HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչի հաշվին է աճել ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում

2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է մոտ 1 տրլն 481.8 մլրդ դրամ։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները (ՀՀ ՎԿ), նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 6.5 %։ Տարվա առաջին եռամսյակի համեմատ տնտեսական աճի տեմպը փոքր-ինչ թուլացել է. առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, այն կազմել է 7.2 %:

Հայաստանի տնտեսական աճը շարունակում են հիմնականում ապահովել ծառայություններն ու առևտուրը։ Համեմատաբար էական կշիռ ունի արդյունաբերությունը։ Շինարարության նպաստման չափը գրեթե զրոյական է, իսկ գյուղատնտեսությունն առայժմ զսպում է տնտեսական աճը։

Երկրորդ եռամսյակում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 10.1 % անկում, հանքարդյունաբերության ոլորտում՝ 19.9 % աճ, մշակող արդյունաբերության ոլորտում՝ 9.5 % աճ, շինարարության ոլորտում ՝ 0.9 % աճ, մեծածախ և մանրածախ առևրտրի ոլորտում՝ 7.7 % աճ։ Իսկ ծառայությունների ոլորտում մեծ կշիռ ունեցող մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաոլորտում, որի ներքո պետք է հասկանալ հիմնականում բուքմեյքերական ընկերությունների ու խաղատների գործունեությունը, աճը կազմել է 16.7 %։ Տեսանելի աճ կա կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 37.9 %: Ծառայությունների ու առևտրի ոլորտում, միասին հաշվարկած, աճը կազմել է 9 %:

Ընդհանուր առմամբ, ՀՆԱ-ի կեսից ավելին այս տարվա երկրորդ եռամսյակում բաժին է ընկել առևտրին ու ծառայություններին՝ 55 %: 

Հասկանալու համար, թե որ ոլորտը որքան է նպաստել երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի 6.5 % աճին, առավել նպատակահարմար է դիտարկել ոչ թե ոլորտային աճը, այլ՝ հենց տնտեսական աճին նպաստման չափը։ Օրինակ՝ առևտրի և ծառայությունների ծավալը, ինչպես նշեցինք վերևում, այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 9 %-ով։ Արդյունքում ըստ Վիճկոմիտեի հաշվարկների՝ երկրորդ եռամսյակում գրանցված 6.5 % տնտեսական աճի 4.91 տոկոսային կետն ապահովել են առևտուրն ու ծառայությունները։ 1.82 տոկոսային կետն էլ բաժին է ընկել արդյունաբերությանը՝ ներառյալ էներգետիկան։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ տնտեսական աճի կառուցվածքում այս տարվա երկրորդ եռամսյակում ևս էական բարելավում չկա. առևտուրն ու ծառայությունները շարունակում են «գլխավոր դերերում» լինել։ Ավելին՝ առաջիկա երեք տարիների կտրվածքով կանխատեսումները ևս հուշում են, որ տնտեսության հիմնական շարժիչը լինելու են առևտուրն ու ծառայությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter