HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ՊՆ-ը հրաժարվում է նախկին սպայի 10 տարվա արձակուրդային պահանջը վճարելուց՝ անտեսելով ՍԴ-ի որոշումը

Զինված ուժերում 19 տարի ծառայած նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը պետությունից պահանջում է ավելի քան 10 միլիոն դրամի արձակուրդային վճար՝ չտրամադրած արձակուրդների դիմաց:

Վարչական դատարանում դատավոր Կարեն Զարիկյանի վարույթում քննվում է մայոր Ցոլակ Խաչատրյանի հայցն ընդդեմ Պաշտանության նախարարության։ Գործը սկսվել է 2016-ին, երբ Ցոլակ Խաչատրյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ՊՆ-ից պահանջելով վերադարձնել չտրամադրված արձակուրդների գումարը եւ տույժերը։ Հայցադիմումը ներկայացվել է «Վարդաշեն ՔԿՀ»-ից, քանի որ չորս օր զորամասն ինքնակամ լքելու համար Ցոլակ Խաչատրյանը երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտել, ապա 2017-ին ազատ արձակվել։

Դատարան դիմելուց հետո ՊՆ-ն Ցոլակ Խաչատրյանին վճարել է երկու տարվա փոխհատուցման գումար՝ 411 հազար դրամ, 491 օրվա դիմաց։

Գործի քննության ընթացքում փաստաբան Կարեն Տոնոյանի միջնորդության հիման վրա Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը դիմել է Սահմանադրական դատարան: Համաձայն ՍԴ-ի որոշման՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը ճանաչվել է հակասահմանադրական, որով սահմանվում էր, որ միայն վերջին 2 տարիների արձակուրդայինի համար կարող է փոխհատուցում տրվել նախկին զինծառայողին:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո գործի վարույթը Վարչական դատարանում վերսկսվել է, նախորդ նիստին կողմերը համաձայնության են եկել։ «ՊՆ-ի ներկայացուցիչը նախորդ նիստին ասաց, որ իրենք համաձայն են մեզ հետ եւ գտնում են, որ պետք է փոխհատուցում տրամադրել»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Կարեն Տոնոյանը։ Վարչական դատարանը ՊՆ-ին մեկամսյա ժամկետ է տրամադրել իրենց կողմից հաշվարկված 202 օրվա համար նախատեսված գումարը տրամադրելու համար։

Այսօր կայացած դատական նիստին ՊՆ-ի ներկայացուցիչը չէր ներկայացել, սակայն դատարան գրություն էր ներկայացվել, ըստ որի՝ ՊՆ-ն այլեւս որեւէ պարտավորություն չի ընդունում Ցոլակ Խաչատրյանի նկատմամբ։ Դատարան ներկայացրած դիրքորոշման մեջ որպես հիմնավորում ասվում էր միայն այն, որ արդեն իսկ վճարել են 2 տարվա հասանելիք գումարը։

«Իրենց դիրքորոշումը չի բխում թե իրավունքից, թե ՍԴ-ի որոշումից, ինչպես նաեւ գտնում ենք՝ պետության անունից հանդես գալ եւ դրսեւորել նման մոտեցում, անհարգալից վերաբերմունք է դատավարության կողմերի նկատմամբ»,- նշեց փաստաբանը։

«ՊՆ-ն բոլոր ջանքերով փորձում է խուսափել արդարադատությունից եւ խոչընդոտել արդարադատության կայացմանը»,- ՊՆ-ի ներկայացրած դիրքորոշման վերաբերյալ կարծիք հայտնեց Ցոլակ Հակոբյանը։

Փաստաբանը ճառն ամփոփելու ընթացքում նշեց, որ խնդրում է դատարանից բավարարել ներկայացրած հայցը՝ հաշվի առնելով բազմաթիվ ապացույցները եւ նաեւ ՄԻՊ-ի կողմից որոշումը՝ ըստ որի տեղի է ունեցել Ցոլակ Խաչատրյանի իրավունքի ոտնահարում։

Կոչումով մայոր Ցոլակ Խաչատրյանը զինված ուժերում ծառայության է անցել 1995 թ-ից: Ծառայել է որպես կուրսանտ, ապա որպես սպա: 2014թ.-ին դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման քրեական օրենսգրքի 361 հոդվածով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելը): Հենց 2014թ.-ին էլ դատապարտման հիմքով լուծվել է նրա պայմանագիրը: Հիմնականում ծառայությունն իրականացրել է Քարվաճառում։

Այս գործով որոշում կհրապարակվի հոկտեմբերի 16-ին։

Գլխավոր լուսանկարում ձախից՝ Ցոլակ Խաչատրյանը եւ փաստաբան Կարեն Տոնոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter