
Փաշինյանը վստահեցնում է՝ սկսվել է ընթացակարգ Մեղրի ազատ տնտեսական գոտու հարակից հողատարածքները վերադարձնելու համար
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի արտագնա նիստ է եղել օգոստոսի 31-ին Մեղրիում, օրակարգում ՝ Մեղրու ազատ տնտեսական գոտու խնդիրները։
«Մենք հրավիրել էինք նաև Մեղրի ազատ տնտեսական գոտի ՓԲ ընկերության տնօրենին, և հիմնականում 3 խնդիր արձանագրեցինք։ Այդ գոտին շահագործման է հանձնվել 2017 թվականի վերջերին, և երեք հիմնական հարցով չի գործում՝ շինարարի հետ մենք չենք կարողանում վերջնական շահագործման ակտ ունենալ, որի հետևանքով ՓԲԸ-ն կադաստրային իր փաստաթուղթը չի ունենում, որ պայմանագրեր կնքի։ Սահմանապահ կառույցների հետ ընթացակարգային հարց կա, որ հեշտ կարող է լուծվել, և երրորդը՝ հարակից հողերի ձեռքբերման խնդիրն է»,- ասաց Միքայել Մելքումյանը՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ է տնտեսական գոտին շահագործման հանձնվելու։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատգամավորի փոխարեն՝ երրորդ խնդրից կսկսեր խոսել։
«Անցյալ տարի ես այց կատարեցի Մեղրի և այցելեցի Մեղրի ազատ տնտեսական գոտի, որի ընթացքում պարզ դարձավ, որ տնտեսական գոտին, ըստ էության, հողատարածք չունի։ Այն ժամանակ, երբ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ տեղեկացել էին, որ այդտեղ լինելու է ազատ տնտեսական գոտի, ճարպկորեն կողքի հողերը սեփականաշնորհել էին, և արդյունքում կա ազատ տնտեսական գոտի՝ մի շենք, ավտոկանգառ և ուրիշ ոչինչ, փաստացի տարածք չկա՝ գործունեություն ծավալելու»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ սկսվել է հետաքննություն, հարուցվել է քրեական գործ, և քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա սկսվել է ընթացակարգ՝ այդ հողերի ապօրինի սեփականաշնորհումները ետ շրջելու համար։
«Այդ հարցը դատարանի օրակարգում է, Կառավարությունը և Քննչական կոմիտեն իրենցից կախված ամեն ինչ արել են, որ արագ լուծում ստանա, բայց դատական ընթացակարգերով պետք է անցնի»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ըստ Կառավարության հաշվարկների, այդ նախագիծը հնարավոր կլինի իրականացնել 2023 թվականին։
«Մինչ այդ մենք հողերը կվերադարձնենք»,- ասաց Փաշինյանը։
Մեկնաբանել