HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը 20 մլն դրամ գրավով ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, երեք 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանին: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Զաքարյանի պաշտպան Արշակ Կարապետյանը: Նշենք, որ Զաքարյանը կալանավորվել էր մեկ ամիս առաջ:

Մեր հարցին՝ Զաքարյանը մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տվել է, թե ոչ, Կարապետյանը պատասխանեց, որ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել:

«Ինքը վաղուց է պատրաստ ցուցմունք տալ, բայց պետք է վարույթ իրականացնող մարմինը պատրաստ լինի: Մենք բազմիցս միջնորդել ենք ցուցմունք վերցնել, հույս ունենք, որ մոտ օրերս արդեն կտանք ցուցմունք»,- ասաց Արշակ Կարապետյանը:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվում է, որ քննիչը պարտավոր է մեղադրյալին հարցաքննել նրան մեղադրանք առաջադրելուց հետո` անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Մեղադրյալի հարցաքննությունը, բացի անհետաձգելի դեպքերից, կատարվում է ցերեկը:

Արշակ Կարապետյանը նշեց, որ Զաքարյանին մեղադրանք առաջադրելուց հետո նա խնդրել է, որ իրեն հաջորդ օրը հարցաքննեն, քանի որ գիշեր է եղել, բայց առ այսօր այդ քննչական գործողությունը չի իրականացվել:

Թե ինչու քննիչը չի հարցաքննում Զաքարյանին, պաշտպանն ասել չի կարող:

Նշենք, որ Ալեքսան Զաքարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մաս 1-ի կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքն առանձնապես խոշոր չափի խարդախության և փաստաթղթեր կեղծելու մասին է:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` «նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2017թ. կնքված պայմանագրի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ միմյանց միջև կնքված նույն ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում 2017 թվականի փետրվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կազմել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 դրամ գումար»:

Պաշտպան Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Օրեր առաջ վարույթն իրականացնող Քննչական կոմիտեն մեկ այլ հաղրդագրությամբ հայտնել է, որ  գործով վերականգնվել է պատճառված 210 մլն դրամ վնաս:

Մեր հարցին` եթե Ալեքսան Զաքարյանը չի ընդունում մեղադրանքը, ապա ինչո՞ւ է վերականգնել պատճառված վնասը, Արշակ Կարապետյանը պատասխանեց, որ 210 մլն դրամ ենթադրյալ վնասի գումարը դրվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին, և եթե վնաս պատճառելու հանգամանքը հետագայում հաստատվի, վնասի հատուցումն արդեն ապահովված է:

Թե արդյոք այս գործընթացը կարելի է անվանել «վնասի վերականգնում», ինչպես դա անվանել է Քննչական կոմիտեն, պաշտպանը պատասխանեց, որ ձևակերպման մեջ որոշակի սխալ կա:

«Դա վերականգնում չէ, անձինք գումարը ինքնակամ փոխանցել են քննչական մարմնի դեպոզիտ հաշվին»,- ասաց Արշակ Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter