
Թանկարժեք անշարժ գույքի գույքահարկի կտրուկ բարձրացման նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 92 կողմ, 15 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է անշարժ գույքի գույքահարկում փոփոխություններ՝ մոտարկում շուկայական արժեքին: Այս փոփոխություններով առաջարկվում է ստեղծել միասնական կադաստրային գնահատման համակարգ և վերացնել կադաստրային արժեքների իրական կյանքում ու շուկայում առկա «հսկայական և անընդունելի տարբերությունը», ինչպես նաև պետական և համայնքային հողերը օտարել կամ վարձակալության տալ շուկայականին մոտարկված տրամաբանությամբ:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեցին բոլոր խմբակցություններից:
«Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավորները հանձնաժողովում նախագծի քննակմանը դեմ են քվեարկել, և ճիշտ են արել, քանի որ ըստ պատգամավորի՝ օրենքը թերի է:
«Սակայն, խմբակցությունում քննարկելուց հարցը հասկացանք, որ այն հնարավոր է տարատեսակ շահարկումների առիթ տա, ուստի մենք կողմ ենք քվեարկում»,- ասաց նա: «Երևանում բիզնես ունեցող անձի՛նք, ուզում եմ տեղեկացնել, որ այս օրենքի հնարավոր բոլոր բացասական հետևանքների համար պատասխանատվություն է կրելու քաղաքական մեծամասնությունը: Մենք կողմ ենք քվեարկում՝ տարատեսակ շահարկումների տեղիք չտալու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականից, և որպեսզի չլինի այնպիսի իրավիճակ, որ հետագայում օրենքի սահմադրականությունը վիճարկելու համար դիմեն Սահմանադրական դատարան, կոչ արեց այժմ դեմ քվեարկել և աշխատել օրենքի փոփոխությունների վրա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ սահմանադրականության վերաբերյալ հարցը կարղ են քննարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: «Ինչ վերաբերում է բուն օրենքին՝ շատ լավ օրենք է, մտահոգվելու բան չկա, էս օրենքից անհանգստանալու կարիք ունեն միայն այն մարդիկ, որոնք անշարժ գույքի խոշոր սեփականատեր են ու արդարացի մակարդակից շատ քիչ են հարկվում: Կոչ եմ անում միաձայն կողմ քվեարկել»,- ասաց նա:
Ի վերջո քննարկումներից հետո նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության: Օրենքի նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Մեկնաբանել