HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պարզաբանումը Շենգավիթի դատարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտից, որտեղ ընթանում էր Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատավարությունը, ոստիկանությունը բերման էր ենթարկել ենթարկվել երեք քաղաքացի, մեկը` հրավիրվել ոստիկանություն: Ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել:

Այսօր ոստիկանությունը պարզաբանում է տվել իր գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի տարածքում տեղի ունեցած միջադեպին հաջորդած ոստիկանության գործողությունները դարձան, այսպես ասած՝ բուռն ու երբեմն ոչ պրոֆեսիոնալ քննարկման և քննադատության առարկա, ուստի ոստիկանությունը հարկ է համարում պարզաբանումներ անել։

Տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ անձ։ Վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով տեղում ծառայություն իրականացրած ոստիկաններն անմիջապես Շենգավիթի բաժին բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին։ Նրանք հրաժարվել են բացատրություններ տալուց։

Օրենքով սահմանված ժամկետի լրանալուն պես նրանք բաց են թողնվել։ Այսուամենայնիվ, ոստիկանությունը, շարունակելով իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, միջադեպի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարել է մի շարք անհետաձգելի քրեադատավարական գործողություններ, որոնց արդյունքում էլ Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից արդեն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ հետագա քննության։

Ոմանց կրկին հորդորում ենք, զերծ մնալ սիրողական մակարդակի դատողություններ անելուց և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով ոստիկանությանն իբրև անվանարկելուց։ Ցանկացած պարագայում ՀՀ ոստիկանությունը առաջնորդվում է օրենքի առջև բոլորի հավասարության գերակա սկզբունքով՝ լիարժեք իրականացնելով բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթները, ինչպես վերոնշյալ միջադեպի կապակցությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter