HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

ՏԻՄ ընտրություններից հետո բողոքի ցույց Կովսականում

Երեկ՝ սպետեմբերի 10-ին, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքից «Հետքին» է ահազանգել Գոհար Ալեքսանյանը՝ Կովսականում սեպտեմեբերի 9-ին ավագանու անդամ ընտրված Կարապետ Ալեքսանյանի դուստրը:

Մի խումբ կովսականցիներ համաձայն չեն և չեն ընդունում Սուրեն Քարամյանի հաղթանակը, ով նախնական արդյունքներով 8 ձայնի տարբերությամբ սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Կովսականում հաղթել է 166 ձայն ստացած Նժդեհ Մադոյանին:

«Ընտրությունների ընթացքում եղել են տարբեր ընտրախախտումներ, մարդիկ են բերել Եղեգնաձորից, ովքեր քվեարկել են Սուրեն Քարամյանի օգտին: Նախկին քաղաքապետը եղեգնաձորցի է»,- ասում է Նժդեհ Մադոյանի թիմակից Գոհար Ալեքսանյանը:

Ըստ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ 1991 թվականին ծնված անկուսակցական Նժդեհ Մադոյանը Վարչակազմի գյուղվարչությունում գյուղատնտես է աշխատում: Մյուս թեկնածուն՝ 1985 թվականին ծնված, «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ, ՏԻՄ ընտրություններին ինքնառաջադրված Սուրեն Քարամյանը, Կովսականի դպրոցում ուսուցիչ է:

Գոհար Ալեքսանյանի խոսքերով՝ նախնական արդյունքները ամփոփելուց հետո, երեկոյան ժամը 22:00-23:00-ին Մադոյան Նժդեհի թիմակիցները և կողմնակիցները մոտ 150 հոգով փակել են Կովսական-Կապան ավտոճանապարհը ու բացել առավոտվա 2-ին, երբ Կովսական է ժամանել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը:

«Շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը առաջարկում է սպասել տասը օր՝ մինչև քրեական գործ հարուցվի ու ընդունում-հանձնում արվի: Մի խոսքով՝ ժողովրդի համար անընդունելի տարբերակ: Իսկ մեր կողմնակիցներն էսօր խոսում էին Ստեփանակերտ գալու ու բողոքը ավելի բարձր մարմիններին հասանելի դարձնելու մասին»,- բացատրում է Գոհար Ալեքսանյանը:

Ըստ Գոհար Ալեքսանյանի՝ մինչև ընտրությունները եղել է նաև վարչական ռեսուրսի չարաշահում՝ մանկապարտեզի վարիչը ստիպել է աշխատակիցներին քվեարկել Սուրեն Քարամյանի օգտին:

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մենք կապվեցինք Նժդեհ Մադոյանի հետ, նա հաղորդեց, որ մարդիկ երեկվա պես հավաքված են այս պահին, մանկապարտեզ շատ քիչ երեխա է հաճախել, 108 աշակերտից 58-ը չեն գնացել դպրոց:

«Նրանք պահանջում են իբր թե ընտրված քաղաքապետի ինքնաբացարկը, որպեսզի նոր ընտրություններ տեղի ունենան առանց խախտումների: Որպեսզի ոչ մի կառույցի տնօրեն չփորձի իր աշխատակիցներին վախեցնել, շանտաժի ենթարկել»,- ասում է Նժդեհ Մադոյանը:

«Նախնական ընտրությունների ամփոփման ժամանակ հանձնաժողովի նախագահը բոլորին հրավիրել է, ասել է՝ սրանք են արդյունքները, գո՞հ եք, համաձա՞յն եք: Երկու կողմն էլ ընդունել են արդյունքները, ոչ մի խնդիր չի եղել: Արդեն գիշերը Նժդեհ Մադոյանի կողմնակիցները դպրոցականներին հանեցին, դասադուլ անելու կոչեր արեցին, փորձեցին Կովսական-Կապան ճանապարհը փակել»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչի տեղակալ Էդգար Էլբակյանը:

Հարցի լուծման վերաբերյալ Էլբակյանն ասում է, որ իրենց էլ է նույնը առաջարկվել, որ նման առերևույթ հակաօրինական գործողություններին վերջ պիտի տրվեն, ու դրա շուրջ բանակցություններ են վարվում վարչակազմի ղեկավարության, ոստիկանության, հանրապետական այլ մարմինների և բողոքողների միջև: «Մնացածը պիտի օրենքով ընթացքավորվի, այլ լուծում չի կարող լինել: Չի կարող հասարակական կյանքը կաթվածահարվել, ինչ է թե մեկը 7-8 ձայնով պարտվել է»,- ասում է Էդգար Էլբակյանը:

«Շատ համայնքներում էլ են ինքնառաջադրմամբ մեր համակիրները հաղթել: Եթե որևէ խնդիր կա Կովսականում, կողմնակից ենք, որ օրենքի սահմաններում ամեն ինչ լուծվի: Որևէ կողմնակալ վերաբերմունք էս կամ էն թեկնածուի հանդեպ չունենք: Մեր խնդիրն այն է, որ ընտրությունների ժողովրդավարական սկզբունքները պահպանվեն, ոչ թե կուսակցության անդամը հաղթի: Եթե կա որևէ փաստ, թող փաստի առթիվ քրեական գործ հարուցվի, և խնդիրը այդ շրջանակում լուծվի: Մեր կուսակցության ղեկավարը և անդամները շնորհավորել են բոլոր ընտրված համայնքի ղեկավարներին, անկախ կուսակցական պատկանելիությունից»,- մեզ հետ զրույցում ասաց «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Սեպտեմբերի 9-ին ԱՀ ոստիկանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը գրել է, որ Քաշաթաղի շրջանից ընտրախախտման 5 հաղորդում է ստացել: Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ԱՀ ոստիկանության պաշտոնական ֆեյսբուքյան էջը ևս հաղորդել է, որ 2019 թ.-ի սեպտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ Քաշաթաղի շրջանից ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ տարբեր բնույթի 5 հաղորդում է ստացվել. «Բոլոր հաղորդումները սահմանված կարգով ընթացքավորված են, և տարվում է հետաքննություն»:

Նժդեհ Մադոյանը չի ընդունում նախնական արդյունքները, համարում է, որ Սուրեն Քարամյանի օգտին քարոզարշավի ժամանակ իշխանական լծակներ են օգտագործել: «Մենք դիմել ենք դատախազությանը, գիտենք, որ ընտրախախտումները շատ են եղել, հստակ ապացույց չկա, որ ասենք՝ մարդկանց վախեցրել եք: Բայց, օրինակ, դպրոցի ու մանկապարտեզի տնօրենները, աշխատակիցներին ասել են՝ եթե Նժդեհին ընտրես, սպիտակ թուղթ վերցրած ձեռդ կգաս: Կամ էլ՝ մյուս թեկնածուի աներձագը գումարտակի հրամանատար է, պայմանագրային զինծառայողներին արգելել է գալ քվեարկության՝ պատճառաբանելով, որ դիրքերով հերթապահությունը խստացված է, կամ նման բաներ: Տեղամասային ընտրական հանձնաժողովին մենք խնդրել ենք արձանագրել բազմաթիվ խախտումները, սակայն չեն գրանցել մատյանի մեջ, պատճառաբանելով, որ տեղ չկա, էս չկա, էն չկա: Հանձնաժողովի նախագահը իրենց մարդն է, քարտուղարը իրենց մարդն է»,-ասում է Նժդեհ Մադոյանը:

Վերջինս ասում է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Կովսական քաղաքում ոչ մի տեղից դիտորդ չկար:

ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Սերգեյ Մելքումյանը բացառում է, որ հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը կարող էին կողմնապահություն անել:

«Քաշաթաղի շրջանից դիմում-բողոքներ եղել են, կոնկրետ Կովսականից չի եղել: Բողոքի դեպքում մենք միայն վերահաշվարկ կարող էինք անել, որտեղից ստացել ենք մինչև վերջնաժամկետը դիմում-բողոք՝ կատարել ենք վերահաշվարկ»,- ասաց Սերգեյ Մելքումյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter