
«Ամեն ինչ տասը օրից պարզ կլինի»․ Կովսականի ավագանու անդամը հրաժարական տվեց
Սեպտեմբերի 9-ին Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո՝ նույն օրը, Կովսական քաղաքում բողոքի ակցիա տեղի ունեցավ, իսկ հաջորդ օրերին աշակերտների մի մասը դասադուլ էր անում:
Մասնագիտությամբ գյուղատնտես Նժդեհ Մադոյանի կողմնակիցները համաձայն չեն և չեն ընդունում Կովսականի դպրոցի ուսուցիչ, փոխքաղաքապետ Սուրեն Քարամյանի հաղթանակը, որը ութ ձայնի հարաբերակցությամբ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է 166 ձայն ստացած Նժդեհ Մադոյանին: Երկուսն էլ ինքնառաջադրվել են, Նժդեհ Մադոյանը անկուսակցական է, Սուրեն Քարամյանը՝ կուսակցական («Ազատ Հայրենիք» կուսակցությունից):
Մադոյանը համարում է, որ Սուրեն Քարամյանը հաղթել է վարչական լծակների կիրառման շնորհիվ:
Ոչ այսօր, ոչ էլ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Նժդեհ Մադոյանը հեռախոսազանգերին չեր պատասխանում: Այդպես էլ չհաջողվեց կապվել նաև Սուրեն Քարամյանի հետ:
Այսօր հեռախոսազանգերին չէր պատասխանում նաև Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը: Ավելի վաղ մեզ հետ հեռախոսազրույցում նա հաղորդել էր, որ բանակցում է երկու կողմի հետ:
Նժդեհ Մադոյանի կողմնակիցներից մեկը այսօր մեզ փոխանցեց, որ դպրոցականները դադարեցրել են դասադուլը, երեկ և այսօր խաղաղվել է իրավիճակը: «Նրանք մեզնից տասը օր ժամանակ խնդրեցին, մենք էլ տվեցինք: Ամեն ինչ տասն օրից պարզ կլինի»,- ասաց Մադոյանի կողմնակիցը, որը չցանկացավ անունը հրապարակել:
Սեպտեմբերի 13-ին Կովսականի նորընտիր ավագանու անդամներից մեկը՝ դաշնակցական Մհեր Առաքելյանը, ֆեյսբուքյան իր էջում գրեց հրաժարական տալու մասին։
«Ավարտված ՏԻՄ ընտրություններում Կովսականում արձանագրված քվեների նվազագույն տարբերությունը և օբյեկտիվորեն առկա սոցիալական խնդիրները ստեղծել էին բարձր վտանգավորության աստիճանի հասած առճակատման իրավիճակ և հասարակական համերաշխության ճգնաժամ։ Վերոնշյալից ելնելով՝ Կովսականի ՀՅԴ «Հրաչ Մուրադյան» խմբի և ՀՅԴ պատասխանատու մարմինների հետ համախորհուրդ, նպատակ ունենալով նպաստելու հասարակական համերաշխության հաստատմանը, ցանկանալով ավագանու կազմում հաստատելու կողմերի հավասարակշռություն և ընդդիմադիր կողմին տրամադրելու վերահսկողական ավելի մեծ հնարավորություն, երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Կովսական համայնքի ղեկավար Ս․ Քարամյանին ներկայացրել եմ ավագանու անդամությունից հրաժարվելու դիմում»,- ասվում է գրառման մեջ:
Կովսականի համայնքի մնացած չորս անդամներից երկուսը «Ազատ Հայրենիք» կուսակցությունից են, մեկը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունից, մեկն էլ՝ անկուսակցական:
Լուսանկարում ձախից՝ Սուրեն Քարամյան, Ստեփան Սարգսյան
Մեկնաբանել