
ՊՆ-ի նախկին սպային կտրամադրվի 277 օրվա հատուցում՝ չօգտագործված արձակուրդի դիմաց
Վարչական դատարանը մասնակի բավարարել է զինված ուժերում 19 տարի ծառայած նախկին սպա Ցոլակ Խաչատրյանի հայցն ընդդեմ պաշտպանության նախարարության: Դատավոր Կարեն Զարիկյանի որոշման համաձայն` ՊՆ-ը պարտավորվում է նախկին սպային վերադարձնել 277 օրվա արձակուրդային վճար` մոտ 6,9 մլն դրամ:
Գործը սկսվել է 2016-ին, երբ Ցոլակ Խաչատրյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ՊՆ-ից պահանջելով վերադարձնել չտրամադրված արձակուրդների գումարը եւ տույժերը։
Դատարան դիմելուց հետո ՊՆ-ն Ցոլակ Խաչատրյանին վճարել է երկու տարվա փոխհատուցման գումար՝ 411 հազար դրամ, 491 օրվա դիմաց։ Ցոլակ Խաչատրյանը և իր պաշտպան Կարեն Տոնոյանը դատարանից խնդրել էին պարտավորեցնել ՊՆ-ին տրամադրել ևս 277 օր՝ չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում, որին ի պատասխան ՊՆ-ը նշել էր, որ կտրամադրի միայն 202 օրվա համապատասխան գումար, իսկ նախորդ նիստից առաջ հրաժարվել էր որևէ հատուցում տրամադրել:
Դատարանից հայցվոր կողմը պնդել էր տրամադրել նաև չտրամադրած արձակուրդի հատուցման տույժը, սակայն դատարանը մերժել է:
Կոչումով մայոր Ցոլակ Խաչատրյանը զինված ուժերում ծառայության է անցել 1995 թ.-ից: Ծառայել է որպես կուրսանտ, ապա՝ որպես սպա: 2014թ.-ին դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման քրեական օրենսգրքի 361 հոդվածով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելը): Հենց 2014թ.-ին էլ դատապարտման հիմքով լուծվել է նրա պայմանագիրը: Հիմնականում ծառայությունն իրականացրել է Քարվաճառում։
Մեկնաբանել