
2025-ին Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի, իսկ գնաճը կարագանա. Ասիական զարգացման բանկի կանխատեսումը
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կանխատեսումներով՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի և տարեկան տվյալներով կկազմի 5%: Կանխատեսումները հրապարակվել են «Ասիական զարգացման հեռանկարներ» ապրիլյան զեկույցում ( Asian Development Outlook (ADO) April 2025):
Ըստ նույն զեկույցի՝ 2026-ին ևս տնտեսական աճը Հայաստանում կշարունակի դանդաղել՝ կազմելով 4.7%:
2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 12.6%, 2023-ին՝ 8.3%, 2024-ին` 5.9%: Տնտեսության մի շարք ոլորտներում աճը դանդաղել է։ Դանդաղումն ավելի ակնհայտ է ծառայությունների ոլորտում։
2025-2026 թթ. սպասվող տնտեսական աճի դանդաղումը առաջին հերթին պայմանավորվում է արտաքին գործոնների ազդեցության թուլացմամբ։
Եթե 2022-2023թթ. արտաքին գործոններն էապես նպաստել են Հայաստանի տնտեսական բարձր աճին, ապա հիմա այդ գործոնների ազդեցությունը թուլացել է։
Հիշեցնենք, որ 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանը հայտնվեց Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների տակ։ Արևմտյան մի շարք երկրներ՝ ամբողջությամբ, մի մասն էլ՝ որոշ սահմանափակումներով, արգելեցին Ռուսաստանի հետ ուղիղ առևտուրը, բանկային փոխանցումները, ներդրումները։ Հայաստանը դարձավ Ռուսաստանի համար այդ տնտեսական գործընթացները կազմակերպելու հիմնական տարանցիկ երկրներից մեկը։
Ըստ Ասիական զարգացման բանկի գնահատականների՝ Հայաստանի տնտեսական աճը կհիմնվի ներքին պահանաջարկի վրա։ Աճին մեծապես կնպաստի ծառայությունների ոլորտը։ Արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների նպաստն ավելի «համեստ» կլինի։
Գնաճը կարագանա
2024 թվականին Հայաստանում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, միջին գնաճը կազմել է 0.3%:
Ասիական զարգացման բանկը 2024-ի ցածր գնաճը Հայաստանում համարում է միջազգային շուկաներում որոշ ապրանքների գնանկման և Հայաստանում վարվող դրամավարկային քաղաքականության արդյունքը։ Կենտրոնական բանկը տևական ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելուց հետո՝ 2023 թվականի կեսերից, սկսել է իջեցնել այն։ Այս գործիքով ԿԲ-ն փորձել է ազդել գնաճի վրա։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման անուղղակի ազդեցությունը բարձր գնաճի պայմաններում վարկերն ավելի թանկ դարձնելն ու սպառումը զսպելն է, որը կարող է բերել նաև գների աճի թուլացման։ Իսկ երբ գնաճը թուլանում է, ԿԲ-ն հակառակ ռազմավարությունն է կիրառում՝ իջեցնում է տոկոսադրույքը։
Դա հենց դրամավարկային քաղաքականությունն է։
Ասիական զարգացման բանկն այս տարի Հայաստանում գնաճի արագացում է կանխատեսում՝ այն 2025-ի տարեկան տվյալներով կհասնի 3%-ի։ Դա կլինի Կենտրոնական բանկի սահմանած թիրախային 3%-ի շրջանակներում։ Ըստ ԿԲ-ի՝ 3% (±1 տոկոսային կետ) գնաճը տնտեսության համար «թույլատրելի» միջակայք է։
Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել