HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Նախկին զինծառայողը ՊՆ-ից պահանջում է ամբողջությամբ փոխհատուցել 307 օրվա չտրամադրած արձակուրդի գումարը և տույժերը․ գործը Վարչական վերաքննիչում է

Զինված ուժերում 19 տարի ծառայած նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը դիմել է Վարչական վերաքննիչ դատարան՝ ընդդեմ պաշտպանության նախարարության: Նա դատարանից խնդրում է ամբողջությամբ բավարարել իր հայցը՝ պարտավորեցնել ՊՆ-ին վճարել 307 օրվա չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում՝ 6,9 մլն դրամ և դրա վրա հաշվարկվող տուժանքը՝ օրական 0,15 տոկոսի չափով՝ սկսած 24.12.2014թ.-ից:

Ներկայացված բողոքով Ցոլակ Խաչատրյանը և իր պաշտպան Կարեն Տոնոյանը դատարանից խնդրում են բեկանել Վարչական դատարանի 2018թ. հոկտեմբերի 16-ի կայացրած որոշումը, ըստ որի՝ դատարանը պարտադրել էր ՊՆ-ին վճարել 277 օր չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում, իսկ տույժերի վերաբերյալ պահանջը մերժել էր, այսինքն Վարչական դատարանը բողոքը բավարարել էր մասնակի:

Գործը սկսվել է 2016-ին, երբ Ցոլակ Խաչատրյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ՊՆ-ից պահանջելով վերադարձնել չտրամադրված արձակուրդների գումարը եւ տույժերը։ Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո Ֆինանսների նախարարությունը ներգրավվել է որպես 3-րդ կողմ: Դատարան դիմելուց հետո ՊՆ-ը վճարել էր 2 տարվա փոխհատուցման գումար՝ 411 հազար դրամ:

2016-ի ապրիլի 6-ին գործը կասեցվել է և դատարանը դիմել է Սահմանադրական դատարան՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-ի մասի՝ զինծառայողի չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով ճանաչվել է հակասահմանադրական: Գործը վարույթը վերսկսվել է, մինչև վճռի հրապարակումը դատարան ուղարկված գրության մեջ ՊՆ-ը նշել էր, որ այլևս որևէ գումար Ցոլակ Խաչատրյանին չի տրամադրվելու: 

Փաստաբան Կարեն Տոնոյանի պնդմամբ՝ Վարչական դատարանը սխալ է մեկնաբանել Աշխատանքային նախկին օրենսգրքի 76-րդ հոդվածը, ըստ որի` միայն անընդհատ աշխատելուց 11 ամիս հետո է անձը ձեռք բերում արձակուրդ գնալու իրավունք, ուստի որոշումը կայացրել էր 277 օրվա համար: Փաստաբանը գտնում է, որ դատարանը թույլ է տվել դատական սխալ նաև 198-րդ հոդվածի վերաբերյալ, և որոշել, որ տվյալ հոդվածով սահմանված տուժանքները կիրառելի չեն: Ըստ փաստաբանի՝ աշխատանքն ավարտելուց հետո պետք է կատարվեր վերջնահաշվարկ, որը չի կատարվել: «Գործատուն պետք է 2014-թ.-ին կատարեր վերջնահաշվարկ, մենք ասում ենք, որ քանի որ չի կատարվել վերջնահաշվարկ, ապա պետք է տույժ տրամադրեն՝ օրական 0,15 տոկոսի չափով»,- պարզաբանում է Տոնոյանը։ Ցոլակ Խաչատրյանը պնդում է, որ ՊՆ-ը ոչ միայն գումարը չի ցանկանում փոխհատուցել, այլև անտեսում է նաև ՍԴ-ի կայացրած որոշումը՝ պնդելով որ արդեն վճարել է 2 տարվա գումարը։

Այսօրվա դատական նիստին ՊՆ-ը ներկայացված բողոքով նշել են, որ պետք չէ նաև փոխհատուցել 277 օրվա արձակուրդի գումարը, ըստ Տոնոյանի՝ ՊՆ-ը բողոքը հիմնավորել է նախկին օրենսդրությամբ, որի վերաբերյալ արդեն կա ՍԴ-ի որոշումը։ Այս գործով վճռի հրապարակման օր է նշանակվել հոկտեմբերի 2-ը:

Կոչումով մայոր Ցոլակ Խաչատրյանը զինված ուժերում ծառայության է անցել 1995 թ-ից: Ծառայել է որպես կուրսանտ, ապա որպես սպա: 2014թ.-ին դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման քրեական օրենսգրքի 361 հոդվածով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելը): Հենց 2014թ.-ին էլ դատապարտման հիմքով լուծվել է նրա պայմանագիրը: Հիմնականում ծառայությունն իրականացրել է Քարվաճառում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter