
Կադաստրի կոմիտեն առաջարկում է թանկարժեք անշարժ գույքերի գույքահարկը կտրուկ բարձրացնել
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է անշարժ գույքի գույքահարկում փոփոխություններ՝ մոտարկում շուկայական արժեքին:
Նախագծի հիմնական զեկուցողը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն է:
«Այս փոփոխություններով նպատակ ունենք պարզեցնել ընթացակարգերը, հող և գույք կամ շինություն հասկացությունները միացնենք և մեկ՝ որպես ամբողջական գույքի մասով հարկում իրականացնենք: Մեթոդաբանությունը, որը դրված է օրենքում, այն է, որ փորձելու ենք շուկայականին մոտարկված ձևով ունենալ կադաստրային գնահատման համակարգ, որը կարող է օգտագործվել և՛ հարկման, և՛ օտարման, և՛ այլ դեպքերում»,- ասաց Պետրոսյանը:
Հիմնական զեկուցողի վստահեցմամբ՝ փոփոխությունների արդյունքում կլինի մրցունակ և միասնական գնահատման համակարգ և կվերացվի կադաստրային արժեքների իրական կյանքում և շուկայում առկա «հսկայական և անընդունելի տարբերությունը»:
«Պետական և համայնքային հողերը կօտարվեն կամ վարձակալության կտրվեն շուկայականին մոտարկված տրամաբանությամբ և կդյուրացվի հարկային վարչարարությունը, հատկապես՝ գույքային հարկերի մասով»,- ասաց Պետրոսյանը:
Վերջինիս խոսքով՝ Կառավարության քաղաքական դիրքորոշումն այն է, որ հարկային մուտքերի ավելացում լինի՝ հատկապես բարձրարժեք գույքերի մասով:
«Մենք ֆիքսելու ենք բազային արժեքները, հաշվարկը լինելու է ողջ հանրապետության համար»,- ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու այն դեպքերում, երբ Երևանի կենտրոնական փողոցներից մեկում ապրող տարեց կնոջ, որն այլ եկամտի աղբյուր չունի, քան թոշակը, գույքահարկը բարձրանա:
Սարհատ Պետրոսյանն արձագանքեց՝ օրենքն այդ հարցի պատասխանը չունի, սակայն նախագծի քննարկումների ժամանակ անդրադարձել են այդ հարցին:
«Այս փոփոխությանը պետք է հաջորդի դրույքաչափի վերանայումը, և բացի դա կա չհարկվող շեմ, որը ենթադրում է, որ էնտեղ էլ պետք է լինեն փոփոխություններ: Այսօր 3 միլիոն դրամից ավելի ցածր կադաստրային աժեք ունեցող գույքերը չեն հարկվում, վստահաբարար այդ շեմը վերանայելու ենք»,- ասաց Սարհատ Պետրոսյանը:
«Ինչ վերաբերում է հատկապես շատ թանկ տեղում գտնվող գույքին, որտեղ ուզենք-չուզենք ավելացում պետք է ունենանք, մի շարք գաղափարներ են շրջանառվում, օրինակ` անշարժ գույքի հարկը պարտքի տեսքով կցել գույքին և հնարավորություն տալ գույքը օտարելիս կամ ժառանգելիս վճարել դա, համայնքները գործիքներ ունեն, իրենք պետք է կիրառեն, օրինակ` որոշ դեպքերում բացառություններ անեն»,- ասաց հիմնական զեկուցողը:
«Բարգավաճ Հայաաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց վերջին 10-15 տարիներին անշարժ գույքի գնային կտրուկ փոփոխությունները և հետաքրքրվեց՝ գնային վայրիվերումների պարագայում ինչպե՞ս է անշարժ գույքի գույքահարկը համապատասխանեցվելու իրական շուկայական արժեքին:
Սարհատ Պետրոսյանն արձագանքեց, որ բազային արժեքը սահմանում է կառավարությունը, նման ճկունություն օրենքում ամրագրված է, բացի դա՝ օրենքն ընդունվելու դեպքում գործելու է 2021 թվականի հունվարի մեկից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ անդրադարձավ նախկին պաշտոնյաների, թանկարժեք տներին:
«Նրանք պալատներ ունեն և խրճիթների գույքահարկ են վճարում, այդ մասին բազմաթիվ հոդվածներ են հրապարակվել՝ առանձնատների գույքահարկի վերաբերյալ»,- ասաց Կոնջորյանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք կա՞ն հաշվարկներ պետական բյուջեն որքան մուտքեր կունենա փոփոխությունների արդյունքում:
Պետրոսյանն ասաց, որ գումարները համայնքային բյուջե են հավաքագրվելու, և բնականաբար համայնքապետարանը պետք է շահագրգիռ լինի գույքահարկի հավաքագրման հարցում:
Ինչ վերաբերում է թանկաժեք տների գույքահարկին Սարհատ Պետրոսյանն ասաց, որ ենթադրում էր՝ նման հարց հնչելու է:
«Ազատության պողոտայի թանկարժեք անշարժ գույքի մեկ օրինակով ասեմ՝ գույքը, որը զբաղեցնում 8960 քառակուսի մետր հող, հողի կադաստրային արժեքը կազմում է 17 միլիոն 754 դրամ, շինությունը՝ 330 միլիոն դրամ, փոփոխություններից հետո այս գույքի կադաստրային արժեքը կդառնա 2 միլիարդ 840 հազար դրամ, այսինքն 8 անգամ գույքահարկի ավելացում ենք ունենում, և մոտարկել ենք շուկայական արժեքին»,- ասաց Պետրոսյանը:
Նախագծի հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանն ասաց, որ նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:
Ազատության պողոտայի առանձնատների սեփականատերի և վճարած գույքահարկի վերաբերյալ «Հետք»-ի հետաքննությունը կարող եք կարդալ այստեղ:
Մեկնաբանել