
ԱԺ նախագահը հայտարարեց Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի լիազորությունները համարվում են դադարեցված: Այս մասին այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը և առաջնորդվելով «ԱԺ կանոնանարգ» սահմանադրական օրենքի պահանջով ՝դադարած ենք համարում «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով ընտրված պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները: Այս մասին համապատասխան գրություն եմ ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Ուզում եմ մեր բոլորի անունից շնորհակալություն հայտնել Էդգար Առաքելյանին այս ընթացքում մեր համագործակցության համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության ընթացքում»,- ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Առաքելյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին գրությամբ ԱԺ նախագահին էր դիմել սեպտեմբերի 4-ին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցված են համարում, եթե մեկ շաբաթվա ընթացքում վերջինս իր դիմումը հետ չի վերցնում: Հիշեցնենք նաև, որ իր դիմումը ԱԺ նախագահին հղելուց հետո Էդգար Առաքելյանը մեկ օր եկել էր նիստի:
Մեկնաբանել