
ԶՈՒ պահեստազորի մայոր. «Չեմ եկել դատարան մուրացկանության»
Դատական տեղեկատվական համակարգը լի է պետական մարմինների կողմից ընդդեմ քաղաքացիների քննվող գումարի բռնագանձման մասին գործերով: Անգամ եթե այդ գումարը մի քանի հազար դրամ է, պետությունը ռեսուրս է ծախսում, դիմում դատարաններ, բռնագանձում, օրինակ, ավել վճարած թոշակը: Սակայն այլ է պատկերը, երբ պետական մարմիններն են խախտում քաղաքացու իրավունքները. չեն տրամադրում ու վճարում, օրինակ, ամենամյա հասանելիք արձակուրդի դիմաց, այն էլ տարիներով:
«Հետքն» արդեն անդրադարձել է, որ մայոր Ցոլակ Խաչատրյանը հայկական զիմված ուժերում ծառայել է 19 տարի: Այդ ընթացքում հաշված օրեր է օգտվել իր ամենամյա հերթական արձակուրդ գնալու իրավունքից: 15 տարի ծառայելու ընթացքում օրենքով հասանելիք արձակուրդը 30-օրյա է, 15 տարուց հետո այն դառնում է 40-օրյա: Այժմ դատական կարգով նա Պաշտպանության նախարարությունից պահանջում է իրեն վճարել արձակուրդային 491 օրվա դիմաց: Այս թիվը ներկայացվել է Վարչական դատարան: Ցոլակը պետությունից պահանջում է ավելի քան 10 միլիոն դրամի արձակուրդային վճար՝ չտրամադրած արձակուրդների դիմաց:
«Ես և իմ ներկայացուցիչը չենք եկել դատարան մուրացկանություն անելու, այլ իմ օրինական պահանջը բավարարելու, տարիների իմ հանգստի դիմաց աշխատելու, իմ քրտինքով վաստակածը ստանալու»,- ասում է ԶՈՒ նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը:
Պաշտպանության նախարարությունը, որը մինչ վերջերս չի առարկել 491 օր արձակուրդային չտրամադրելու հարցում, այժմ իր առարկություններում վիճարկում է նաև թիվը: Այնինչ մայորի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը նշեց, որ 491 օրը իրենք ստացել են ՄԻ պաշտպանի որոշումից, որով պաշտպանը արձանագրել էր նախկին սպայի իրավունքների խախտում: Ի դեպ, ՄԻ պաշտպանի որոշման մեջ վկայակոչված տեղեկատվությունը ստացվել է հենց ՊՆ-ի հետ գրագրության արդյունքում:
«Մինչ վերջերս առարկություն չունեին 491 օրվա հետ կապված: Իսկ հիմա առարկում են, սակայն թիվ չեն նշում: Կարծում եմ՝ փորձ է արվում ձգձգել ու շեղել գործի քննությունը»,- «Հետքին» ասաց Ցոլակ Խաչատրյանի ներկայացուցիչը:
ՊՆ ներակայուցիչները ընդունում են միայն մայորի ծառայության վերջին 2 տարիների արձակուրդայինի պարտքը: Ընդունում են, որ 2 տարիներին 80 օր տրամադրելու փոխարեն 23 օր են տրամադրել արձակուրդ, հետևաբար վերջերս մնացած 57 օրվա դիմաց վճարել են Ցոլակ Խաչատրյանին: «Մենք ունենք ապացույցներ, որ վերջին 2 տարիներին, մինչև ծառայության ավարտը, Ցոլակ Խաչատրյանին ոչ թե 23, այլ ընդամենը 5 օր է տրամադրվել արձակուրդ»,- ասաց Կարեն Տոնոյանը՝ ապացույցները ներկայացնելով դատավոր Կարեն Զարիկյանին:
ՊՆ ներկայացուցիչ Մ. Սանթրոսյանը սեպտեմբերի 29-ի նախնական նիստին դատավոր Կարեն Զարիկյանին ներկայացնում էր հայցի կարճման հիմքեր: Սակայն ուշագրավն այն է, որ այս գործը դատական եռաստիճան համակարգի իր առաջին շրջապտույտի ժամանակ լուծվել է հօգուտ նախկին սպայի: Վերաքննիչ դատարանը նշել է, որ այն պիտի վարույթ ընդունվի ու քննվի, որ ժամկետներ բաց թողնված չեն: Դատավորը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ և ինքը կարճման հիմք չի տեսնում:
Նոյեմբերի 7-ին կներկայացվեն արձակուրդայինների վերաբերյալ ՊՆ-ի տիրապետության տակ գտնվող ապացույցները:
Հ.Գ. ՊՆ ներկայացուցիչը հրաժարվեց հարցազրույցից ու լուսանկարվելուց
Մեկնաբանել