
Պաշտպանները միջնորդել են անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
«Այս մեկ տարվա ընթացքում իմ իրավունքները բազմիցս խախտվել են»,- դատարանում այսօր նման հայտարարություն արեց Հայաստանի երկրորդ նախագահ, ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինիս պաշտպանները միջնորդություն են ներկայացրել նրան անհապաղ ազատ արձակել կալանքից՝ նկատի ունենալով Սահմանադրական դատարանի՝ օրեր առաջ կայացրած որոշումը՝ կապված Ռոբերտ Քոչարյանի դիմումի հետ:
Նշենք, որ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մեջ ներառված չէ անձեռնխելիության հիմքը:
«Տպավորությունն այնպիսին է, որ որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել: Ոնց որ մեքենա քշես, ճանապարհով 10 փոս կա, 10 փոսով էլ անցնես:
Խախտումներն այնքան շատ են, և սա սիստեմիկ բնույթ է կրում: Սա անձնավորված է, սա քաղաքական հետապնդում է, և սա արվում է տվյալ դեպքում մի մարդու նկատմամբ, որը և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում...: Մեկ-մեկ մտածում ես՝ եթե նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի չարաշումներ անել ...ես մի բան եմ հասկանում, որ դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիրին լինի, ոնց ուզես, մեկնաբանես: Հիմա սա է վիճակը: Իմ տպավորությամբ՝ սա Հայաստանի Հանրապետության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է, դասագրքերում է նշվելու այս գործի մասին, և այս գործը ունենալու է իր բացասական և դրական հերոսներին. ես չեմ պատկերացնում՝ ովքեր են լինելու դրա բացասական հերոսները»,- հայտարարեց Քոչարյանը:
Նիստը շարունակվում է:
Մեկնաբանել