HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստոսի արձանի նախագիծը դրական եզրակացություն է ստացել․ այն կառուցվում է «Հատիս հրաբուխ»-ից 5 մ հեռավորությամբ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 3-ին ստորագրել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման նախագծի փորձաքննության դրական եզրակացությունը։ 

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նախատեսում է Կոտայքի մարզի Ակունք համայնքի 56 հա՝ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող տարածքներում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցում։ 

Ընդհանուր տարածքի տարբեր հողեր տարբեր բնակավայրերի տարածքներում են, մասնավորապես՝  Զովաշենում (19,7 հա), Հատիսում (27,5 հա), Կոտայքում (2,2 հա և 0,1 հա, 0,5 հա), Ակունքում (6 հա)։ 

Շրջակա միջավայրի նախարարի 2024թ․ սեպտեմբերի 16-ի հրամանով հաստատվել է «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը։ Համաձայն դրա՝ սահմանվել են Հատիս լեռան վրա գտնվող 9 երկրատեղանքի սահմանները և հատակագծերը։ Այդ 9 երկրատեղանքները բնության հատուկ պահպանվող տարածքներ են՝ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին օրենքի։ 

«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը նշված երկրատեղանքների սահմանագծից գտնվում է մոտ 5-125 մ հեռավորության վրա։ Երկրատեղանքների վրա ազդեցությունից խուսափելու նպատակով իրականացվելու են կանխարգելիչ միջոցառումներ՝ բնության հուշարձանի երկրատեղանքի սահմանին կից տարածքներում տեղադրվելու են հատուկ նշաններ և ցուցանակներ, որոնց միջոցով աշխատակիցները և զբոսաշրջիկները կտեղեկացնեն բնության հուշարձանի երկրատեղանքի վերաբերյալ։ Երկրատեղանքների շրջակայքում աշխատանքները կիրականացվեն ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ բացառելով բացասական ազդեցությունը պահպանվող տարածքների վրա»,- նշված է փորձաքննական դրական եզրակացության մեջ։ 

Դրական եզրակացությունը տրվել է մի քանի պայմանով․ մանսնավորապես՝ առաջնորդվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածով և նախարարի՝ անձնագրի վերաբերյալ վերոնշյալ հրամանի պահանջներով։ 

«Շինարարության և շահագործման ընթացքում բացառել «Հատիս Հրաբուխ» երկրաբանական բնության հուշարձանի երկրատեղանքների և դրանց պահպանական գոտիներում որևէ միջամտություն և ազդեցություն, երկրատեղանքների պահպանության նպատակով տարածքում տեղադրել ճանաչողական ցուցանակներ և նշաններ։ 

Համաձայն նախագծի՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը նախատեսվում է տեղադրել Հատիս լեռան բարձունքին։ Համալիրը 3 հարթակներից բաղկացած հորինվածք է, որից սկիզբ է առնում 44 մետր բարձրությամբ պատվանդանը և ավարտվում 33 մետր բարձրությամբ քանդակով: 

Առաջին հարթակում՝ -5,7 նիշում, նախատեսված են սրճարան և այլ ծառայություններ այցելուների համար: 

Երկրորդ հարթկում՝ 0 նիշում, նախատեսված է ցուցասրահային հատված, ցուցասրահին կից սանհանգույցներ են լինելու: 

Բոլոր հարթակները կապված են աստիճաններով և թեքահարթակներով: Վերին հարթակից կազմակերպված է մուտք պատվանդանի ներսի հատված: Վերին հարթակից մեծ թեքությամբ աստիճաններով հնարավոր է բարձրանալ պատվանդանի վերին մակարդակ: 

Քանդակն իրականացվում է ալյումինե ձուլվածքով և ամրացվում է մետաղական հիմնակմախքի վրա։ Պատվանդանի ծավալում նախատեսված են մոտեցումներ մետաղական հիմնակմախքին հետագա շահագործման կարիքների համար։ 

Կառույցը լինելու է միաձույլ երկաթբետոնից, տրավերտինե սալերից երեսպատումով: 

Համալիրում նախատեսված են դեկորատիվ հարթաքանդակներ:

Նախատեսվում է կառուցել նաև ճոպանուղի դեպի Հիսուս Քրիստոսի արձան և հակառակ ուղղությամբ։ 

Ճոպանուղու երկարությունը 1300 մետր է լինելու։ Ունենալու է 2 կայան։ Առաջին կայանը տեղակայված է լինելու Ակունք գյուղում, երկրորդ կայանը՝  Քրիստոսի մոնումենտալ արձանի մոտակայքում։ Ճոպանուղին հնարավորություն է ունենալու տեղափոխել մինչև 12 մարդ։ 

Հիշեցնենք, որ չնայած նախագիծը նոր էր ներկայացվել ՇՄԱԳ փորձաքննության, սակայն արդեն իսկ ՇՄԱԳ նախագծում նշվում էր, որ նախատեսվող հուշահամալիրի տարածքում կազմակերպված է շինարարական հրապարակ, հողային աշխատանքներն իրականացված են ամբողջ ծավալով, ընթացքում են հիմքերի բետոնացման աշխատանքները։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը այս մասով վարույթ է նախաձեռնել։ Ինչպես «Հետքին» հայտնեց ՏՄ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Աղաբաբյանը, վարույթն այս պահին ընթացքի մեջ է։ 

Գլխավոր լուսանկարը՝ Սուսաննա Հարությունյանի (Հետք Մեդիա Գործարանի ուսանող)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter