HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Գրիգորյան

Հեղափոխությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, Վիննի Թուխը և բոլորը, բոլորը. մաս առաջին

Նախքան հոդվածի շարադրանքին անցնելը նշեմ, որ կուտակված մեծածավալ նյութը պատրաստվում եմ ներկայացնել բովանդակությամբ ու տրամաբանորեն փոխկապակցված մի քանի հոդվածներով, որպեսզի հնարավոր լինի ասելիքը մարդկանց մատուցել մատչելի կերպով, փաստարկված ու փաստերի վերլուծությամբ: Այս հոդվածում առանձին պարբերություններով կներկայացնեմ այն ընդհանուր թեզերը, որոնք կմատուցվեն հաջորդիվ՝ հոդվածներով: Կփորձեմ լինել առավելագույնս հակիրճ և կոնկրետ՝ մասնավոր իրավիճակների վերլուծությունից բխեցնելով կառավարման ոլորտի համակարգային խնդիրները:

Հատկապես Ամուլսարի հանքավայրի շուրջ ընթացող պրոցեսները ցույց տվեցին, թե որքան տկար է ներկայիս պետական կառավարման համակարգը անգամ մեկ լուրջ խնդրի բախվելիս, որքան անկարող է հսկայական հանրային աջակցություն ունեցող կառավարությունը դիմակայել իր ժողովրդի շահերի դեմ բանեցվող ճնշումներին` ներքին կամ արտաքին: Այդ ճնշումներին տրվելն ինքնին կոռուպցիոն վարքագծի ցուցիչ է, որովհետև ի՞նչը պետք է ստիպի կառավարությանը կատարել ստվերային գործողություններ. գաղտագողի կերպով ընտրել անհասկանալի կազմակերպություն, որ քրեական գործի շրջանակներում իրականացնի ինչ-որ փաստաթղթային «փորձաքննություն», հետո հայտարարել, որ այդ փորձաքննության արդյունքները չեն կարող հանքավայրի շահագործման հարցը որոշելու համար իրավական հիմք լինել, ինչը պարզ էր ի սկզբանե: Էլ չհիշեցնեմ մյուս անհեթեթությունները, դրանց մասին բազմիցս խոսվել է: Մի կողմ թողնենք երկրի բարձրագույն իշխանության կողմից «մասնագիտական ու իրավական» պատրվակներով այդ հանքավայրի շահագործումը հիմնավորող մեջբերումները, նրանք ստում են: Վերջին հանգրվանին՝ «անվտանգության» հարցերին ապավինելը ևս հնում լայնորեն կիրառվող պրիմիտիվ հնարք է: Անասելի փնթի կերպով տարված այս գործընթացի արդյունքում նոր իշխանության ու անձամբ վարչապետի խոսքի նկատմամբ եղած վստահության կանխավարկածը փոխարինվեց նրանց կարողությունների նկատմամբ զգուշավոր կասկածամտության կանխավարկածով:

Ժողովրդին երկար չես զբաղեցնի «հազարան բլբուլով» ու բլբուլ կտրած ճառերով, մարդիկ լավ տարբերում են Գյուլնազ տատի ժանրի ստեղծագործությունները արժեքային գործընթացներից, իսկ արժեքային փոփոխության առանցքային ցուցիչ է հնուց մնացած կոռուպցիոն համակարգերի ապամոնտաժումը: Տնտեսության մի քանի տոկոս աճը չի կարող «հեղափոխության» ցուցիչ լինել՝ նախկինում էլ էին դա «ապահովում»: Որոշ մարդիկ համառորեն չեն հասկանում, որ իշխանության փոխանցումը մի խմբից մյուսին, թեկուզ վատից՝ լավին, թեկուզ փողոցային համազգային պայքարի միջոցով, դեռ հեղափոխություն չէ, քանի դեռ չեն արվել ֆունդամենտալ արժեքային փոփոխություններ: Արժեքային պարտադիր փոփոխությունը պետք է լիներ կոռուպցիոն հենքի վրա կառուցված համակարգի կազմաքանդումը, առանց դրա տեղի է ունենում զուտ անձերի տեխնիկական փոփոխություն, որոնք աշխատում են նույն համակարգի կանոններով: Մեր պարագայում անգամ անձերը չեն փոխվել՝ կառավարության ամբողջ ֆինանսատնտեսական և ուժային բլոկերը ղեկավարվում են հին համակարգի «բարձրակարգ» մասնագետների կողմից,  գործում է կոռումպացված համակարգի անխափան ընթացքն ապահովելու նպատակով «կարված» օրենսդրությունը: Այդ ամբողջ մեխանիզմը գործի է դրվել ստվերային բիզնեսների հարատևությունն ապահովելու, բնական ռեսուրսների անսահմանափակ ու անվերահսկելի գողությունը թաքցնելու, հանրային բարիքի հաշվին մասնավորի շահերը սպասարկելու համար ու գործում են նույնությամբ, անշեղորեն: Առնվազն բնօգտագործման հարցերում կոռուպցիոն համակարգերի հարցը ոլորտ առ ոլորտ կքննարկենք բնօգտագործման համատեքստում: Ես կներկայացնեմ այդ համակարգերի ներքին տրամաբանությունը, որը գործում է ներկա իշխանության պայմաններում, իսկ դուք ասացեք, թե այս ամենի մեջ որտե՞ղ եք տեսնում հեղափոխական արժեհամակարգ:

Ի դեպ, խնդրում եմ հոդվածաշարում հնչող սուր քննադատությունը չընկալել որպես գործող քաղաքական ուժի դեմ տարվող արշավ: Բնավ ոչ: Խոսքը լինելու է առարկայական ու իրավիճակին համարժեք, բայց միևնույն ժամանակ այն նպատակ է հետապնդում ցույց տալ, որ համակարգը շարունակում է գործել կոռուպցիոն տրամաբանությամբ: Ես հեռու եմ «ոչ մի բան չի փոխվել» պրիմիտիվ թեզը ծամծմելու մտադրությունից, խնդիրը շատ ավելի լուրջ է՝ վախենամ երկրում գործող կոռուպցիոն համակարգը հավակնում է ունենալ «խորքային պետության» (deep state) բոլոր բնութագրիչ հատկանիշները, իսկ դա արդեն առաջացնում է պետականության ու ինքնիշխանության ճգնաժամ: Կարևոր է հասկանալ, որ քննադատության թիրախը անձերը չեն՝ ո'չ վարչապետ Փաշինյանը, ո'չ նրա քաղաքական թիմը, այլ համակարգը՝ փորձառու խարդախներով հագեցած, խմբային շահերով միավորված ու ցանցային աշխատող կոռումպացված համակարգը, որը կրողն է իրական իշխանության: Ներկայիս նոմինալ իշխանությունը կամ չի կարողանում այդ համակարգը կառավարել, կամ չի ուզում. երկուսից մեկը՝ առանց չափազանցության և առանց մեղմասացությունների: Երկու դեպքում էլ խնդիր ունենք, ու այդ խնդիրը լուծելու մեթոդն այլևս չպետք է լինի իշխանությանն ուղղված ժողովրդական ուղիղ աջակցությունը՝ նրանք անընդհատ փոշիացնում են հանրության կողմից իրենց համար ստեղծված քաղաքական առավելությունները: Հիմա ժողովրդի տված քաղաքական աջակցությունը գործող իշխանությանը պետք է հաղորդվի կենսունակ քաղաքական ընդդիմության միջոցով: Այս մասին դեռ կխոսենք:

Քանի որ ես իրազեկ եմ բնապահպանության և բնօգտագործման հարցերում առկա իրավիճակից, համակարգային խնդիրները ներկայացնելիս օրինակները կլինեն այդ ոլորտից, որոնք յուրաքանչյուրը կարող է վերացարկել այլ ոլորտների վրա: Կխոսենք տեսչական ստուգմամբ Ամուլսարում հայտնաբերված ծաղկի ու թիթեռի մասին, բայց նաև նույն տեսչական ստուգմամբ վեր հանված՝ ջրային էկվատորիայի վրա ազդեցության հարցերից, որոնք ամրագրված էին ստուգման ակտի նախագծում, և թե ինչու՞ ջրերի վրա ազդեցության հարցը չներառվեց վերջնական ստուգման ակտում: Կխոսենք նաև Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծի՝ դատարկ ապարների լցակույտի հատվածում գրունտերի ոչ բավարար ուսումնասիրված լինելու մասին, որը ևս չներառվեց տեսչական ստուգման ակտում: Մի քիչ կխոսենք նույն՝ դատարկ ապարների լցակույտի հատվածում ուրանի և թորիումի հանքայնացումների վերաբերյալ, որոնց ևս անդրադարձ է եղել տեսչական ստուգման փաստաթղթերում, բայց կրկին չեն գնահատվել որպես ստուգման արդյունքներ: Երկրի վարչապետի ու փոխվարչապետի մակարդակով արվել են դիտարկումներ, թե իրենք տեսչական ստուգման արդյունքում սպասում էին «լուրջ» արդյունքներ, մինչդեռ տեսչությունը ներկայացրեց միայն «թիթեռ»: Շատ մանրամասն կքննարկենք, թե ինչպես ստացվեց, որ տակը մնաց միայն թիթեռ: Կասեմ նաև, թե ի՞նչ արժեք ունի այդ թիթեռը միջազգային իրավունքում ու իրենց սիրած միջազգային ստանդարտներում, ոչ թե պարզունակ ընկալումներով: Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ սա մեկ մասնավոր հանքի առնչվող փոքր դետալ չէ, սա ցույց է տալիս կիրառվող մանիպուլյատիվ հնարքների որակը ու դրանից բխող՝ կառավարող համակարգի կոռուպցիոն բնույթը, քանզի կոռուպցիոն վարքագիծը միայն կաշառք տալ-առնելը չէ, այլ նաև նախորդ իշխանության ակնհայտ անօրինական գործողությունները կոծկելը, առանց հաշվարկված հիմնավորում ներկայացնելու հանրության կենսական բարիքները մասնավոր շահերին զոհաբերելը:

Խնդիրները հիմնականում ներկայացնելու եմ կոնցեպտուալ մակարդակում՝ թողնելով, որ ընթերցողն ինքը վերլուծի ու գա մտահանգման: Որպեսզի խնդիրները խորությամբ չուսումնասիրած մարդիկ հեշտությամբ չխաբվեն անհամար կիսաճշմարտությունների ու կոնտեքստից կտրված փաստարկների մեջ, պետք է ոչ թե մարդկանց ծանրաբեռնել մասնագիտական ու իրավական  ծանրամարս ու վիճահարույց փաստերով, այլ տալ գործիքներ, որոնք թույլ կտան հասկանալ գործընթացների տրամաբանությունը:  Օրինակ՝ կա մեդիագրագիտություն հասկացություն, որը թույլ է տալիս լրատվությունը զատել ուղղորդված պրոպագանդայից: Նույնպես և կարող է լինել, պայմանական ասած՝ էկոգրագիտություն: Էկոգրագիտությունը յուրատեսակ մեթոդաբանություն է, որի հիմքում պետք է լինի պարզապես կոռուպցիոն համակարգի էությունը բնութագրող ալգորիթմի բացահայտումը: Ցուցիչները շատ են՝ բանավիճողը հանրայի՞ն շահն է սպասարկում, թե՞ մասնավոր կամ խմբային: Բանավիճողն իշխանությա՞ն ներկայացուցիչ է, ինչը ենթադրում է, որ պետք է միտք արտահայտելիս ունենա ապացուց, քանի որ «մեխն էլ է նրա ձեռքին, մուրճն էլ»:

Մասնավորապես՝ ընդերքօգտագործման ոլորտում կան բազմաթիվ այլ հետաքրքիր հարցադրումներ. ինչու՞ են մետաղական հանք շահագործող բոլոր ընդերքօգտագործող ընկերությունները գրանցված օֆշորներում, ինչու՞ է հեղափոխական իշխանությունը մերժում օրինագիծը, որով պետք է բացահայտվեին այդ օֆշորներում ծվարած ընկերությունների բոլոր իրական սեփականատերերի տվյալները, ինչու՞ են առևտրային գաղտնիքի անվան տակ թաքցնում հանքահումքի վաճառքի պայմանագրերն ու գնորդ ընկերությունների տվյալները: Եվ ամենակարևորը՝ ինչու՞ հեղափոխական իշխանությունները չեն փոխում այս վիճակը: Գուցե այս մեխանիզմի մեջ խնդիրներ չե՞ն տեսնում: Երբ մարդիկ պարզորոշ պատկերացնեն այս մեխանիզմի կոռուպցիոն էությունը, գուցե հարցեր առաջանան, թե ինչպե՞ս է ստացվում, որ այս մեխանիզմը շարունակում է գործել հեղափոխական իշխանության պայմաններում: Գործընթացների ներքին տրամաբանությունը կարդալու կարողությունը թույլ է տալիս մասնավոր հարցերին նայել քաղաքական դիտանկյունից, ինչը գրեթե կզրոյացնի մանր մանիպուլյացիաներին տրվելու հնարավորությունը, որն արվում է պաշտոնական ամենաբարձր մակարդակով:

Առանցքային հարցերից են լինելու հեղափոխության էության հետ անհամատեղելի՝ համակարգային կոռուպցիայի դրսևորումների շուրջ դիտարկումները: Քանի որ նոր իշխանությունների օրոք յոթ ամիս ղեկավարել եմ կառավարության ենթակա՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, կառավարման համակարգի ինստիտուցիոնալ խնդիրների և կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ դատողություններն ու փաստարկները ներկայացնելու եմ բնապահպանության և բնօգտագործման համատեքստում: Առհասարակ իշխանությունը մի գեշ խասյաթ ունի՝ այն շատ արագ կոռումպացվում է, մանավանդ, երբ կենտրոնացվում է մեկ միավորի ձեռքում, հավասարակշռման ինստիտուտները արդյունավետ չեն, իսկ կառավարող օղակների նկատմամբ վարչական վերահսկողություն իրականացնելու լիազորություններով օժտված կառույցներին կոպտորեն սաստում են, ինչպես վարվեցին բնապահպանական տեսչության հետ: Ինչպես ասված է՝ սկսենք կառուցել ճշմարտության վրա հիմնված հարաբերություններ:

Կխոսենք բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և իրականացված աշխատանքի մասին: Ընդ որում, խնդրում եմ ասվածը չընդունել որպես ինքնագովեստի կամ ինչ-որ բան ապացուցելու դրսևորում: Իմ կառավարման յոթ ամիսների ընթացքում տեսչական մարմնում արված փոփոխությունները ներկայացնելն անհրաժեշտ է՝ հետագայում ցույց տալու համար պետական կառավարման համակարգում առկա համակարգային կոռուպցիայի առկայությունը և մեխանիզմները: Մեծամտություն չհամարեք ասել, որ տեսչական մարմինն այդ կարճ ժամանակահատվածում թերևս միակ պետական մարմինն էր, որ գործում էր հեղափոխական տրամաբանությամբ: Ո՞րն էր այդ տրամաբանությունը. իր գործունեության ամբողջ տիրույթով կոռուպցիոն մեխանիզմները կտրտելը՝ ջրօգտագործման թույլտվություններ, անտառահատումներ, Սևանա լճի լայնամասշտաբ հիմնախնդիրներ, որսագողություն, հանքարդյունաբերություն: Ընդ որում, մենք արձանագրում էինք ոչ միայն ընկերությունների կողմից թույլ տրված խախտումները, այլև պետական մարմինների կողմից տրված անօրինական թույլտվությունները: Պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հարուցում էինք վարչական վարույթներ, ապացուցում թույլտվությունների անօրինական լինելը և նյութերն ուղարկում պետական վերահսկողական ծառայութուն: Այս ամենի նպատակն էր հասնել կոռուպցիայի արմատներին, կազմաքանդել ձևավորված ու ժամացույցի պես գործող կոռուպցիոն համակարգը՝ նախկինում տրված ապօրինի թույլտվություններով, մոնիթորինգի համակարգի անընդունելի մեխանիզմներով: Ո՞վ կթողներ:

Մի վերջին դիտարկում էլ. հոդվածաշարում ներկայացվող դատողությունները կառուցվելու են այն կանխավարկածի վրա, որ երկիրը ղեկավարող վարչապետն ունի բավարար ձեռնահասություն պետության կառավարման հարցերում և որոշումներն ընդունում է իր կողմից նշանակված բարձրակարգ մասնագետների տրամադրած հավաստի տեղեկատվության հիման վրա, և չենք առաջնորդվում այն կանխավարկածով, որ «արքան մերկ է»:

Մեկնաբանություններ (1)

Qam
Ճիշտ է արդյոք որ Ապոլո թիթեռի բուսատեսակի արգումենտը տեղին չէր Ամուլսարի հարցում? Շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter