HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինչպես պետությունը 2,6 միլիոն դոլարանոց ավտոկայանատեղի գնեց սոցիալական ծառայության կենտրոն ստեղծելու համար

Դատախազությունն ուսումնասիրում է Կենտրոն վարչական շրջանում Համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (ՀՍԾՏԿ) ստեղծելու համար հատկացված տարածքի գործարքը։ Հետազոտության հիմք է հանդիսացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունը։

Նախարարությունը պարզել է, որ 2017 թվականին պետությունը «Դի ընդ Էյջ գրուպ» ընկերությունից ձեռք է բերել տարածք մոտ 4 անգամ թանկ գնով: Տարածքի շուկայական արժեքը 321 միլիոն դրամ է, իսկ պետությունը վճարել է 1 միլիարդ 240 միլիոն դրամ (2,6 միլիոն դոլար):

2015 թվականին Կառավարությունն «Դի ընդ Էյջ գրուպ»-ին հատկացրել է 10 միլիոն դոլար վարկը։ Ահա այս վարկի մասնակի մարման համար այնուհետեւ վճարել է 2,6 միլիոն դոլար:  

Ինչպես էր ավտոկայանատեղին ծառայելու որպես Համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում ՀՍԾՏԿ ստեղծելու առարկություններ է ներկայացրել Համաշխարհային բանկը, ում աջակցությամբ պետք է հիմնվեր կենտրոնը։

Ինչպես «Հետք»-ին հայտնել են Համաշխարհային բանկից (ՀԲ)՝ այս տարվա ապրիլի 25-26-ին ՀԲ-ի թիմն այցելել է մեկ հարկանի շենք, որն առաջարկվել է վերականգնել և օգտագործել որպես Համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն:

«Շինությունը ի սկզբանե նախագծվել և կառուցվել է որպես հարևան բազմաբնակարան շենքի ավտոկայանատեղի»,- հայտնել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից։

Այցի ընթացքում բացահայտվել են տարածքի հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես՝  ՀԲ-ի թիմն առանձնացրել է չորս կետից բաղկացած առարկություններ.

1. Կենտրոնի համար տարածք ընտրելու վերաբերյալ ոչ մի հանրային քննարկում չի անցկացվել հիմնական շահառուների՝ Կենտրոն վարչական շրջանի բնակչության հետ։

2. Տարածքը գտնվում է քաղաքի համեմատաբար մեկուսացված հատվածում և հասանելի է հիմնականում հանրային տրանսպորտով/մեքենայով, ինչը կպահանջի լրացուցիչ ծախսեր կատարել և կավելացնի ջերմոցային գազերի արտանետումները։

3. Շենքում չկա բնական լույս, հետևաբար, էլեկտրաէներգիայի սպառումը կլինի ավելի մեծ՝ հատուկ նախագծված շենքի համեմատ։

4. Տարածքը շրջապատված է հարավ-արևելքում գտնվող շինարարական նյութերի բացօթյա պահեստով, որտեղ վերամբարձ կռունկի աշխատանքը կարող է վտանգավոր լինել ապագա կենտրոնի այցելուների համար և առաջացնել տեսողական անհանգստություն և աղմուկի ազդեցություն։

Այս առարկությունները Համաշխարհային բանկի թիմը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Ինչպես Կառավարությունը տարածք գնեց «Դի ընդ Էյջ գրուպ»-ից

Համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար տարածք ձեռք է բերվել Կառավարության 2017 թվականի որոշմամբ։ 

Այն գնվել է «Դի ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ից՝ 2015 թվականի տրամադրված 10 միլիոն վարկային պարտավորության մասնակի մարման դիմաց։

Ընկերությունից պետությանն է փոխանցվել Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքից 1719 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության տարածք, դրան հարակից 0.1030 հեկտար չկառուցապատված հողամաս։ Այդ ժամանակ, ըստ Կառավարություն ներկայացված որոշման նախագծի, դրանց շուկայական արժեքը կազմում էր 1 միլիարդ 240 միլիոն դրամ։ 

Այնինչ, այս գործարքից մոտ երկու տարի անց՝ 2019թ. սեպտեմբերի 4-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնեց, որ կատարվել է անշարժ գույքի անկախ փորձագիտական գնահատում և պարզվել, որ այդ գույքերի արժեքը ոչ թե 1 միլիարդ 240 միլիոն դրամ է, այլ 321 միլիոն դրամ։ Դրանից 282 միլիոն դրամը գույքերի արժեքն է, 39 միլիոն դրամը՝ հողի արժեքը։ Հենց այս գնման գործընթացն է ուսումնասիրում դատախազությունը։

 Ինչպես վարկը մարվեց թանկ վաճառված գույքով

Ընկերությունը վարկը պետք է մարի մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը։ Վարկի տարեկան տոկոսադրույք է սահմանվել 8 տոկոսը և վարկի ապահովման միջոց են հանդիսացել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերը, նրա կողմից կառուցվող շենքերի տարածքները։

«Դի ընդ Էյջ Գրուպ»-ին վարկը տրամադրվել էր Փավստոս Բուզանդ 13-21 հասցեներում կառուցապատման ձախողված ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագրի շրջանակներում՝ այդ հասցեներում իրականացվող կառուցապատման ծրագրի ավարտի և ֆինանսական ապահովման և դրանով իսկ հարևան տարածքում «Հին Երևան» ծրագրի իրականացման մեկնարկը խթանելու նպատակով։

Կառավարությունը դեռևս այս տարվա մայիսին «Հետք»-ի գրավոր հարցմանը ի պատասխան հայտնել էր, որ ընկերությունն ավարտել է Բուզանդ 13-21 հասցեներում իրականացվող կառուցապատումը ու ծրագրի շահառուներին գումարային և տարածքային հատկացումների տրամադրումը։ Մենք գործադիրից հետաքրքրվել էինք նաև «Դի ընդ Էյջ Գրուպ» ընկերությանը հատկացված 10 միլիոն դրամ վարկի մարման ընթացքից։

Գործադիրից տեղեկացրել են, որ ընկերությունը 2017 թվականին մարել է 2,6 միլիոն դոլարը։ Ի դեպ սա մարվել է Համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին հատկացված տարածքի հաշվին։ Ապրիլի 24-ի դրությամբ «Դի ընդ Էյջ Գրուպ»-ը վճարել է 2,5 միլիոն դոլարի տոկոսագումար, իսկ վարկային մնացորդը կազմում էր 7,4 միլիոն դոլար։

Ովքեր են «Դի ընդ Էյջ Գրուպ»-ի բաժնետերերը

«Դի ընդ Էյջ Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականի դեկտեմբերի 27-ին։ Ընկերության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հիմնադրման իսկ տարում սկսել են իրականացնել Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում կառուցվող բազմահարկ, բազմաֆունկցիոնալ էլիտար շենքի շինարարական աշխատանքները:

Ընկերության հիմնադիրները փոխկապացված են Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի ընտանիքի հետ։ Մասնավորապես՝ հիմնադիրներից մեկը նրա եղբայրն է՝ Դավիթ Վարագյանը, մյուս հիմնադիրները Մխիթար Վարագյանի հաշվառման հասցեում գրանցված Կարինե Մուրադյանն ու «Արթիկ-կառույց» ընկերությունն են, մեկ այլ հիմնադիր Բիշքեկում գրանցված «Կարվեն կլուբ» ընկերությունն է, մյուս՝ Ակտաու քաղաքում գրանցված Կարեն Մկրտումյանն է։

Սակայն նրանք ընկերության բաժնետերեր են հանդիսացել 2007-2013 թվականններին։

«Դի ընդ Էյջ Գրուպ»-ը, երբ 2015 թվականին Կառավարությունից ստացել է 10 միլիոն դոլար վարկը և դրա մասնակի մարման համար թանկ գնով տարածք օտարել պետությանը, այլ բաժնետերեր է ունեցել։

Մասնավորապես՝ այդ ժամանակ ընկերության բաժնետերեր են հանդիսացել Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամսոն Մաթևոսյանի որդին՝ Աղասի Մաթևոսյանը, ով այդ ժամանակ 21 տարեկան էր։ Նշենք, որ Սամսոն Մաթևոսյանը 2017 թվականին Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ էր և էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում որպես համատեղ բնակվող անձ՝ նշված էր նաև որդու՝ Աղասի Մաթևոսյանի անունը։

«Դի ընդ Էյջ Գրուպ»-ի մյուս բաժնետերերն էին Խորեն Գինոսյանը, Համլետ Մկրտիչյանը, «Լոգիկոն դիվելփմենթ» ընկերությունը, որի սեփականատերերից է Վահե Պետրոսյանը, ով այդ ժամանակ նաև ընկերության տնօրենն էր։ Նշենք, որ Պետրոսյանը մինչ օրս շարունակում է ընկերության բաժնետերերից լինել և տասնյակից ավելի ընկերություններում բաժնեմաս ունի։

Վահե Պետրոսյանին 2016 թվականին ընկերության տնօրենի պաշտոնում փոխարինել է Արամ Կարամանուկյանը՝ «Անելիք Բանկի» վարչության նախկին նախագահ Ներսես Կարամանուկյանի որդին։

Իսկ այս տարվա օգոստոսից ընկերության գրանցման հասցեն փոխվել է։ Նախկինում այն Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքն էր, այժմ տեղափոխվել է Բուզանդ 15 հասցե, որտեղ գործում է «Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan» հյուրանոցը։

 

Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter