
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Լևոն Սարգսյանին կալանավորելու ՔԿ-ի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ` Լևոն Սարգսյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու քննչական կոմիտեի (ՔԿ) միջորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Նշենք, որ խափանման միջոցի գործով դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում երեկ դատական նիստ է տեղի ունեցել, որը հետաձգվել է ու շարունակվել այսօր:
Լևոն Սարգսյանը մեղադրյալ է ներգրավվել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում: Նրան վերագրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) և 311.2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը) նախատեսված արարքները: Սարգսյանին գործով որպես մեղադրյալ ներգարվելուց հետո քննչական կոմիտեն նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, ինչպես նաև կալանքի միջնորդություն ներկայացրել դատարան:
Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սարգսյանը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը:
Նշենք, որ Լևոն Սարգսյանն ավելի վաղ մեղադրյալ է ներգրավվել նաև Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ապօրինի հարստացման և հայտարարգրման ենթակա տվյալ թաքցնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս գործով նրա նկատմամբ արդեն իսկ խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Նույն գործի շրջանակներում նա նաև հետախուզման մեջ է գտնվում:
Ստացվում է, որև անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրված լինելու պայմաններում մեկ այլ քննչական մարմնի կողմից ևս մեկ միջնորդություն է ներկայացվել Սարգսյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Մեզ հետ զրույցում Ամրամ Մակինյանը նշեց, որ անձի վերաբերյալ կալանավորման երկու որոշում լինել չի կարող, դա իրավաչափ չէ:
«Խափանման միջոցի նպատակը անձի պատշաճ վարքագիծն ապահովելն է: Լևոն Սարգսյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործով արդեն իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ քրեադատավարական օրենքն «ավելի խիստ կալանավորում» չի նախատեսում»,- մեզ հետ զրույցում ասաց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուն:
Մեր հարցին՝ Լևոն Սարգսյանը վերադառնալու մտադրություն ունի՞, Արմամ Մակինյանը պատասխանեց, որ մտադրությունների մասին չի ցանկանում խոսել:
Մեկնաբանել