևտրային ընկերություններում ունի բաժնեմաս:
«Խճաքար-Մուսա» ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների համար հեղուկ գազի մանրածախ վաճառքով: Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին: Նույն գործունեությունն է ծավալում նաև «Մանի Գրանտ» ՍՊԸ-ն: Նմանատիպ գործունեություն է ծավալում նաև Հրանտ Դավթյանի «Այոս» ՍՊԸ-ն՝ գազամատակարարման համակարգի միջոցով բաշխվող գազի վաճառք:
«ՄուրԴավ» ՍՊԸ-ն հարկային մարմնում չի հաշվառել իր գործունեության տեսակը:
Ինչ վերաբերում է «Մուսալեռ» արտադրական կոոպերատիվին, ապա վերջինս շահագործում է ռեստորանային, հյուրանոցային համալիր, որը գտնվում է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում: Ռեստորանի անունը ևս «Մուսալեռ» է:
«Ղարիբ» ՍՊԸ-ն հարկային մարմնում հաշվառված է որպես սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն: ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն գտնվում է Երևան քաղաքում: «Արմարկ» ընկերությունը ևս առևտրային գործունեություն է ծավալում, սակայն գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:
Ինչ վերաբերում է թեկնածուի գույքին, ապա Էջմիածին քաղաքում ունի մեծ առանձնատուն՝ 860քմ մակերեսով: Առանձնատունը գտնվում է Էջմիածին քաղաքի հարուստների թաղամասում:
Առանձնատան հարևանությամբ է գտնվում «Գրանտ Գրուպ» անունը կրող առևտրային տարածքն ու ալրաղացը:
Հրանտ Դավթյանն ունի նաև հողամասեր: 1,92հա գյուղնշանակության հողամաս ունի Արարատի մարզի Այնթափ գյուղում, 676քմ՝ գյուղնշանակության և մոտ 1000քմ բնակավայրային նշանակության հողամասեր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում: Թեկնածուն 10 հեկտար գյուղնշանակության հողատարածք ունի նաև մարզի Այգեկ համայնքում:
Հ. Դավթյանը հայտարարագրել է մեկ ավտոմեքենա՝ 2008թ. արտադրության «Մերսեդես»:
Որպես եկամուտ հայտարարագրել է միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձը՝ մոտ 6 միլիոն դրամ: Դրամական միջոցներ ընդհանրապես չի հայտարարագրել:
Մեկնաբանել