HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես՝ մահէս ետքը պիտի տեւեմ երկար ատեն...եւ մանաւանդ մահէս ետքը պիտի ապրիմ... Ինտրա (մաս 2)

սկիզբը

 «Արծաթապաշտ աշխարհին մէջ վերացական մնալ  յաջողողներէն մէկն եմ գրեթէ...»

«...սրածայր մօրուք մը: Ակոցին ետեւ փայլող աչքեր: Լայն ճակատ մը եւ գլխուն ետեւ նետուած մազերը: Պայծառ դէմք մը եւ սեւ ժանքէթ մը...Այսպէ՛ս էր մարդը»: Մի քանի լրացում. լայնեզր գլխարկ, մորթե օձիքով վերարկու, նաև՝ ծխախոտ և օղի սիրող: Այսպես էր հիշում Պոլիսը՝ քաղաքի փողոցներով քայլող Տիրան Չրաքյանին: Մոտիկից ճանաչողները նրան գիտեին նախևառաջ որպես խաղաղասեր և դյուրաբորբոք, ներողմիտ և աններող, մի մարդ, որ նկարագրի «ոչ մէկ գիծ միջակ աստիճանի մէջ ունէր եւ ինքն ամէնէն շատ կատէր միջակութիւնը: Թռիչք ունէր միտքը եւ չէր սեղմուէր սահմաններու մէջ, բարձրութիւններ եւ խորութիւններ կը փնտռէր», որ սիրել, հարգել չգիտեր, այլ «յիանալ եւ պաշտել միայն գիտեր ան»: «Սէր չեմ կրնար կեղծել. յարգաք, հաճութիւն չեմ կրնար ձեւացնել»,-ասում էր:

Նամակագիրը

Ստեղծած  փառահեղ  քնարերգությունը և արձակը՝

 Շէկ ծառերուն տակ, երբ անոնց մէջէն

Կը մաղէ արեւն իր ցոլքն իրիկուան,

Մենաւոր պայտեր, դանդաղ, կը հընչեն՝

Ու չոր տերեւներ շըրշիւնով կ’իյնան…,

ճամփորդական նոթերը, հրաշալի հոդվածները, ժամանակակիցների հուշերը, բայց ամենից շատ  գրած երկարաշունչ նամակները, Տիրանի մասին պատմում են ամեն բան: Այնպես որ, նամակներ գրելու իր հակումը, անգամ՝ մոլուցքը, որքան օգտակար եղավ, այսօր ճանաչելու համար այս անսովոր մարդուն, որին երբեմն համեմատում էին իր ուսուցչի՝ Եղիա Տեմիրճիպաշյանի հետ, իր՝ մյուսներից տարբեր մտածումների, հայացքների և «այլուրանալու»  կարողության համար: Սիրելի Վերժինին, շաբաթապահ քույր օրիորդ Տիամանտօլային, ուրիշներին, բայց ամենից անգինը՝ Միքայել Կյուրճյանին գրած 20-25 էջանոց նամակները իսկական աշխատություններ են Արվեստների, Իմաստասիրության, Հոգեբանության, Գրականության, Լեզվի մասին: Տրցակներով նամակներ, որոնց էջերին երևակվում է Տիրան Չրաքյանի ամբողջական կերպարը: Սկյուտարի թաղում Միքայելը Տիրանին  դրացին էր,  ևս Պերպերյան վարժարանի մթնոլորտից էր դուրս եկած, որ  հետո դարձավ հայտնի մշակութային գործիչ, գրող և հրատարակիչ: Նա հրաշալի ունկնդիր էր Տիրանի համար, հաճախ նաև նրան համառորեն ստեղծագործելու մղող: Պերպերյանցիները ավանդույթ ունեին հավաքվելու դաշնակահար Ստեփան Բաբելյանի տանը արվեստային զրույցների, նրա կատարմամբ  երաժշտություն՝ հատկապես Բեթհովեն ունկնդրելու: Դրանք տղաների համար վայելքի ժամեր էին: Հատկապես Տիրանը, բանասեր, հետագայում հռչակավոր «Ամէնուն Տարեցոյցը»-ի հեղինակ Թեոդիկը, դասընկեր, ապա՝ ուսուցիչ Արամ Նիկողոսյանը, ամենից շատ էին տարված և հետաքրքրված գերիրապաշտությամբ: Ինչևէ, Համիդյան կոտորածներից և Բանկ Օթոմանի դեպքերից հետո, Միքայելը ստիպված եղավ ընտանիքով հեռանալ Կոստանդնուպոլսից: Տեղափոխվեց Եգիպտոս, մի մեծ բան պակսեցնելով Տիրանի կյանքից: Եվ նամակագրությունը երկու ընկերների համար դարձավ  հոգևոր անհրաժեշտություն: «Մի ուշացնէր նամակդ. շատ գրէ, եւ ըսէ որ ոտանաւոր գրեմ: Այնքան պէտք ունենալ կը կարծեմ քու դրդումներուդ»:  

Ուսուցչապետի որոտից ծնված «Ներաշխարհ»-ը

«Հովին ձայնն է, նոճիներուն խորունկ գիշերուան հովին ձայնը...»: «Ներաշխարհ»-ի առաջին 80 էջը Տիրանը գրեց մեկ գիշերվա մեջ: Իսկ այդ գիշերվա  նախընթաց օրն ահավոր էր: Ուսուցչապետ Ռեթեոս Պերպերյանը կատաղի հարձակում էր գործել Տիրանի վրա՝ այպանել, կշտամբել էր նրան սոսկալի զայրույթով: Պատճառը, իր երբեմնի սաների անպատասխանատու վերաբերմունքն էր սեփական տաղանդի նկատմամբ, ծուլությունը, չստեղծագործելը, որի իրավունքը, ըստ ուսուցչապետի, Տիրանը պարզապես չուներ: Եթե հանիրավի չափազանցումով պնդում էր,  թե՝ Պոլսական  գրականությունը բորոտություն  և սիֆիլիս ունի, ինչպես կարող էր ինքը՝ հիասքանչ բանաստեղծ Տիրան Չրաքյանը, չգրել:

«Ոտքի ելայ այն ատեն, անդիմադրելի ուժ մը իր առջեւ ծունկի նետեց զիս: Խոր ակնածանքով եւ կարօտով համբուրեցի երկու ձեռքերը եւ դուրս եկայ սենեակէն ու շէնքէն: Անանուն  եւ անբացատրելի ուժ մըն էր այս շարժումին զիս մղողը. Ուժ մը՝ որ սակայն իրեն զօրավիգ էր ունեցեր ամբողջ կամքս՝ անդիմադրելի, ինչպէս ելեկտրական հոսանքը»:

Այսպես շանթահարված, մեծ Ռեթեոսի խոցող բառերը հոգիի և ականջների մեջ՝ Տիրանը եկավ իր նախկին դասընկերոջ՝ դաշնակահար Ստեփան Բաբելյանի տուն: Նետեց իրեն պատուհանի մոտ դրված թիկնաթոռին, «սիկարէթ մը փաթթեց» և անթարթ նայեց պատուհանից դուրս ինչ-որ մի կետի: Շատ երկար և անձայն: Ստեփանի հարցումներին  չէր պատասխանում: Անշարժ էր և լուռ: Մինչև որ «սիկարէթի կրակը կը սպառնար այրել մատները»: Հետո նորից ծխախոտ վառեց... միայն խնդրեց, որ Ստեփանը նվագի Բեթհովենի՝ «դյուցազնի մը մահուան» առիթով գրված սոնատը: Լուռ լսեց: Հետո ասաց.«Մնաս բարով, Ստեփան, կը ներես որ այսօր քեզ ջղայնացուցի: Համբերութիւնս հատեր էր»: «Ձայնը  կը դողար...»,- պատմում է Ստեփանը: Տիրանը գնաց՝ խոստանալով հաջորդ օրը գալ և ամեն բան պատմել ընկերոջը:

Իսկապես, խոստացածին պես եկավ և ամենայն մանրամասնությամբ պատմեց Պերպերյանի հետ ունեցած միջադեպի մասին: Նաև՝ թե ինչ եղավ անցած օրը՝ տուն վերադարձին. «Տուն հասած՝ սենեակս մտայ, փակուեցայ: Հովը սաստկացեր՝  կ’ալեկոծէր  նոճիները...Յափշտակուած՝ մտիկ կ’ընեէի փոթորկին ու նոճիներու համանուագին, անոր մէջէն կը լսէի խորհրդանշական հոգիին, Պէրպէրեանին ձայնը...»: Ամբողջ գիշեր գրեց: Ծնվում էր, դեռ Եգիպտոսում եղած օրերին մտքի մեջ խմորվող իր գլուխգործոցը, ծնվում  էր այլևս Ինտրան: «Պէրպէրեան արթնացուցեր էր քնախտացած հոգիս եւ ուղեղս»:  

1900 թվականին «Ներաշխարհ»-ը՝ «կնքահայրուած Եղիայով եւ մանաւանդ Պէրպէրեանով», ինչպես կասեր Հակոբ Օշականը, ավարտված էր: Հոկտեմբեր 16-ին, երկուշաբթի գիշերը  նամակով Ինտրան Միք. Կյուրճյանին տեղեկացրեց. «Գիրքս լմնցուցի այսօր: ... իրապէս, անհակառակելի կերպով  լմնցաւ, աս առտու»: Գրքի տիտղոսաթերթին գրեց ՝

«Առ մեծապայծառ իմացականութիւնը ՌԵԹԷՈՍ  Յ.ՊԷՐՊԷՐԵԱՆ՝ նուէր սրտագին զգացուած, անկախօրէն խորհրդածուած յարգանքի անայլալ հիացման իր նախկին սանէն. Ինտրա»:

Գիրքը գրված էր, բայց 6 տարի  պահանջվեց մինչև այն լույս տեսավ: Գրքի նախաբանը Պերպերյանը ուշացնում էր, հետո տպագրական ծախսերի հարցը  չէր լուծվում: Վիեննա, Վենետիկ, Ալեքսանդրիա, Պոլիս, Կահիրե... կարծես տպարանները համաձայնում էին, բայց միշտ մի արգելք էր մեջտեղ գալիս: Նախավճար արած  բաժանորդների առջև  Ինտրան ամոթով էր մնում: Քաղաքը սկսում էր հեգնել, մամուլում խայթոցներ էին տպվում  նրա հասցեին: «Որքա՜ն կուզէի որ այդպէս չըլլար, և գիրքս նուիրէի  անոնց, որոնք պիտի հասկնային ու սիրէին զայն ոչ թէ հասարակ ապրանքի մը պէս ամէն շուկայի մէջ ծախու հանէին զայն»:

 «Ներաշխարհ»ի պէս գիրք մը, որուն ընթերցումը քիչ շատ հայերէնագիտութիւն կը պահանջէ...

Ինտրայի չքնաղ Հայերենը, այդ Հայերենի ներսում հնչող  երաժշտությունը, բառ-ձայնանիշերը, Ինտրայի  գեղանկարային պատկերները... Երբ շարադրանքը կարծես երգվում է, իսկ երգը նկարվում: Ինտրան գիտեր, թե ի՛նչ է գրել և ինչպես: Գիտեր, որ «Ներաշխարհ»-ի իր լեզվով  օծել է Հայերենը: Դա էր պատճառը, որ գործը ֆրանսերեն թարգմանելու՝ Կյուրճյանի առաջարկին վերապահություն ունեցավ՝ «...հայերէնին ձայնարկութի՜ւնը: Բառեր կան որոնց նշանակութենէն աւելի ՝ անոնց ձայնը կ’սէ թէ ինչ է իմաստնին: Այս բառերը կարելի՞ է  թարգմանել»:    

Հայերենը այնտեղ է «ուր Արարատը կը տիրէ»

Ինտրան հատուկ ակնածանք ուներ Հայերենի նկատմամբ: Երբեք իրեն թույլ չէր տա նսեմացնել մեր լեզուն: Անգամ մտերմիկ շրջապատում  էժանագին, խոսակցական բառեր չէր գործում: Վստահ էր, որևէ ժողովրդի լեզուն ներգործված է  երկրային միջավայրից՝ բնությունից: Օրինակ՝ հունարենի շեշտերը «անշուշտ նմանութիւնն են ան ելեւէջոտ շրջագիծերուն՝ ընդհանուր կապոյտի մէջ սուզուած, որոնք գեղեցիկ ու միակերպօրէն այլազան երկրին littoral էն (ծովեզերքից) կը ցայտին»: Անգլերենը մեգերի պատկերն է: Իսկ «Հայերէնը հասկնալու համար, անշուշտ մանաւանդ երկրպագելի գրաբարը, պէտք է երթալ ան երկիրը ուր Արարատը կը տիրէ ու Մեծ Հայոց լեռները. Եւ Տօրոսը կը բարձրանայ, եւ որոնց նայելու երանութիւնը չեմ գիտեր երբ պիտի տրուի իմ...գրաբարապաշտի հոգիիս»: Ինտրան մտածում էր, որ աշխարհաբարը հասցնելով  «գրաբարին ճոխութեանը»,  կհանգեցնի  նաև մտքի ճոխության, մտածելու բազմաձեւության: «...ամէն մարդ չի կրնար լեզու մը գործածել: Լեզուն ռամկացնելով... իջան ռամիկին միտքին պայմաններուն»: Գրաբարապաշտ Ինտրային Տօրոսը՝ Տավրոսը, մոտիկից տեսնելու երանությունը կտրվի, երբ  ամուսնանա: «Հեռավոր ճամփորդութիւններու ամէնէն գեղեցիկ վերջը՝ զոր Վերժինին հետ ըրինք Ատանայէնն Պոլիս գալու համար, ցամաքէն Տօրոսներու մէջէն»: Դա 1906 թվականն էր: Եվ արդեն 6 տարի է ամուսնացած էր և «Ներաշխարհ»-ն էլ՝ լույս տեսած:

Ամուրիի վերջին նամակը

Այն հասցեագրեց Մ. Կյուրճյանին: Շատ իմաստասիրական նամակ ստացվեց: Սիրահարված էր արդեն մոտ 4 տարի, վերջապես մոտեցել էր Վերժինի հետ առագաստը կիսելու հանգրվանին: Հույզերը խառնված էին, զգացումները՝ խոր: 1900, հոկտեմբեր 16-ին տեղեկացրեց ընկերոջը. «Երկուշաբթի ցորեկին սենեակիս մնաս բարով պիտի ըսեմ. Նոճիներու սենեակիս...ուր Ներաշխարհը գրեցի: Ի՜նչ սենեակ է ան. Ցաւերու, մտածումներու...: Պատին վրայ միտքս դրեցի գրել աննշմարելի տեղ մը, մեկնած ատենս.«Մնաս բարով, թշուառութիւն»:...Առագաստը ուր երկուշաբթի գիշեր պիտի մտնեմ, ո՞ւր պիտի տանէ զիս արդեօք եւ ինչ հովերով»:

Սէրը որ ամէն ինչ կ’ազնուացնէ, նոյնիս զիս...

Տիրանի լուսահոգի հայրը և Վերժին Պէյազյանի մորեղբայրը, որ հոր պես մեծացրեց իրեն՝ Նշան Ղուկասյան էֆէնտին, վաղեմի բարեկամներ էին: Մի օր Տիրանն իմացավ, որ իր հայրը տարիներ առաջ Վերժինի մորը հարցրել էր. «Մաննիկ հանըմ, աղջիկդ իմ տղուս կուտա՞ս...»: Տիրանն ասում էր, թէ հայրը նախազգացել էր, որ իրենք շատ ներդաշնակ զույգ կլինեն:

Այնպես ստացվեց, որ Չրաքյանները տեղափոխվեցին նոր տուն՝ հենց Ղուկասյան էֆէնտիի բնակության և դեղարանի հարևանթյամբ: Տիրանի սենյակը մեկ պատուհան ուներ, որ նայում էր «տաճիկ գերեզմանոցին վրայ՝ որ սակայն անուշ պուրակի մը երեւոյթն ունի... որովհետեւ գերեզմանաքարեր չկան շատ եւ մարդ գրեթե երբեք առիթ չունենար թաղուած մեռելներուն վրայ խորհելու»: Իր այս նոր սենյակը Տիրանը շատ էր սիրում տեսարանի՝ թե՛ նոճիների, թե՛ շիրմատան համար, ինչը  հավելյալ առիթ էր տալիս խորհելու կյանքի և մահվան մասին: Գրասեղան, շնագայլի մորթով պատված բազմոց, աթոռ և մահճակալ, ահա այն ամենը, ինչ կար սենյակում: Կար նաև հայելի , «որուն մէջ կը սիրեմ մտածումներուս mimique – ը դիտել»,- ասում էր: Այս սենյակի նկարագրությունը հետո հայտնվեց   «Ներաշխար»-ի էջերին: Ինչևէ, Վերժինը, որ, ի միջի այլոց,  երգում էր Ստեփան Բաբելյանի հիմնած «Օրիորդաց եւ տիկնանց» երգչախմբում, և Տիրանը սիրահարվեցին: «Երգչախումբին կիներուն ամէնէն շնորհալիներէն մին էր, ըստ իս եւ ըստ ոմանց գեղեցկագոյնը՝ իր նրբաւարտ ու երազային արդուզադի մէջ»:

«Կեանքին, ընկերութեան օրինադրած կանոններէն դուրս՝ մե՛ր իսկ գիտակցութենէն անկախաբար՝ իմ սիրտս նշանած էր քու սրտիդ, իմ անձս նշանած էր քու էութեանդ, եւ մեր հոգիները ճակատագրուած էին իրարու, որովհետեւ գերագոյն ներդաշնակութիւնը՝ Աստուած՝ պատկառելի, երկրպագելի՜ խորհուրդը բոլոր ներդաշնակութեանց, արդէն զմեզ սահմաներ էր իրարու, իրարո՛ւ համաձայն թերի ստեղծելով զմեզ, որպէս զի զիրար ամբողջացնէինք»:

Տիրանը սիրած կնոջը  բացատրում էր, որ իրենց, ինչպես ինքն է գրում,  «ալիանսը» ոչ թե կապում է իրեն Վերժինին, այլ՝ «Զիս քեզի կ’ընդխառնէ»: Եվ ինչ ահռելի բովանդակություն կա այս մեկ արտահայտության մեջ ՝ «Զիս քեզի կ’ընդխառնէ»: Այսպես՝ «Տրտմութեան ու Քաղցրութեան» իշխանուհու «խնկալի բագինի առջեւ առ յաւետ ծնրադիր», Տիրանը 4 տարի սպասեց Վերժինին: Այդ ընթացքում  սիրած էակին հիմնավորապես պատսպարեց ոչ միայն իր սրտում, այլև՝  իր «Ներաշխարհ»-ի մեջ: Իր նոր Ինտրա անունի կողքին հոլովեց  Վերժինի նոր անունը՝ Իռենա: 1900 Հոկտեմբեր 23-ին նրանց հարսանիքը եղավ:  «Հազվագիւտ հարս-փեսա մը եղանք»:

Զքեզ պաշտելէս աւելի բնական բան չկայ 

Շրջապատը հիացած էր այս «անթերի ամոլ»-ով: «Իր հարսնութիւնը... Չեմ յիշեր կեանքիս մէջ տեսած ըլլալ այնքան կատարեալ հարս որքան Վերժինն էր»: Միայն որոշ  քաղքենիներ քչփչացին, թե Վերժինի հարսանեկան զգեստի վրա վարդագույնը  և  թիկնոցի վրա՝ թավշյա զարդերը կը պակսեին:  

Իրիկուն եղավ: «...յետո գիշեր եղաւ:  Եւ, իբրեւ թէ բան մը չպատահիր կոր՝ տունինները ըստ սովորականին իրենց սենեակները  քաշուեցան եւ ես ալ, Վերժինն ալ՝ մեր սենեակը. Ինչ պարզ բան, Տէր Աստուած: ... Յետոյ լոյսը մարեցաւ: Ի՞նչ , ալ ամօթ չէ՞ ուրեմն. Բան չե՞ն ըսեր...ալ արգելք չիկայ: Զարմանալի բան. Դեռ կ’ամչնամ ցերեկը Վերժինին  քով երթալու երբ իր սենեակը եղած ըլլայ...»:

Գլխավոր լուսանկարում՝  Տիրան Չրաքյանը կնոջ՝ Վերժինի հետ

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և հեղինակի անձնական արխիվից

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter