
Հայաստանի ՀՌՀ-ն կաջակցի Արցախի Հանրային հեռուստատեսությանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ:
Նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Գրիգորի Մարտիրոսյանը ողջունել է հանձնաժողովի պատվիրակության հաճախակի այցելություններն ու համատեղ աշխատանքները՝ դրանք համարելով Արցախի համապատասխան կառույցի հետ համագործակցության խորացման կարևոր երաշխիքներից մեկը:
Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ ճանապարհային քարտեզ մշակելու և հստակ ուղղություններով աշխատելու պայմանավորվածության մասին: Մասնավորապես, աջակցելու են Արցախի Հանրային Հեռուստատեսությանը բովանդակային ու եթերաժամի ավելացման առումով: Համագործակցության մեկ այլ ուղղություն՝ ըստ Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի՝ հակահայկական կոնտենտի հետեվողական նվազեցման ուղղությամբ կլինի: Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է նախանշված ծրագրերի իրականացումն ու որպես առաջին քայլ՝ նշել համապատասխան մասնագետների փոխայցերի, վերապատրաստումների անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը:
Մեկնաբանել